Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալման հոդվածն ի՞նչ կապ ունի

Մարտ 06,2002 00:00

Ձերբակալման հոդվածն ի՞նչ կապ ունի Լուսանկարում պատկերված Սերգեյ Մարկոսյանը (1956 թ. ծնված) 1989 թվականի հունվարի 20-ից աշխատել է 2-րդ տրոլեյբուսի ձեռնարկությունում որպես վարորդ։ 1992 թ. ապրիլի 6-ին «աշխատանքային հարվածի հետեւանքով» 2-րդ կարգի հաշմանդամ է դարձել, անաշխատունակ։ Որ հաշմանդամությունն առաջացնող պատճառը՝ խեղումը, եղել է աշխատանքային պարտականությունների կատարման պատճառով, վկայում է ՀՀ Արագածոտնի բժշկական հետազոտման կենտրոնական հանձնաժողովը՝ իր եզրակացությամբ (ի դեպ, կրկնակի փորձաքննության արդյունքում)։ Դատարան ներկայացված ապացույցներից էր թիվ 2 տրոլեյբուսի ձեռնարկության թվով 11 վարորդների գրավոր հայտարարությունը, որով նրանք վկայում են այն մասին, որ 1992 թ. աշխատանքային պարտականությունները կատարելիս Ս. Մարկոսյանն ստացել է լուրջ վնասվածք։ Կանչել են շտապօգնություն, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց… Առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասով Շենգավիթի համայնքի 1-ին ատյանի դատարան է դիմում վարորդ Ս. Մարկոսյանը։ Դատարանը 2001 թ. դեկտեմբերի 27-ին (դատավոր՝ Ի. Բարսեղյան) վճռեց մերժել հայցը։ Դատարանը վկայակոչում է 1992 թ. նոյեմբերի 15-ի թիվ 579 որոշումը, ըստ որի «Կազմակերպությունն ազատվում է վնասի հատուցումից, եթե ապացուցում է, որ աշխատողի խեղումը, մասնագիտական հիվանդությունը կամ առողջությանը հասցված վնասն առաջացել է ոչ իր մեղքով»։ Բնականաբար, կազմակերպությունն «ապացուցեց», որ Ս. Մարկոսյանի «դեպքը» եղել է «պարկից դուրս գալու ժամանակ, ոչ աշխատանքային պարտականությունները կատարելիս, հետեւաբար՝ ԲԱՓՀ-ն նրա հիվանդությունը կապել է աշխատանքի, բայց ոչ աշխատանքային պարտականությունների կատարման հետ, հետեւաբար չի սահմանել մասնագիտական կորուստի չափ»։ Գրեթե նույն սցենարը կրկնվեց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում (դատավորներ՝ Ս. Անտոնյան, Կ, Հակոբյան, Ա. Հունանյան կազմով)։ 2002 թ. փետրվարի 21-ին լսելով վարորդի վերաքննիչ բողոքը, դատարանը մերժեց այն։ Հետաքրքիր է, որ վճռի «նախա»-եզրափակիչ մասը ասես արտագրված լինի առաջին ատյանի համապատասխան փաստաթղթից։ Այս դատարանն էլ բառացիորեն կրկնել էր հետեւյալը. «Ս. Մարկոսյանի դեպքը եղել է պարկից դուրս գալու ժամանակ, ոչ աշխատանքային պարտականությունները կատարելիս, հետեւաբար ԲԱՓՀ-ն նրա հիվանդությունը կապել է աշխատանքի, բայց ոչ աշխատանքային պարտականությունների կատարման հետ…»։ Վերաքննիչ դատարանը ղեկավարվել էր ՀՀ քաղդատօրի 218 հոդվածով։ Որքան էլ ապշեցուցիչ էր, Շենգավիթի համայնքի 1-ին ատյանի դատարանը «ղեկավարվել…» էր ՀՀ քրդատօրի միաժամանակ 2 հոդվածներով՝ 130, 132 («Ձերբակալումը քրհետապնդման մարմնի որոշման հիման վրա» եւ «Ձերբակալվածին ազատելը»)։ Սակայն… քրդատն ի՞նչ կապ ուներ… հաշմանդամ վարորդի քաղհայցի հետ։ Հը՞։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել