ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՆՑԱԴԵՊ ՉԿԱ Այս են պնդում են նրա փաստաբանները «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Ա. Կիվիրյանի պնդմամբ, իրենց պաշտպանյալի դեմ քրգործի հարուցումը, նրան մեղադրանքի առաջադրումն ու Ն.Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշումներն անօրինական են, քանի որ չեն բխում գործող օրենսդրությունից: Ըստ նրա, խախտվել է մասնավորապես ՀՀ Քրդատօրենսգրքի 182 հոդվածը, որի համաձայն՝ «քրգործ հարուցելու մասին որոշում կայացվում է միայն քրգործ հարուցելու առիթի եւ հիմքերի առկայության դեպքում»: «Տվյալ պարագայում նման հիմքեր չկան»,- հայտարարեց Ա.Կիվիրյանը: Իր այդ պնդումը վերջինս փաստարկեց նրանով, որ Քրօրի հոդված 7-ի համաձայն, հանցագործություն է համարվում հասարակության համար վտանգավոր այն արարքը, գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է ՀՀ քաղաքացիների անձի, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքների ու ազատությունների եւ այլնի դեմ: «Տվյալ դեպքում «Հայկական ժամանակում» 2001-ի նոյեմբերի 6-ի հրապարակման հետգրությունը՝ «Երեկ «ՀԺ»-ում տեղի ունեցավ շտապ խորհրդակցություն, որի ընթացքում գլխավոր խմբագիրը լրագրողներին հանձնարարեց շուտափույթ պարզել եւ զեկուցել, թե ինչպես են դեգեներատները հայտնվում պետական կառավարման համակարգում», այդպիսի հանցադեպ չի պարունակում: «Երկու խորհրդակցություն» վերտառությամբ հրապարակումը երկու մասից է բաղկացած, որոնցից մեկը՝ ՔԱԳՎ պետ Հ.Երիցյանի անցկացրած խորհրդակցության, մյուսը՝ «ՀԺ»-ում տեղի ունեցածի մասին է, որոնք միմյանց առնչվում են ընդամենը նրանով, որ նույն հրապարակման մեջ են: Իսկ «դեգեներատներն ինչպես են հայտնվում պետական կառավարման համակարգում» հարցադրումը շատ ընդհանուր բնույթ է կրում ե՛ւ առանձին վերցրած, ե՛ւ «դեգեներատ» բառի, ե՛ւ «պետական կառավարման համակարգի» իմաստով: Նույն տրամաբանությամբ ցանկացած պետական պաշտոնյա կարող է ներկայանալ դատախազություն ու հայտարարել, թե «դեգեներատ» ասելով իրեն են նկատի ունեցել: Մինչդեռ ՔՕ 132 հոդվածը պահանջում է, որ արարքն ուղղված լինի կոնկրետ անձի դեմ, եւ նրա արժանապատվությունը ստորացնելու դիտավորությունը պետք է լինի կոնկրետ արտահայտությամբ, ինչը տվյալ պարագայում չկա, չկա նաեւ հանցադեպ»: Իսկ նման պարագայում, համաձայն Քրդատօրենսգրքի հոդված 35-ի, քրգործ հարուցվել չի կարող: Ինչ վերաբերում է լրագրողի նկատմամբ խափանման միջոցի՝ ստորագրություն չբացակայելու մասին, կիրառմանը, ապա, ըստ Ա.Կիվիրյանի, Քրդատօր 136 հոդվածով նման որոշումը պետք է պատճառաբանված լինի: «Բայց նախաքննական մարմնի սույնն որոշումն էլ որեւէ հիմնավորում չի պարունակում: Նշված է միայն, որ Ն.Փաշինյանը կարող է մինչդատական վարույթում խոչընդոտել գործի քննությանը: Ինչո՞վ կարող է խոչընդոտել՝ հիմնավորում չկա: Օրենսդրությունը նախատեսում է, որ խափանման միջոց կարող էր ընտրվել այն դեպքերում, եթե, այս դեպքում՝ Ն.Փաշինյանը, Քրդատավարությանը մասնակցող անձանց վրա կարող է ազդեցություն գործադրել, գործի համար նշանակություն ունեցող փաստերը թաքցնել կամ կեղծել: Որ Փաշինյանը կարող է ՔԱԳՎ պետին ճնշել՝ ծիծաղելի է, որ նա կարող է մի քանի հազար տպաքանակով թերթը թաքցնել կամ կեղծել՝ անհեթեթություն է: Նման միջոցառում կարող է կիրառվել նաեւ այն դեպքում, եթե մեղադրյալը նախաքննական մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չի ներկայանում: Նման նախադեպ չի եղել: Ավելին, նախաքննական մարմնի ցանկացած կանչից հետո Ն.Փաշինյանը ներկայացել է»,- պարզաբանեց փաստաբանը: Մեր այն հարցին, թե արդյոք այդ միջոցառումներն ավելի շատ հոգեբանական ճնշման ձեւե՞ր չեն, քան զուտ իրավական, Ա.Կիվիրյանը պատասխանեց. «Սա ե՛ւ հոգեբանական ճնշման ձեւ է, ե՛ւ Ն.Փաշինյանին մասնագիտական պարտականությունների լիարժեք կատարումից զրկելու միջոց»: Փաստաբանների ներկայացրած բողոքներից մեկն էլ վերաբերում էր Ն.Փաշինյանին մեղադրանք առաջադրելու ժամկետներին: «Հ.Երիցյանն իր բողոքը ներկայացրել է 2001-ի դեկտեմբերին: Նույն ամսին, նաեւ՝ հունվարին, Ն.Փաշինյանը Կենտրոնի ՆԳՆ-ում, ապա՝ դատախազությանը բացատրություններ է տվել: Քրդատօրենսգրքի 180 հոդվածը նախատեսում է, որ հանցագործության մասին հաղորդումները քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունն ու հիմքերը բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում, դրանք ստացված լինելուց հետո 10 օրվա ընթացքում: Մինչդեռ տվյալ դեպքում քրգործ հարուցել են փետրվարի 13-ին՝ բողոքից մոտ 2 ամիս անց: Մյուս կողմից՝ Քրդատօր 174 հոդվածում նշվում է, որ բաց թողնված ժամկետից հետո կատարված բոլոր դատավարական գործողություններն անվավեր են: Իսկ այդ ժամանակը նախաքննական մարմինը չէր կարող վերականգնել եւ որեւէ հիմք չուներ: Ավելին, օրենսդրությունը պահանջում է, որ բաց թողնված ժամկետի վերականգնման համար «շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին»: Տվյալ դեպքում անհեթեթություն է ստացվում. դատախազությունն ո՞ւմ է դիմել իր բաց թողած ժամկետը վերականգնելու համար եւ ի՞նչ հիմքով»,- նշեցին փաստաբանները: «Մենք պատրաստվում ենք Քրդատօրենսգրքի 290 հոդվածի կարգով դիմել դատարան՝ նախաքննական մարմնի երեք որոշումներն էլ բողոքարկել»,- հայտարարեց Լ.Սահակյանը: Այդ ընթացքում նախաքննական մարմինն, իհարկե, գործողություններ ձեռնարկելու հարցում կաշկանդված չէ: Իսկ առայժմ փաստաբանները սպասում են նաեւ գլխավոր դատախազ Ա.Թամազյանին ուղղված իրենց բողոքների պատասխանին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ