Մի՛ պղծեք մեր նվաճումները Մի՞թե այսչափ ցածր է մեր որակը… Ի՞նչ է սա. գենետիկայի վերջնական աղավաղո՞ւմ, թե՞ ի սկզբանե այս ենք եղել։ Արթուր Բաղդասարյան, հարցրու մորդ, թե քեզ ինչ լեզվով է օրորոցային երգել եւ ինչ լեզվով կանչել՝ անուշիկ, քաղցրիկ բալիկս։ Եթե ոչ հայերենով, ուրեմն նա էլ թող կիսի քեզ ասված իմ խոսքերի ծանրությունը։ Այսինքն, դու որոշել ես, որ հայը միայն այն քաղքենին է, որը ոչ հեռու անցյալում իր սեւաչ, սեւահոնք երեխաների ձեռքերը բռնած ռուսական դպրոցների ամրոցներն էր պաշարում ու կաշառքով, ծանոթություններով ներս սպրդում, որպեսզի հետո իր բալիկը բերանը արհամարհանքով ծռմռելով ծաղրեր հայախոս (հայկական կրթություն ունեցող) երեխաների ոչ այնքան վարժ ռուսերենը, իսկ ինքը հպարտ- հպարտ հայտարարեր, որ չի հասկանում գրական հայերենով իրեն դիմողներին։ Այսինքն, անտղամարդ գյուղ ես մտել եւ թուրդ աջ ու ձախ կտրո՞ւմ է։ Խորհուրդ կտայի իրականության զգացումը չկորցնել. եթե անգամ բոլոր հայ տղամարդիկ (հատկապես ԱԺ դահլիճի աթոռները վարձակալած) պատիվ, արժանապատվություն, ինքնահարգանք, ինքնագնահատում բառերի ձեւն ու բովանդակությունը կորցրել են, կանանց մեջ կգտնվեն նրանք, որ քո նմանների ճանապարհին կկանգնեն։ Կկանգնեն ու թույլ չեն տա, որ քո նմանները պղծեն 88-ի մեր ամենամեծ, ամենաիրական, ամենալիարժեք եւ ամենաանառարկելի նվաճումը՝ հայ քաղքենու ձեռքերով հոգեվարքի շեմին հասցված մեր լեզվի հոգեդարձը։ Մեր ժողովրդի համար մահմեդականություն ընդունելը ավելի պակաս չարիք է, քան լեզուն կորցնելը։ Եթե մենք չպիտի լինենք, ուրեմն էլ ինչո՞ւ ենք արյուն թափել, լլկանքներ կրել։ Եկեք ի լուր աշխարհի հայտարարենք, որ մենք 11-րդ դարում այս կողմերում հայտնված թրքալեզու ցեղախմբերից մեկի մոլորյալ հետնորդներն ենք, որ 1000 տարի կորսվել էինք, չգիտես ինչու, Հայկական կոչվող այս բարձրավանդակում։ (Կապ չունի, որ անգամ մեր գանձի տեսակը շատ ուրիշ է, եթե մոռանանք նույնիսկ մեր լեզուն)։ Եվ կապրենք կուշտ ու երջանիկ (նույնիսկ թուրքերի մեջ կլինենք ամենաբարձր խավերից մեկը)։ Այսօր թուրք դառնալը մեզ համար ավելի ձեռնտու տարբերակ է, քան թե ռուսների համար հերթական անգամ ձրի վարձկաններից բաղկացած ջոկատ լինելը, որը կուրորեն պաշտպանում է նրանց հարավային «աշխարհաքաղաքականությունը»։ Թուրքը դա Ամերիկան է, մեզ պե՞տք է տանուլ տված Ռուսաստանը։ Ի՞նչ կասես, Արթուր։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ Հ. Գ. Ի տարբերություն քեզ, ես շարադրել եմ սեփական մտքերս եւ դավանում եմ սեփական սկզբունքներիս։ Մեր ընթերցողի այս նամակի առավել կոշտ արտահայտությունները խմբագրվել են։