Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ», ՀԵՏՈ՝ ԹԵՅ, ՄՈՒՐԱԲԱ

Մարտ 07,2002 00:00

ՆԱԽ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ», ՀԵՏՈ՝ ԹԵՅ, ՄՈՒՐԱԲԱ «Արմենիկում» կլինիկան հյուրանոցի համար շատ հարմար է, այն էլ՝ բարձրակարգ հյուրանոցի։ Կլինիկան բացվելիս մի քանի պատգամավորներ ցանկություն հայտնեցին այդտեղ պառկելու՝ անգամ սպիդով վարակվելու գնով։ Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես մեզ հասած տեղեկությունններն են, ապա շուտով այդ եւ ուրիշ պատգամավորներ այնտեղ պառկելու հնարավորությունը կունենան՝ հաջողությամբ շրջանցելով սպիդը։ Մեզ հասած չճշտված տեղեկություններով, 2001-ի դեկտեմբերին այստեղ կար ընդամենը մեկ հիվանդ։ Հիմա նա էլ է լքել կլինիկան։ Կոլեկտիվը 6 ամսից ավելի աշխատավարձ չի ստացել։ Մի մասը, հիմնականում բժիշկներ, հեռացել է կլինիկայից, իսկ մյուս մասին՝ հիմնականում միջին եւ ստորին բուժանձնակազմից, ներքին կարգով խորհուրդ են տվել այլ աշխատանք փնտրել։ Դարձյալ, ըստ չճշտված տեղեկությունների, «Արմենիկում» ծրագրի վարկավորում կատարել է ներկայումս պայթած բանկերից մեկը (ամենայն հավանականությամբ, դա կամ «Հայկապն» է, կամ «Արդշինբանկը», որոշ տեղեկություններով՝ նաեւ «Միավորված բանկը»)։ «Արմենիկումի» «հաղթարշավը», ինչպես գիտեք, հատել էր Հայաստանի սահմանները՝ գրասենյակներ հիմնելով Վրաստանում եւ Ուկրաինայում։ Վրաստանից տեղեկություններ չունենք, իսկ Ուկրաինայի հարցում արմենիկումցիները մի քիչ շտապել են։ Այնտեղ հսկայական ներդրումներ կատարելուց եւ գրասենյակ բացելուց հետո Ուկրաինայի խորհրդարանը չի հաստատել դեղամիջոցի փորձարկման թույլտվությունը։ Հասկանալի է, որ գրասենյակը մեռել է՝ իր հետ թաղելով ներդրումները։ Ասում են, այս գործին անմասն չի մնացել ամերիկյան ինչ-որ կազմակերպություն՝ այդ ընթացքում միլիոնավոր դոլարների դեղամիջոցներ նվիրատվություն կատարելով Ուկրաինային։ Այս ամենը ոչ միայն հերքելու, այլեւ «Արմենիկումի» մասին ընդհանրապես խոսելու մեր խնդրանքը մերժեցին դրան առնչվող գրեթե բոլոր անձինք։ Արդյո՞ք շարունակվում են «Արմենիկում» դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, ի՞նչ վիճակում է այժմ կլինիկայի ամենահայտնի պացիենտ Նիկոլայ Կոլեսնիկովը՝ այս եւ հարակից հարցերի պատասխանները ստանալու համար «Արմենիկում» տեղեկատվական կենտրոնից մեզ «ուղարկեցին» «Արմենիկում» կլինիկա, այստեղից՝ բնականաբար, հակառակ ուղղությամբ։ Մի քանի «փոխհրաձգություններից» հետո ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանի գործավարուհին հայտնեց, որ իր ղեկավարը տեղեկացված է մեր ցանկության մասին եւ որ իրենք կզանգեն։ Այն զանգելն է։ Մինչ այդ մի քանի անգամ էլ որպես մեր հարցերի հասցեատեր նշվել էր «Էմիլ Սամսոնիչը»՝ դեղերի գործակալության տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը։ Վերջինս էլ, զրույցի թեման իմանալուց հետո, գործավարուհու միջոցով տեղյակ պահեց, որ ինքը «որեւէ մեկնաբանություն անել չի կարող, բոլոր հարցերով դիմել Լեւոն Արտյոմիչին, նույն իրեն՝ Լեւոն Գեւորգյանին։ Վերջինիս գրասենյակից հաղորդեցին միայն, որ Կոլյան անընդհատ հսկողության տակ է։ Որ «Արմենիկումի» բուժման մեկ կուրս անցնելուց հետո նրա իմունային համակարգն այնքան է ուժեղացել, որ գրիպը բուժել է թեյով եւ մոշի մուրաբայով։ Թե ինչ ասել է անընդհատ հսկողություն, փորձեցինք պարզել Կոլյայի բուժող բժշիկ, «Արմենիկում» կլինիկայի դիագնոստիկ բաժնի վարիչ Հարություն Շահբազյանից։ «Կոլյայի հետ կապերը շատ սերտ են»,- հեռախոսով հայտնեց վերջինս։ «Ինչպես է արտահայտվում այդ սերտ լինելը» մեր հարցին բժիշկ Շահբազյանը պատասխանեց. «Ձեր իմացած կապերը չեն»։ Ավելի ստույգ ինֆորմացիայի համար պրն Շահբազյանն «ուղարկեց» իրենց «ադմինիստրատորի» մոտ։ Վերջին անգամ իր պացիենտի հետ կապի մեջ եղած լինելու ժամկետի մասին մեր հարցին բժիշկն ասաց. «Այսօր, այս պահին չի զանգել»։ Հետո վերհիշելով մեր հեռախոսազրույցի սկզբում հայտնած իր դժգոհությունը մամուլից՝ «Մի բան լսում, ուրիշը՝ գրում են», Հարություն Շահբազյանը եզրակացրեց. «Ես ձեզ բան ասացի՞. ես ոչինչ չեմ ասել»։ Իսկ ասելու համար պրն Շահբազյանին անհրաժեշտ էր երկու օրից վերադառնալ արձակուրդից, որում նա գտնվում էր այդ պահին, եւ մեր բախտն էր բերել՝ նրան կլինիկայում բռնացնելու։ Իսկ բժշկին, ինչպես պարզվեց երկու օր հետո, ավելի հեշտ էր բռնացնել արձակուրդի ժամանակ, քան աշխատանքի։ Ավելի ճիշտ, աշխատանքի ժամանակ անհնար էր։ Իսկ տեսնես ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը, եթե կլինիկայում հիվանդ չկա, իսկ բոլոր պատասխանատուները, մեղմ ասած, փախչում են ցանկացած հարցից՝ խուսափելով նույնիսկ իրենց «Արմենիկումը» գովազդելու հեռանկարից։ Իսկ գուցե գովազդելու բա՞ն չկա։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել