ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՆ ԴԻՄՈՒՄ Վերջին 3 տարիների ընթացքում աշխարհի 26 զարգացած երկրների իշխանություններին ապաստանի հայցով դիմած ՀՀ քաղաքացիների թիվը, ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի տրամադրած տվյալների, անցած տարի, 1999թ. նկատմամբ նվազել է 8,4%-ով։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում տարեցտարի աճում է ապաստան տրամադրելու հայցով ներկայացվող դիմումների թվաքանակը։ ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների թվաքանակի նվազման միտումը կարելի է բացատրել հյուրընկալ երկրների էմիգրացիոն հսկողության համակարգի խստացմամբ։ Բացի այդ, նշված նվազմանը նպաստել է մեր հայրենակիցներին օտար երկրներում սպասվող վիճակի իրատեսական եւ օբյեկտիվ ներկայացումը զանգվածային լրատվության միջոցներով, որը շատերին հետ է պահում պատրանքներով եւ իրավիճակի ոչ ճիշտ իմացությամբ պայմանավորված կասկածելի ճամփորդության գաղափարից։ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության լրատվական ծառայություն Վարչ. պետ՝ Գ. ԵԳԱՆՅԱՆ Թեեւ առանձնապես արժանահավատ չեն ներկայացվող պաշտոնական թվերն ընդհանրապես, բայց, իհարկե, լավ է, որ այլ երկրներում ապաստան հայցող մեր հայրենակիցների թիվը նվազում է։ Բայց իսկական լավն այն կլիներ, որ այդ թիվը նվազեր ոչ թե հյուրընկալ երկրի անհյուրընկալության պատճառով, այլ մեր երկրում կենսամակարդակի բարելավման շնորհիվ։