Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 07,2002 00:00

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ում երեկ ազդարարվեց, թե Սահմանադրության՝ նախագահ Քոչարյանի առաջարկած փոփոխությունների վրա ծախսվել է շուրջ 100 հազար դոլար։ Սկզբնապես մտավախություն կար, թե Սահմանադրական քննարկումները կարող էին զբաղեցնել ողջ նստաշրջանը։ Սակայն ընդամենը մեկ եռօրյայում ավարտին մոտեցավ խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագծի քննարկումը, որի վերաբերյալ երեկ ընդամենը 5 պատգամավոր ելույթ ունեցավ։ Հաջորդ եռօրյայում կլսեն նաեւ խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետը եւ կանցնեն նախագահի առաջարկած փոփոխություններին։ Սակայն «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը, որը ներկա էր քննարկումներին, «Առավոտի» հարցին, թե արդյոք այս հապճեպությունն իրեն չի՞ նյարդայնացնում եւ, ինչպես զգուշացնում էր Հրանտ Խաչատրյանը, վտանգ չի՞ տեսնում, թե այս ամենից ստամոքսի խոց կստանա, պատասխանեց բացասաբար. «Քննարկումները պասիվ են, կարելի է ասել՝ անկիրք»։ Այսինքն, սպասում էր, թե ԱԺ դահլիճում շեքսպիրյան կրքե՞ր են բորբոքվելու. «Քաղաքական լուրջ հարց է քննարկվում, եւ մի քիչ անհասկանալի է պատգամավորների պասիվությունն այս քննարկումների ժամանակ»։ Բավական տարտամ այս քննարկումների ընթացքում, այսուհանդերձ, փոքրիկ սկանդալներ էլ եղան։ Այսպես, ի պատասխան Վազգեն Խաչիկյանի հետաքրքրությանը, թե գուցե 6-յակը դրամաշնո՞րհ է ստացել այս Սահմանադրությունը գրելու համար, Շավարշ Քոչարյանն ամբիոնից հայտարարեց, թե նախագահի տարբերակի վրա է ծախսվել շուրջ 100 հազար դոլար։ «Կարծում եմ, երկու կասկածներն ու պատասխաններն էլ իրար արժեին։ Երկուսն էլ ավելորդ էին»,- մեզ ասաց Տիգրան Թորոսյանը։ Իսկ Վազգեն Խաչիկյանն ասաց, թե չի պնդում, որ 6-յակը դրամաշնորհ է ստացել. «Ես պարզապես հետաքրքրվում էի, որը բնական է»։ Նաեւ նշեց, որ եթե անգամ դրամաշնորհ ստացած լինեին՝ բացասաբար չէր գնահատի։ Ի դեպ, նշենք, ռադիոյով ԱԺ աշխատանքներին հետեւողներից շատերն այն տպավորությունն էին ստացել, թե Շավարշ Քոչարյանն է նախագծի վրա 100 հազար դոլար ծախսել։ Երեկ 2-3 հոգի զանգահարել «Առավոտ»՝ ցանկանում էին պարզել, թե որտեղից պատգամավորին այդքան գումար։ Արդեն պարզ է, որ խոսքը նրա ազգանվանակցի՝ նախագահի մասին է։ «Ո՛չ մի լումա, ո՛չ մի ցենտ այս ամբողջ աշխատանքի համար չենք ստացել,- «Առավոտին» ասաց Շավարշ Քոչարյանը։- Իմ հաշվարկներով, սակայն, առնվազն 100 հազար դոլար ծախսվել է միայն Վենետիկ գործուղումների համար կամ, որ մասնագետները գան Հայաստան։ Ես չեմ պնդում, թե դա պետբյուջեից է, դրամաշնորհից եւ այլն»։ Տիգրան Թորոսյանն ԱԺ ամբիոնից արդեն պարզաբանել էր, որ գրեթե բոլոր ծախսերը ստանձնել է Վենետիկի հանձնաժողովը (ի դեպ, պատգամավորներից մեկն այն անվանեց Վատիկանի հանձնաժողով)։ Ի հավելումն, պրն Թորոսյանը մեզ հայտնեց. «Ծանոթ լինելով նախագահի նախագծի փորձաքննության գործընթացին՝ կարող եմ ասել, որ, բնականաբար, ծախսեր արվել են, որովհետեւ ե՛ւ Վենետիկի հանձնաժողովից է պատվիրակություն եկել Երեւան, ե՛ւ Երեւանից են գնացել պատվիրակություններ։ Բայց այդ բոլոր ծախսերը կատարվել են ո՛չ Հայաստանի հաշվին, այլ Վենետիկի հանձնաժողովի բյուջեի շրջանակներում։ Տարբեր կազմակերպությունների անդամության համար տարեկան բավականին կլորիկ գումար ենք մուծում եւ, կարծում եմ, շատ օգտակար կլինի, եթե այդ գումարներն օգտագործելու մեջ մասնակցություն ունենանք»։ Մյուս սկանդալն էլ երկրորդ աստիճանի թարմության էր։ Արդեն երկրորդ օրն է՝ տարբեր պատգամավորներ (ասենք՝ Համլետ Հարությունյանը) խորհրդարանում հայտարարում են, որ 6-յակի նախագիծն ուղղակի արտագրված է՝ Իտալիայի կամ Մոլդովայի նույնպես խորհրդարանական կառավարում նախատեսող սահմանադրություններից։ Ոմանք հաջողեցրել էին անգամ թարգմանական սխալներ հայտնաբերել։ «Բազմաթիվ են նման սխալները,- «Առավոտին» ասաց Վազգեն Խաչիկյանը։- Իհարկե, չեմ կարող պնդել, բայց դատելով լեզվական տեխնիկայից՝ այս նախագիծը պարզապես թարգմանված է։ Օրինակ, «դա» բառը հայերենում չի կիրառվում։ Կա՛մ ռուսերեն մտածելակերպի արդյունք է կամ, իսկապես, թարգմանված է։ Դրանից բացի, իրավաբանական տեխնիկայի տեսակետից, կան բառեր, որոնք կիրառելի չեն։ Եվ հակառակը՝ կան բառեր, որոնք կիրառվում են, բայց այս դեպքում կիրառված չեն»։ «Ո՛րեւէ Սահմանադրությունից արտագրված չէ,- հերքեց Շավարշ Քոչարյանը։- Իհարկե, հաշվի ենք առել համաշխարհային, առավել եւս՝ վերջին տարիներին անկախացած պետությունների փորձը։ Բայց հաշվի ենք առել նաեւ Հայաստանի փորձն ու նախկինում առկա Սահմանադրության նախագծերը։ Այնպես որ՝ որոշակի մի տարբերակի հետ չի կարելի կապել մեր նախագիծը. խորհրդարանականի մի մոդել է սա, որը դժվար է ասել, թե ընդօրինակում է այս կամ այն երկիրը։ Ո՛չ Իտալիայի սահմանադրությունից է փոխառված, ո՛չ էլ Մոլդովայի։ Եթե դնեն համեմատեն՝ ակնհայտ կդառնա, որ դա այդպես չի»։ Տիգրան Թորոսյանը կարող էր եւ պատեհ առիթն օգտագործել արժեզրկելու համար այն նախագիծը, որի կողմնակիցը չէ, եւ հայտարարել, թե այն արտագրված է։ Բայց նա ասաց. «Կարծում եմ, Սահմանադրության առնչությամբ անլուրջ է «արտագրում» բառի օգտագործումը։ Կարող են տարբեր դրույթներ օգտագործվել այս կամ այն Սահմանադրությունից՝ այստեղ որեւէ դատապարտելի բան չկա։ Եթե ինչ-ինչ նկատառումներ կան եւ ցանկություն կա ժխտելու այս նախագծի օգտակարությունը՝ դա պիտի արվի որոշակի փաստերի վերլուծության հիման վրա եւ ոչ թե այն ձեւով, թե Իտալիայի կամ որեւէ այլ երկրի Սահմանադրությունից ինչ-ինչ դրույթներ փոխառված են»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել