Ի գիտություն «կարգավորման» կողմնակիցների Ինչպես դուք եք կարծում՝ ղարաբաղյան հիմնախնդրի «կարգավորման» կողմնակիցներդ, բազմիցս պատասխանել ենք եւ դեռ պատասխանելու ենք։ Պատասխանելու ենք, քանզի չենք ուզում, որ տեւականորեն անվտանգ երկրում ապրելու մեր իրավունքը աշխարհաքաղաքական շահեր հետապնդող օտարները եւ առեւտրական շահեր հետապնդող մեր քաղաքական գործիչները վերածեն ընդամենը «կարգավորման խնդրի»։ Պատասխանելու առիթը ոճրագործության զոհ դարձած Վազգեն Սարգսյանի եւ ակնհայտ քաղաքական պատճառներով ազատազրկված Սամվել Բաբայանի անունների անպատասխանատու հիշատակումն է։ Պնդումը այն է, որ «ոչ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ոչ էլ լուսահոգի Վազգեն Սարգսյանը, ի դեպ, երբեւիցե կասկածի տակ չեն դրել» «ազատագրված տարածքների մասնակի վերադարձը», բացահայտ սուտ է։ Մարդիկ, ում վերագրվում են տեսակետները, մեկն այսօր, մյուսը, ցավոք, երբեք, չեն կարող պատասխանել ստախոսին։ Իսկ նրանք ոչ միայն կասկածի տակ են դրել «վերադարձը» (հայը կասեր հանձնելը կամ նույնիսկ ծախելը), այլ ավելին, Վազգեն Սարգսյանը Ստեփանակերտում, ղարաբաղյան շարժման տասնամյակին նվիրված տոնական հավաքի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը տասը տարի հետո կարող է զղջալ, որ չի համակերպվել պատերազմի այսօրվա արդյունքների հետ, ինչպես որ այսօր զղջում է 10 տարի առաջվա մեր պահանջները չընդունելու համար։ Եվ սա նրա միակ այս կարգի հրապարակային արտահայտությունը չէ։ Բացի այդ, Վազգեն Սարգսյանն էլ ավելի արմատական արտահայտություններ է ունեցել բազմաթիվ առանձնազրույցներում եւ նեղ շրջանակով հանդիպումներում։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա ավելի բարոյական կլիներ չզրկել նրան ազատորեն արտահայտվելու իրավունքից կամ առնվազն չմեջբերել՝ քանի դեռ նա կալանավորված է։ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Երեկ ԱԺ-ում տարածվել էր վերոնշյալ պատասխանը, որից մի հատված ներկայացվեց: