Եվս մի գյուղափրկիչ Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը ավելի քան համոզված է, որ հենց իրենց ծրագրում է թաքնված գյուղի փրկության, գյուղատնտեսության մասնավոր հատվածի զարգացման բանալին։ Իսկ որոշ նախարարություններ, իբրեւ հակակշիռ, միտումնավոր վերցնում ու ստեղծում են «գրպանային միություններ»՝ գյուղացիական միությունները պառակտելու նպատակով։ Հ. Բերբերյանը հայտարարեց, որ հանրապետության 9 մարզպետարաններում քննարկվել է իրենց ներկայացրած գյուղափրկիչ ծրագիրը՝ արժանանալով մարզպետների հավանությանը, որոնք եւս «համոզված են, որ ավելի հեշտ է աշխատել 3-4 գյուղական միությունների, քան մոտ 50 հազար ֆերմերային տնտեսությունների հետ»։ Խոսքն առավել ազդեցիկ ու կարեւոր դարձնելու ակնկալիքով Ագրարագյուղացիական միության նախագահը անգամ հայտնի ասացվածքը հիշեց («Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»), դրան ի հակադրություն արձանագրելով արարատցի շուրջ 1000 գյուղացիների՝ մթերված ապրանքի դիմաց մինչեւ այժմ չստացած գումարների փաստը։ Իր ծրագրից զատ՝ Հ. Բերբերյանը հարկ համարեց ներկայացնել նաեւ գյուղնախարարության հրապարակած 1998 -2000թթ. ծրագիրը (հեղինակ՝ Հովսեփ Քլոյան)՝ որակելով այն «չինովնիկի կողմից կաբինետում ստեղծված» ու «գյուղի հետ կապ չունեցող» ծրագիր։ Հ. Բերբերյանը մտավախություն ուներ, որ ներկայումս էլ «երեւի կաբինետում նստած՝ ծրագիր են գրում հետագա 10 տարիների համար», այն դեպքում, երբ նախորդները «քնած են» չինովնիկական գզրոցներում։ Ու քանի որ, վերջինիս կարծիքով, իշխանությունները մտադիր են ամեն գնով «անցկացնելու նոր կաբինետային ծրագիր», գյուղացիները պետք է համախմբվեն գյուղացիական միություններում, որպեսզի «մթերում կազմակերպող ընդամենը 10 գործարաններ նորից չկարողանան իրենց գները թելադրել իրենց»։ Իսկ մինչեւ աշուն նախատեսված է 38 կառույցներում ունենալ նման միություններ։ Հ. Բերբերյանը մեղադրեց պետությանը, որ փոխանակ մասնավոր սեկտորին հովանավորելու՝ հաճախ աշխատում է նրա փոխարեն։ Ըստ նրա՝ գյուղատնտեսության նախարարությունն էլ «գնացել է աբսուրդ քայլի՝ որոշելով 3,5 մլն դոլար վարկով գյուղացու փոխարեն գարի ցանել»։ Բերբերյանը նաեւ գտնում է, որ պետական սեկտորից պետք է հանել անասնաբուծությունը։ Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահը վստահ է, որ բյուջետային ու գրանտային բոլոր խոշոր ծրագրերը պետք է հանձնել գյուղացուն՝ փոխարենը նրանից պահանջելով աշխատանքի արդյունք։ Նա հանցագործ համարեց բոլոր նրանց, ում մեղքով արդեն 10 տարի ներկրվում եւ օգտագործվում է միայն ազոտական պարարտանյութ՝ «հողում ստեղծելով դիսբալանս» ու վնասելով բերքատվությունը։ Լրագրողների համառ հետաքրքրասիրությանը տեղի տալով՝ Հ. Բերբերյանը նաեւ հիշեց, որ ՀՀ կառավարությունը թիվ 587 որոշմամբ իրենց միությանը լիազորել է բանակցություններ վարել հայ-հոլանդական ներդրումային ծրագրի շուրջ։ Նրա խոսքերով՝ իրենց հանձնարարված է եղել ծրագիրը համապատասխանեցնել հոլանդացիների պահանջներին։ Ագրարագյուղացիական միությունը այդ աշխատանքի դիմաց պետք է ստանար 25 մլն 620 հազար դոլար։ Ու թեեւ «մինչ այժմ ոչինչ էլ չի տեսել», սակայն այնքան է տքնել, որ շուտով ներդրումային ծրագրի շրջանակներում «առաջիկա սերնդի համար կստեղծվեն ձեթի ու շաքարի հսկա գործարաններ, ուր ամեն բանվոր կստանա 400 դոլար աշխատավարձ ու կարտադրվեն ամենաորակյալ ու էժան ձեթն ու շաքարը։ Թե չէ, ըստ նրա, «հիմա ով ասես ձեթ է արտադրում եւ զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ Աֆրիկայում էլ են ձեթ ստանում, մթերքը մահակներով թակելով»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ