Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹԱՏՐՈՆ ԻՐ ԵՐԿՐԻ ԴԵՄՔՆ Է

Մարտ 06,2002 00:00

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹԱՏՐՈՆ ԻՐ ԵՐԿՐԻ ԴԵՄՔՆ Է Հարցազրույց դերասանուհի Լալա Մնացականյանի հետ – Մի քանի խոսքով պատմեք Ձեր անցած ուղու մասին։ – Ինչպես բոլոր արվեստագետների ուղին, այնպես էլ իմը՝ հեշտ չի անցել։ Եթե ես այսօր կայացել եմ, ապա միայն իմ անցած ուղու շնորհիվ։ Անհաջողությունների համար չեմ հուսահատվել եւ անհաջողությունը միշտ համարել եմ հաջողության սկիզբ։ – Ինձ հայտնի է, որ Դուք դեռ պիոներական տարիքից երազում էիք դառնալ դերասանուհի։ – Երբ դեռ շատ փոքր էի, ցանկանում էի դառնալ նեւրոպաթոլոգ։ Պարզապես բառն էր ինձ շատ դուր եկել՝ օրիգինալ բառ էր։ Հիմա չեմ կարող հաստատ ասել՝ ես մանկությունի՞ց եմ երազել դերասանուհի դառնալ, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ հիմա չեմ փոշմանել։ – Դուք այսօր ճանաչված դերասանուհի եք։ Ո՞ւմ եք պարտական Ձեր հաջողությունների համար։ – Մորս՝ Էլզա Գյուլեսերյանին, որը բեմական խոսքի մեծ վարպետ էր։ Եթե ես այսօր կայացել եմ, ապա առաջին հերթին պարտական եմ նրան։ – Ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում է այժմյան թատրոնը։ Այն գործո՞ւմ է արդյոք առաջվա նման ակտիվ։ – Ի՞նչ եք կարծում, եթե թատրոնը հիմա վերելք ապրեր, ծաղկեր, Դուք այդպիսի հարց ինձ կտայի՞ք։ Ձեր հարցի մեջ կա արդեն պատասխանը։ – Կա՞ արդյոք մի կերպար, որ կցանկանայիք մարմնավորել։ – Իհարկե կա, բայց ես մի անգամ արդեն սխալվել եմ, իմ երազանքների մասին բարձրաձայն ասել եմ եւ հետո ափսոսել։ Այդպիսի սխալ ես այլեւս չեմ անի։ – Ո՞րն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ՝ կինո՞ն, թե՞ թատրոնը։ – Ինձ համար թե՛ կինոն, թե՛ թատրոնը, թե՛ հեռուստատեսությունը հավասարազոր են եւ սիրելի։ – Որո՞նք եք համարում Ձեր ամենահաջողված դերակատարումները։ – Ես այն կերպարներն եմ համարում հաջողված, որոնք հիմա էլ արդիական են։ Հաջողված դերեր ունեցել եմ, բայց կարծում եմ, որ ամենահաջողվածները դեռ առջեւում են։ – Ո՞րն է Ձեր ընտրած ոճը թատրոնում։ – Ես ընտրած ոճ չունեմ թատրոնում։ Ես հավասարազոր կարող եմ խաղալ եւ կոմիկական, եւ դրամատիկ դերեր։ – Այսօր Լալա Մնացականյանը նաեւ դասավանդում է թատերական ինստիտուտում։ Մի քանի խոսքով պատմեիք Ձեր աշխատանքի եւ ապագա դերասանների մասին։ Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել նրանց։ – Ես իմ բոլոր ուսանողներին շատ եմ սիրում եւ կարծում եմ, որ դա փոխադարձ է։ Շատ եմ ցավում նրանց համար, ցավում եւ ինչ-որ տեղ վախենում նրանց ապագայի համար՝ ելնելով մեր այժմյան թատրոնի անորոշ եւ անկայուն վիճակից։ – Մոտակա ժամանակներում ի՞նչ անակնկալներ ունեք մատուցելու հանդիսատեսին։ – Կոնկրետ ծրագրերի մասին հիմա չեմ կարող խոսել, բայց նախագծեր շատ կան։ – Ե՞րբ եք առաջին անգամ սիրահարվել։ – Առաջին անգամ սիրահարվել եմ 4 տարեկանում՝ կապուտաչյա մի ռուս տղայի։ – Ինչպիսի՞ն է Լալա Մնացականյանը ընտանիքում։ – Իհարկե ոչ այնպիսին, ինչպիսին սովոր է դիտել հանդիսատեսը էկրանին։ Ընտանիքում շատ ավելի ուրախ եմ եւ հանգիստ։ Շատ եմ սիրում հավաքույթներ կազմակերպել եւ հյուրեր ընդունել։ Ես իմ ընտանիքը շատ եմ սիրում եւ ձգտում եմ, որ այն լինի ամուր։ Իսկ ընտանիքի ամրությունը ինձ համար ամուսինների համերաշխությունն է, փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը եւ, իհարկե, սերը, սերը, որը ներող է, զիջող եւ կյանքի դժվարությունների առաջ երբեք չնահանջող։ – Կցանկանայի՞ք ապրել արտերկրում։ – Եթե ես լինեի 18-20 տարեկան, գուցե ցանկանայի ապրել ուրիշ երկրում։ Իսկ հիմա գտնում եմ, որ մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ իրեն պիտանի է զգում։ Ուղղակի մի շատ մեծ երազանք ունեմ. տեսնել մեր երկիրը այնքան հզոր ու հարուստ, որ այլեւս երբեք նման հարցադրում չունենանք։ – Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել վաղվա մեր թատրոնը։ – Դուք հարցնում եք ինչպես կուզենայի տեսնել վաղվա մեր թատրոնը, իսկ ես կաեսի՝ ինչպիսին կուզենայի տեսնել մեր երկիրը, որովհետեւ յուրաքանչյուր թատրոն իր երկրի դեմքն է։ Ես կուզենայի տեսնել իր գինն ու արժեքն ունեցող երկիր, աշխարհի քարտեզում իր ամուր տեղն ունեցող երկիր, ոչ թե խնդրող, այլ իր խոսքն ու ձայնն ունեցող երկիր, որի հետ հաշվի նստեն։ Եվ, բնականաբար, այդպիսի երկրի թատրոնը ծաղկունք կապրի։ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել