ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը. «Խաղաղությունն էլ ի՛ր գինն ունի։ Եվ այդ գինը կարող է լինել որոշ տարածքների վերադարձը»։ «Առավոտն» այս հարցն ուղղեց երկու գործիչների, որոնց համար «որոշ տարածքներ» զիջելու հարցը վճռորոշ դարձավ 1998-ի իշխանափոխության պարագայում։ Ալբերտ Բազեյան. «Միանշանա՛կ համաձայն չեմ պաշտպանության նախարարի այդ տեսակետին։ Խաղաղությունը ոչ միայն մեզ՝ Հայաստանին է անհրաժեշտ, այլ նաեւ Ադրբեջանին։ Նույն խաղաղությունը եւ տարածաշրջանային կայուն իրավիճակն անհրաժեշտ է նաեւ միջազգային հանրությանը, որոնք շահագրգռված են Ադրբեջանի նավթով։ Այնպես որ, առաջարկված «տարածք՝ խաղաղության դիմաց» բանաձեւն անընդունելի է։ Դա նաեւ «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումն է։ Հայաստանը եւ այն պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են հարցի լուծման համար, չպետք է հայտարարեն միակողմանի զիջումներ անելու պատրաստակամության մասին, քանի ո՛րեւէ զիջում անելու պատրաստակամության մասին չի հայտարարել Ադրբեջանը»։ Անդրանիկ Մարգարյան. «Ոչ միայն վերջին 3 տարում, այլ 4-5 տարի առաջ էլ կային խոսակցություններ մոտեցումների, ճանապարհների վերաբերյալ։ Այսօր ոչ մի հստակ նոր առաջարկ, մինչեւ անգամ՝ Փարիզում կամ Ֆլորիդայում եղած առաջարկները, չեն պարունակում նմանատիպ խնդիրներ։ Ընդհանուր մոտեցումներ կարող ենք արտահայտել յուրաքանչյուրս, բայց երբ որ պահը գա որոշում կայացնելու՝ ՀՀԿ-ն եւ ես՝ որպես դրա ներկայացուցիչ, բազմիցս ասել ենք, որ այս հարցը որեւիցե կաբինետում չի լուծվում։ Ոչ մեկի՝ իմ կամ Ազգային ժողովի որեւիցե քաղաքական ուժի ցանկությամբ չի լուծվելու։ Սա պետք է լուծվի, եւ մենք, գոնե ամբողջ ժողովրդի մեծամասնությունը, պիտի համերաշխության գանք լուծման առումով»։ Ա. Ի.