ՀՅԴ-Ն ԱՅԼԱՍԵՐՎԵ՞Լ Է Եթե նախկինում Հայաստանի առաջին կամ երկրորդ պաշտոնյան հայտարարեր տարածքներ զիջելու պատրաստակամության մասին՝ վստահաբար Դաշնակցության արձագանքն ամենաթունդն էր լինելու։ Իսկ ինչպե՞ս են այժմ վերաբերվում այն իրողությանը, որ «արյունով գրաված հողերից մի թիզ զիջելն իսկ ազգային դավաճանություն է» կարգի կարգախոսների ալիքի վրա իշխանության եկած ուժերը ներկայումս ընդունում են, թե «խաղաղությունն էլ ի՛ր գինն ունի, եւ այդ գինը կարող է լինել որոշ տարածքների վերադարձը»։ Այս հարցը մենք ուղղում էինք խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին։ Բայց ՀՅԴ խմբակցության ղեկավարի արձագանքը մեր հարցին ստիպեց առայժմ չանդրադառնալ այլոց պատասխանններին։ Թեեւ շատ կային հանգամանալից անդրադարձի կարոտ արձագանքներ։ Ասենք, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն այսպես էր ընկալել տարածքների վերադարձման Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը. «Ես պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը համարում եմ ազդակ պրն Քոչարյանին առ այն, որ վերհիշելով 1998 թ. իշխանափոխությանը հաջորդած եւ նախորդած գործողությունները՝ ինքը նույնպես խոստովանի, որ ձախողել է Արցախի հիմնահարցի լուծումը, եւ հրաժարական տա»։ Սակայն մեջբերենք Աղվան Վարդանյանի պատասխանը, որը նախ նշեց, թե համաձայն չէ հարցի մեջ պարունակվող գնահատականի, բնորոշման հետ. «Նման՝ «արյունով գրաված հողերից ոչ մի թիզ չզիջելու» որեւէ հայտարարություն չի եղել իշխանության գալուց առաջ՝ մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր տարբերակներին՝ լրագրողները, հասարակությունը լավագույնս տեղյակ են նաեւ մեր դիրքորոշմանը, մեր հայտարարություններին։ Ավելի ամբողջական, ավելի ընդհանուր այդ դիրքորոշումն արտահայտվել է մեր նախաձեռնությամբ անցյալ տարի ԱԺ բոլոր խումբ-խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ, որտեղ նշված է այն նվազագույն սահմանը, որը կարող է դառնալ ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ մեր կողմից ընդունելի տարբերակը։ Եթե որեւէ մեկը դա չի հիշում՝ այդ սկզբունքային կետերը, պատրաստ ենք տրամադրել փաստաթուղթը՝ հիշողությունը թարմացնելու համար»։ Պատասխան սիրալիրությամբ հանդես գալով՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարին էլ խոստացանք մեր կողմից ներկայացնել փաստարկներ, որոնք կվկայեն, թե հենց այն կուսակցությունը, որն ինքը ներկայացնում է՝ ժամանակին Ղարաբաղի հարցում հանդես էր գալիս կոշտ եւ անզիջում դիրքերից։ Թեեւ նաեւ նշենք, որ հարցը տալիս՝ բնավ միայն ՀՅԴ հայտարարարությունները նկատի չունեինք։ Նրանից բոլորովին հետ չէին մնում, ասենք, Կինոյի տան հավաքին մասնակից կուսակցություններն ու մտավորականները՝ ընդդեմ պարտվողական իշխանությունների իրենց ռազմատենչ կոչերով։ Եվ որ այս մթնոլորտն էր նախորդել իշխանափոխությանը՝ յուրաքանչյուր ոք, ով չի տառապում հիշողության կորստով՝ պիտի որ հիշի։ Իրոք լավ ծանոթ ենք Արցախի վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշմանը եւ չենք մոռացել, թե Օպերայի եւ բալետի թատրոնում ՀՅԴ ստեղծման մի (կարծեմ՝ 100-րդ) տարեդարձի ժամանակ ինչպես էր ընկեր Վարանդ Փափազյանը բեմից գոչում. «Քարյուղի մի խողովակին դիմաց Արցախը ծախելու փորձերին կըսենք՝ ո՛չ»։ Եվ ամբողջ լեփ-լեցուն դահլիճն արձագանքում էր նրան. «Ո՛չ»։ Սակայն կարիք չկա անգամ այդքան ետ գնալու հիշողությունը թարմացնելու համար։ Կարող ենք մեջբերումներ անել անգամ վերջին 1-2 տարվա հայտարարություններից, որոնք որակումների մեջ այդչափ անողոք չեն, ինչպես նախկինում, բայց էլի առանձնանում են կարծրությամբ. «ՀՅ Դաշնակցությունը, փաստորեն, իր այս ընդհանուր ժողովում վերանորոգեց իր ուխտը եւ Արցախի հիմնահարցի կապակցությամբ որդեգրեց ոչ մեկ զիջում կատարելու մինչ այժմ իր որդեգրած քաղաքական վարքագիծը»,- սա դեռ նորընտիր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունն էր, որ հրապարակվեց 2000 թ. փետրվարի 17-ին։ 2001 թ. ապրիլի 16-ին տարածվել էր կուսակցության թիվ 55 շրջաբերականը, որում ՀՅԴ մարմիններին մասնավորապես ներկայացվել էր, թե իրենց ունեցած տեղեկություններով ղարաբաղյան հարցի լուծման նոր տարբերակով հայկական կողմից պահանջվելու է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները։ ՀՅԴ-ն մտահոգված էր, թե այդ տարածքները՝ «բացի այն, որ հայկական հողեր են եւ անցյալին միայն Ադրբեջանի կողմից վարչական դասավորումների բերումով դուրս են մնացել Արցախի (իմա՝ ԼՂԻՄ-ի) սահմաններից, հարցի լուծման առաջարկվելիք տարբերակում չեն նկատվում որպես Արցախի եւ ՀՀ անվտանգության համար կենսական մեծ նշանակություն ունեցող տարածքներ։ Վերջապես դրանց պահպանումով է, որ ընդարձակվում է Հայաստանի հարավային սահմանը, խոչընդոտվում է պանթուրանիզմի ծրագրի իրագործումը»։ Այս շրջաբերականի հավելվածում նշված էր, թե հարցի կարգավորման նկատմամբ դրական դիրքորոշում ցուցաբերելու պարագայում՝ «Օրվա իրավիճակից եւ միջազգային իրողությունից մեկնելով, եթե այսօր հրաժարվում ենք ազատագրված տարածքներից, կարող ենք հրաժարվել Հայ Դատի պայքարից»։ 2001 թ. հունիսի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբին, գլխավորապես պնդում էր, թե հարկավոր է Ղարաբաղի գերիշխանությունը հայտարարել «Ղարաբաղի այսօրվա փաստացի սահմանների վրա», վերաբնակեցման ծրագիր իրականացնել ազատագրված շրջաններում, այլապես բանակցություններում կտանք այն նախանշանը, «որ հոգեբանորեն արդեն զիջել ենք ազատագրված տարածքները, որովհետեւ, եթե չենք դիտում որպես Ղարաբաղի Հանրապետության մաս, ապա ի՞նչ են դրանք»։ Եվ վերջապես՝ եւս մի մեջբերում Հրանտ Մարգարյանի խոսքից, այս անգամ ԱՄՆ-ում ՀՅԴ 111-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ. «Ո՛չ մի զիջում Արցախը մայր հայրենիքին միացնող սահմաններից։ Ո՛չ մի զիջում Արցախի անվտանգության երաշխիքներից։ Ո՛չ մի զիջում բռնագրավված Շահումյանին ու Գետաշենին, Մարտակերտի դաշտային մասերին վերատիրանալու մեր իրավունքից»։ Հիշեցնենք, որ վերոհիշյալ շրջաբերականում ազատագրված տարածքները համարվում են Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող տարածքներ։ Եվ մեջբերենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի նույն խոսքից. «Մենք չենք կարող զիջել Արցախի անվտանգության երաշխիքները, մենք չենք կարող զիջել այն, ինչ արյամբ ենք ձեռք բերել»։ Կարծում ենք, այսքանն էլ բավական է հիշողությունը թարմացնելու եւ պնդելու համար, որ արյունով նվաճվածը չզիջելու կարգախոսները հնչում էին ոչ միայն իշխանափոխությունից առաջ, այլ անգամ տակավին վերջերս։ Իսկ ինչու հիմա՛ հանդուրժող դարձան ու սկսեցին իրենց համակիր լրատվամիջոցների միջոցով ընդունել, որ տարածքների վերադարձը բանակցությունների տրամաբանության, միջազգային պրակտիկայում ընդունված խաղի կանոնների հետեւանք է։ Մի՞թե սրանք գործոններ չէին նաեւ տարիներ առաջ։ Ի՞նչ փոխվեց այժմ։ Մի՞թե պատճառը գործադիր իշխանության մեջ դաշնակցականների ավելացումն է։ Աղվան Վարդանյանը խոստացավ մեկնաբանություններ ներկայացնել, երբ մենք կապացուցենք մեր որակման իսկությունը։ Սպասում ենք։ Հուսով ենք, պատասխան կստանա նաեւ այն հարց-մտավախությունը, որ ՀՅԴ նույն թիվ 55 շրջաբերականում էր հնչեցվել այն շրջադարձի պարագայում, եթե ՀՅԴ-ն ազատագրված տարածքների վերադարձը ներառող կարգավորման ծրագրի հանդեպ դրական դիրքորոշում ցուցաբերի. «Չի՞ ծավալվելու մի համընդհանուր հակաքարոզչություն, որ Դաշնակցության կենտրոնը ՀՀ տեղափոխվելով, ՀՅԴ օրվա ղեկավարությունը իշխանական տաքուկ աթոռներին տիրանալով, իշխանության կերակրասեղանին մոտ գտնվելով, իշխանությունների ուղղակի ազդեցությունը կրելով այլասերվել է եւ իշխանությունների հետեւորդի դերում է հայտնվել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ