Լրահոս
Օրվա լրահոսը

Սբ. Աստվածածին՝ Կաթողիկեն փրկել է պետք

Մարտ 06,2002 00:00

Սբ. Աստվածածին՝ Կաթողիկեն փրկել է պետք Կարծում եմ՝ ընթերցողներից շատերին է հայտնի Երեւանի Աբովյան փողոց, թիվ 15 շենքի բակում գտնվող այս հրաշակերտ կոթողը, որը 13-րդ դարից է մեզ հասել։ Շենքը ՀՀ ԳԱԱ-ին է պատկանում, հիմնականում տեղակայված են տնտեսագիտության եւ լեզվի ինստիտուտները։ Բնավ նպատակ չունենալով անդրադառնալ Կաթողիկեի կառուցման պատմական մանրամասներին, հերթական ավերներին, աթեիստական գաղափարախոսության տարիների հրեշավոր գործողություններին՝ շատ կոթողների թվում նաեւ այս եկեղեցու համար աղետալի հետեւանքներին, նշեմ միայն, որ այն, ինչը հիմա կա, հրաշքով է փրկվել։ Հեղինակավոր մասնագետ գիտնականներ զբաղվել են եւ իրենց խոսքն ասել եկեղեցիների պատմությանը նվիրված աշխատություններում։ Եղածը եւ արդեն հայտնին կրկնության կարիք չունեն։ Պարզապես պահպանել, ավելի ճիշտ՝ փրկել է պետք այս հնամենի կոթողը քայքայումից։ Եկեղեցին կարմիր տուֆից է կառուցված։ Խոսքը այսօր մեզ հասած եկեղեցու մի հատվածի՝ Կաթողիկեի միջուկի մասին է։ 1960-70-ականներին եկեղեցու բակի շիրիմները ծածկվեցին հողով եւ ասֆալտով։ Եկեղեցու պատերը 1/3-ով ընկղմված են այդ ծածկույթի տակ։ Բնական է, որ ներքին խոնավությունը ներծծվելով տուֆի մեջ՝ տարիներ շարունակ իր ավերիչ գործն է կատարում։ Այսօր հպարտությամբ խոսում են Կաթողիկեի պատերին արված հին արժեքավոր արձանագրությունների մասին, որոնք նոր լույս են սփռում հին Երեւանի պատմության մութ էջերին, սակայն հենց այսօր, բոլորիս աչքի առջեւ եկեղեցու պատերը ավազի նման փշրվում են, բեկորներով պոկվում ու թափվում։ Եկեղեցու սպասավորները իրենց ուժերը ներածի չափով այս հարցը բազմիցս բարձրացրել են։ Տարիներ առաջ հավատացյալները իրենց ստորագրություններն էին մեկտեղում այս հուշակոթողի փրկության ահազանգով։ Սակայն ասողին լսող է պետք։ Առջեւում, այդ տարիներին, քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումներն էին եւ, թվում էր, ուշադրության կարժանանա նաեւ այս եկեղեցին։ Սակայն ոչ ոք մատը մատին չխփեց։ Եկեղեցու բակում ջարդ ու փշուր եղած մասունքներ են շարված, մարդիկ ծաղիկներ են դնում, ասֆալտը առաջվա պես խեղդում է հնամենի պատերը, որոնք ամռանը չորանում են, հետո հեղեղվում ներքին ջրերով։ Իսկ մատնացույց անելուց ու ափսոսանքի բառեր շռայլելուց՝ եկեղեցի չի փրկվի։ Խոսքը կառուցողական լայնածավալ աշխատանքներ ծավալելու մասին չէ, այլ տարրական մասնագիտական միջամտության, քանի որ պարզապես աններելի է նման վերաբերմունքը։ ԿԱՐԻՆԵ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել