Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվիրվա՞ծ էր արդյոք Պողոս Պողոսյանի սպանությունը

Մարտ 07,2002 00:00

Պատվիրվա՞ծ էր արդյոք Պողոս Պողոսյանի սպանությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում վկայակոչված է նաեւ Պողոս Պողոսյանի սպանությունն «Առագաստ» սրճարանում։ Ըստ զեկույցի, Պողոս Պողոսյանը ներկայացվում է որպես ՀՅԴ լիդեր (հավանաբար նկատի է առնվում Ջավախքի ՀՅԴ կազմակերպության ոչ երկրորդական անդամությունը)։ Պետդեպարտամենտի զեկույցում Պողոս Պողոսյանի սպանության դեպքը նշվում է հետեւյալ կերպ՝ ականատեսների վկայությամբ՝ նախագահ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանել են Պողոսյանին այն բանից հետո, երբ վերջինս վիրավորական խոսքեր է ասել նախագահին։ Արդյո՞ք սա կարելի է հասկանալ (ըստ զեկույցի)՝ որպես պատվիրված սպանություն։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի տեղեկատվության, Պետդեպարտամենտի զեկույցում, բացի Պողոս Պողոսյանի սպանության դեպքից, նշված են Հայաստանին վերաբերող այլ տվյալներ եւս։ Ըստ այդմ, 2001 թ. Հայաստանի կալանավայրերում արձանագրվել է 27 մահ, այդ թվում՝ 18-ը՝ բանտերում։ Նույն թվականին բանակում արձանագրվել է 92 զինծառայողի մահվան դեպք։ Պետդեպարտամենտի զեկույցի այլ մանրամասների կանդրադառնանք ավելի ուշ։ Այժմ ներկայացնենք այն, ինչ խոստացել էինք նախորդ համարում։ Պողոս Պողոսյանի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանը եւ նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Սահակյանը հարմար են գտել վերաքննիչ դատարան ուղարկվող իրենց բողոք-դիմումի մեջ ուշադրություն հրավիրել Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռում մի շարք, մեղմ ասած, անճշտությունների։ Մասնավորապես, նշենք դրանցից մի քանիսը։ Համաձայն ՀՀ Քրդատօրի 398 հոդվածի 1-ին մասի՝ «Քրեական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների եւ այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով՝ խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»։ Փաստաբանը եւ նրա վստահորդը գտնում են, որ նախաքննության եւ դատաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ։ «Դատարանը մերժեց մեր միջնորդությունները՝ որպես վկաներ հրավիրելու եւ հարցաքննելու դեպքին ականատես անձանց՝ Ռոման Բալայանին, նրա կնոջը եւ աղջկան, սպանության վայրում գտնվող եւ ՀՀ նախագահի մի քանի թիկնապահներից անմիջապես հետո զուգարան մտած Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստեֆան Նյուտոնին եւ նրա գործընկերուհուն, ԵՊՀ-ի դասախոս Հրանուշ Խառատյանին, նրա միջոցով դեպքին ականատես իր նախկին ուսանողներ Կարենի եւ Գայանեի տվյալները պարզելու եւ հարցաքննելու համար, դեպքի նախորդող պահին ՀՀ նախագահին ուղեկցող թիկնապահներին, եւ այլն, եւ այլն»։ Վերաքննիչ դատարան ուղարկվելիք դիմում-բողոքի մեջ նշված է, որ հիշյալ անձանց հարցաքննությունների միջոցով հնարավոր կլիներ պարզել. արդյո՞ք թիկնապահներից միայն Աղամալ Հարությունյանն է Պ. Պողոսյանի հետ մտել զուգարանի տարածք, թե՞ եղել են նաեւ այլ թիկնապահներ։ Մանավանդ, գործով հարցաքննված վկաներ Ստեփան Նալբանդյանը, Վարուժան Ծառուկյանը, նաեւ՝ Ստեֆան Նյուտոնը հայտնել են, որ զուգարան է մտել եւս մի քանի թիկնապահ։ Բողոքի մեջ նշված է, որ դատարանն անհիմն մերժեց նաեւ Ստեֆան Նյուտոնի զեկույցը որպես ապացույց ճանաչելու եւ գործին կցելու մասին միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ այն «լուսապատճեն է եւ պատշաճ կարգով հաստատված կամ վավերացված չէ»։ Փաստաբանը եւ նրա վստահորդը հայտնում են վերաքննիչ դատարանին, որ «այդ փաստաթուղթը լուսապատճեն չէ, այլ էլեկտրոնային փոստի միջոցով ստացված փաստաթուղթ է եւ վավերացված է պատշաճ կարգով։ ՀՀ հյուպատոսական ծառայության մասին օրենքի 50-53 հոդվածների համաձայն, Ս. Նյուտոնի ստորագրությունը հաստատված է Ռումինիայում Մեծ Բրիտանիայի հյուպատոսի ստորագրությամբ եւ կնիքով»։ Վերաքննիչ դատարանին ուղղված բողոքում մասնավորապես նշված է նաեւ, որ դատավորը եւ մեղադրողը նպատակ էին հետապնդում՝ որքան հնարավոր է արագ ավարտել ՀՀ նախագահի մի խումբ թիկնապահների կողմից Պողոս Պողոսյանին դիտավորյալ սպանելու փաստի առթիվ քրգործի քննությունը եւ պատասխանատվության ենթարկել միայն մեկ անձի, այն էլ միայն անզգույշ սպանության համար։ Սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը գտնում է, որ այդպիսով դատարանը եւ նախաքննության մարմինը «արջի ծառայություն» են մատուցել ՀՀ նախագահին։ Դատավարության վերջին նիստի ժամանակ Անդրանիկ Պողոսյանը լքեց դահլիճը՝ հայտարարելով, թե չի հավատում արդար դատաքննությանը։ Նա ասել էր նաեւ, որ այս դատավարությունը կդառնա նախագահ Քոչարյանի հրաժարականի սկիզբը։ Առայժմ ոչ ոք հրաժարական չի տվել, իսկ վերաքննիչ դատարան բողոքը, թերեւս, կուղարկվի այսօր։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել