Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի գանձերը

Մարտ 06,2002 00:00

Արցախի գանձերը Վերջերս լույս է տեսել արվեստաբան Շահեն Մկրտչյանի «Արցախի գանձերը» պատկերագիրքը։ Այդ գունեղ ալբոմը պատմաբանի, աշխարհագրագետի, արցախագետի երկարամյա աշխատանքի արդյունքն է։ Դեռեւս ուսանողական տարիներից նա նշանակվել է ԼՂ պատմա-երկրամասային թանգարանի տնօրեն։ Տեղական իշխանությունների կողմից ենթարկվելով հետապնդումների, նա հաղթահարում էր արգելքներն ու իր հայրենի երկրամասի պատմության մասին անգիր վկայություններ հավաքում։ Հաճախ անձամբ էր լուսանկարում պատմական վայրերը, ճարտարապետական հուշարձանները։ Ադրբեջանական կառավարության պահանջով ստիպված է լինում հեռանալ Ղարաբաղից, բայց շարունակում է գիտական որոնումները։ Արվեստաբանը մանրակրկիտ եւ աշխատատար գործ է կատարել։ Գրքում տրված են նշանակալից պատմա-ճարտարապետական հուշարձաններ, մանրանկարներ, որմնանկարներ, հայտնաբերված հնագիտական առարկաներ, Արցախի դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։ Նկարագրվում են նաեւ Ուտիքի որոշ հուշարձաններ, Հյուսիսային Արցախի հուշարձաններ եւ հայաթափված գյուղեր։ Աշխատանքի ընթացքում Մկրտչյանը ի հայտ է բերել 800-ից ավելի հուշարձաններ, որոնց մասին ոչ մի տեղ չի հիշատակվում։ Հուշարձանների հայկական լինելու հաստատման նպատակով կազմել են նրանց հատակագծերը, չափագրել դրանք։ Արցախի ձեռագրամատյաններում արվեստաբանը հայտնաբերել է մոտ 60 մանրանկար։ Պատկերագրքում ներկայացված են եկեղեցիներում եւ վանքերում պահպանված որմնանկարներ։ Գեղարվեստական արժեք են ներկայացնում Դադիվանքի որմնանկարները, որոնք 13-րդ դարի աշխատանք են։ Հետազոտման արդյունքում պարզվել է, որ հեղինակը կին է՝ Արզում Խաթունը՝ այդ տարածքի իշխանի կինը։ Դա վաղ քրիստոնեական շրջանի լավագույն աշխատանքներից է։ Ղարաբաղը ինքնատիպ է ազգագրական իմաստով։ Պահպանվել են տարազի ձեւեր, որոնք օգտագործվել են դեռեւս վաղ միջնադարում։ Հագուստի տեսակները, հատկապես կանանց, պարզորոշ երեւում են որմնանկարներում։ Դրանք հազվադեպ նմուշներ են եւ հաստատում են մեր ազգային դիմագիծը։ Անհիշելի ժամանակներից հայտնի էր Արցախի գորգագործության դպրոցը։ Ալբոմում պատկերված են զանազան գորգեր, կարպետներ, խուրջիններ։ Այս երկրամասը հայտնի է եւ իր երկարակյացներով։ Գրքում տրված են նրանց լուսանկարները, որոնցից երկուսը կենդանի են մինչեւ այժմ։ Նրանք 100 եւ 113 տարեկան կանայք են։ Յուրահատուկ գեղեցկություն ունի Արցախի բնությունը։ Հիանում ես հայ ճարտարապետների նրբագեղ ճաշակով, թե ինչպիսի հաջող տեղ են ընտրել հուշարձանների կառուցման համար։ Յուրաքանչյուր հուշարձան այդ բնության մեջ հիշեցնում է մի կտավ, դրանով ավելի ընդգծելով իր արժեքը։ Գրքում ներկայացված են Արցախի հայաթափված վայրերը՝ Գետաշենը, Շահումյանը, նաեւ՝ ազատագրված տարածքները։ Տպավորիչ են ազատագրված Շուշիի լուսանկարները։ Սեղմ, բայց բովանդակությամբ հագեցած պատմամշակութային ակնարկում հեղինակը համոզիչ ներկայացնում է փառապանծ հայկական երկրամասի հարուստ պատմությունը։ Գիրք-ալբոմում առաջաբանի հետ միասին զետեղված են 270 մեծադիր, 463 գունավոր լուսանկարներ։ Գիրքը տպագրված է ԼՂՀ-ի որոշմամբ, կաթողիկոս Գարեգին 2-ի օրհնությամբ եւ ձեռնարկատեր Տիգրան Կարապետյանի ֆինանսական աջակցության շնորհիվ։ 500 գիրք նվիրաբերել են խոշոր պետություններին։ Ռոբերտ Քոչարյանը ալբոմը նվիրել է նախագահներ Շիրակին եւ Պուտինին։ Հայաստանի եւ Արցախի տարբեր կառավարական օղակներով այն տարածվում է աշխարհով մեկ, հաստատելով, որ Արցախը վաղուց ի վեր Հայաստանի անբաժանելի մասն է եւ նրա հարուստ մշակույթը պատկանում է Հայաստանին։ Գիրքը հրատարակվել է հայերեն եւ ռուսերեն լեզուներով, պատրաստվում է անգլերեն տարբերակը։ Պատրաստ է տպագրության նաեւ «Վանդալիզմ» փաստավավերագրական ժողովածուն, որտեղ մոտ 100 փաստաթուղթ է ներկայացվում, որոնք վկայում են, թե ինչպես են ադրբեջանցիները ավերել հայկական հուշարձանները։ Լուսանկարչական աշխատանքները կատարել է Սամվել Կարապետյանը։ Գիրքը կներկայացվի աշխարհին, Եվրախորհրդին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել