Լրահոս
Օրվա լրահոսը

Հասցրին ծանոթանալ ամբաստանյալների հետ

Մարտ 06,2002 00:00

Հասցրին ծանոթանալ ամբաստանյալների հետ Ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցների՝ Արշակ Մանուկյանի, Արտակ Նիկողոսյանի, Հայկ Մկրտչյանի եւ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 25-ից։ Երեկ թվով 6-րդ դատական նիստը տեղի ունեցավ Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանում։ Մինչ այդ, եթե հետեւել եք մեր հրապարակումներին, դատական նիստերը հրավիրվել են Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (4-րդ զանգվածում)։ Մեկուսարան այս անգամ չէին եկել ամբաստանյալներից երկուսի պաշտպանները՝ փաստաբաններ Վլադիմիր Յավրումյանն ու Լիպարիտ Սիմոնյանը։ Նրանց պաշտպանյալները տեղյակ չէին, թե ինչ պատճառով էին նրանք երեկ բացակայում։ Փոխարենը առաջին անգամ ներկայացել էր այս քրգործով տուժող ճանաչված (ներկայումս Ստեփանակերտի քննչական մեկուսարանի կալանավոր) Միշա Հարությունյանի շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Հայկ Ալումյանը։ Վերջինից պահանջվեց լիազորագիր, ըստ որի, պիտի հստակեցվեր, որ տուժողը պնդել է, որ իր շահերը ներկայացնի Հ. Ալումյանը։ Վերջինս հայտնեց, որ Մ. Հարությունյանը իր կամքն արտահայտել է դեռ նախաքննության ժամանակ եւ որ քրեական դատավարության օրենսգիրքն էլ տարբերություն չի դնում, թե որ փուլի համար է մեկ անգամ արտահայտվածը։ Դատավոր Մարտին Կարապետյանը հարցով դիմեց նրան. «Դուք բացառո՞ւմ եք, որ նա ընտրած լինի այլ ներկայացուցչի»։ Փաստաբանն, ի դեպ, վկայակոչեց Քրդատի 78 հոդվածի 2-րդ կետը. «Քրեական դատավարությունում որպես տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ կարող են մասնակցել փաստաբանները եւ դատավարությանը համապատասխան մասնակցի կողմից տրված լիազորագիր ունեցող այլ անձինք»։ Հ. Ալումյանը լիազորագիր չուներ եւ փոխարենն ասաց մի բան, ինչն էլ արժանացավ մեղադրող Գագիկ Ավետիսյանի ռեպլիկին։ Նա ասաց. «Եթե ես մտահոգված չլինեի պրոցեսի ձգձգումով… ամբաստանյալներով»… ինչին Գ. Ավետիսյանը հակադարձեց. «Դուք ամբաստանյալների շահե՞րն եք ներկայացնում»։ Հ. Ալումյանը ժամանակ խնդրեց, որպեսզի Ստեփանակերտի մեկուսարանից ստանա համապատասխան փաստաթուղթը։ Դատարանը որոշեց փաստաբան Հ. Ալումյանին որպես տուժող Միշա Հարությունյանի ներկայացուցիչ չճանաչել, մինչեւ նրա կողմից պատշաճ փաստաթուղթ ներկայացնելը։ Այս գործով անցնում են եւս 3 տուժող՝ Արթիկի թիվ 14 ՈՒԱՀ-ում ազատազրկված Երջանիկ Սարգսյանը, Կարեն Անտոնյանն ու Գուրգեն Տավարածյանը, որոնց շահերը ներկայացնողների մասին դեռ հստակություն չկա։ Փաստորեն, դատարանը հասցրեց ծանոթանալ մյուս 3 ամբաստանյալների հետ (հաջողվել էր միայն Արշակ Մանուկյանի հետ «ծանոթությունը»)։ Հայկ Մկրտչյանը բողոքեց լյարդից, Արտակ Նիկողոսյանը, որը ԼՂՀ մարտական գործողությունների մասնակից է՝ սկսել է տառապել երիկամների հիվանդությամբ, Միշա Մեջլումյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չբացակայելու մասին, ՌՈ-ից բացի աշխատել էր ԱԱՆ 3-րդ գլխավոր վարչության 6-րդ բաժնի պետի տեղակալ։ Դատաքննությունը նշանակվեց մարտի 21-ին, սակայն մինչ այդ, մարտի 14-ին, ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովում սպասվում է նոր զարգացումներ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել