Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՅՐԱԿԱՆ ԵՐԳ ԵՐԳՈՑԸ»

Մարտ 07,2002 00:00

«ՄԱՅՐԱԿԱՆ ԵՐԳ ԵՐԳՈՑԸ» 25 երկար տարիների տքնաջան աշխատանքից հետո լույս ընծայվեց բանասիրական գիտությունների թեկնածու Սամվել Իսկանդարյանի կազմած «Աշխարհի պոետները մոր մասին» ժողովածուն։ Բանաստեղծությունների յուրօրինակ այս ժողովածուն շուրջ 4500 տարվա պոեզիա է ընդգրկում, եւ թերեւս առաջին անգամ է, որ ի մի են բերվել աշխարհի հանճարեղ պոետների լավագույն բանաստեղծությունները մայրերի մասին։ Դեռեւս ուսանողական տարիներին, հեղինակն արտագրում էր ճանաչված պոետների բանաստեղծությունները, նշանավոր մարդկանց խոսքերը՝ ձոնված մայրերին. «Եվ իմ երազներում կազմել էի մի ժողովածու, որն ամբողջությամբ նվիրել էի մայրերին։ Մտովի տեսնում էի գիրքը շքեղ նկարազարդումներով, աշխարհի մեծ նկարիչների գործերով հագեցած։ «Մայրական երգ երգոցը», ըստ իս, բաժանել էի երեք մասի՝ «Աշխարհի բանաստեղծները մոր մասին», «Աֆորիզմներ», «Առածներ եւ ասացվածքներ»։ 1996թ. լույս տեսավ «Մայրական առածանին»։ Այսօր արդեն ընթերցողի ձեռքին է «Աշխարհի պոետները մոր մասին» ժողովածուն։ Մայրական սիրո թեման ամբողջական ներկայացնելու ձգտումով Իսկանդարյանը թարգմանել է մի շարք հեղինակների՝ Ինյակի Սաբալետայի (Իսպանիա), Բուալեմ Խալֆայի (Ալժիր), Լուիս Կորդերոյի (Էկվադոր), Հասան Միրզայի (Իրան), Ստելլա Նհատոյի (Քենիա) գործերից, որոնք առ այսօր չէին թարգմանվել հայերեն։ Վերջիններս եւս զետեղվել են «Աշխարհի պոետները մոր մասին» ժողովածուում, լիակատար դարձնելով մայրերին նվիրված խոսքերը, աղոթքն ու մրմունջը… Առաջիկայում լույս կտեսնի «Աֆորիզմներ եւ ասացվածքներ մայրերի մասին»-ը՝ ամբողջացնելով «Մայրական երգ երգոցը»։ ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել