Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՉՈՒՄ ԵՆ՝ ՆՎԵՐ ՉՏԱ՛Ք

Մարտ 06,2002 00:00

ԱՂԱՉՈՒՄ ԵՆ՝ ՆՎԵՐ ՉՏԱ՛Ք «Մեզ հաջողվել է դպրոցների տնօրենների, մանկավարժական կոլեկտիվների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ողջ ուսումնական տարում կազմակերպել բնականոն ուսումնական գործընթաց»,- նման գովական շեշտադրումներով եւ գեղարվեստական հարուստ բառապաշարով Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը ներկայացրեց 2001թ. կատարած իրենց հերոսական աշխատանքի հաշվետվությունը։ Պակաս հերոսություն չցուցաբերեց պրն Վաթյանը, երբ ասուլիսի ներկայացած դպրոցների տնօրենների հարձակումներից պաշտպանեց լրագրողներին՝ թեպետ տնօրեններին ինքն էր հրավիրել։ Ու թեեւ պրն Վաթյանի ղեկավարած համակարգի աշխատանքը լրագրողները անխղճորեն քննադատում են, սակայն արժանացան ջերմ գնահատականի՝ «Մենք պիտի շնորհակալություն հայտնենք ԶԼՄ-ներին, որ շատ մոտիկից խնդրով զբաղվում են եւ միշտ մեզ զգաստ են պահում, ես շատ շնորհակալ եմ»։ Լրագրողներս, անշուշտ, հուզվեցինք նման վերաբերմունքից եւ կաշխատենք ապագայում եւս արդարացնել վարչության պետի հույսերը։ Հաճելի էր բացահայտել պրն Վաթյանի համակրություններից եւս մեկը. թեեւ նա կարծես թե դաշնակցական չէ, սակայն երեխաների ռազմական դաստիարակության շուրջ նրա դատողությունները պակաս բոցաշունչ չէին։ Ըստ Օ. Վաթյանի՝ «անհանդուրժելի է, երբ երեխան ավարտում է դպրոցը եւ զենք չի տեսնում»։ Նաեւ հավաստիացրեց, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում «պետք է վերականգնվեն ռազմագիտության կաբինետները եւ երեխաների նախնական զինվորական պատրաստվածության մակարդակը պիտի լինի բոլորի ուշադրության կենտրոնում… Երեխաներին պետք է կարողանանք անմիջական շփման մեջ դնել զենքի, այո՛, հե՛նց զենքի հետ»։ Կրթության վարչության պետը նկատելով, որ մամուլում գրված մի վատ խոսքով կարող են «տնօրենին սպանել», խնդրեց համակարգի նկատմամբ գնահատականներում ավելի հոգատար եւ զգուշավոր լինել։ Իր գնահատականներն այդպիսին էին, թեեւ իր խոսքերից էլ երբեմն կարելի էր բացասական կարծիք կազմել տնօրենների մասին։ Մասնավորապես նկատելով, որ դպրոցներում շինարարական աշխատանքներ հիմնականում կատարվում են բարերարների աջակցությամբ, պրն Վաթյանը, առանց լրագրողների դրդման, խոստովանեց, որ երբ տնօրենները փող են ուզում բարերարներից շինարարության համար, «հիմնականում մերժում են ստանում»։ Իսկ երբ առաջարկում են բարերարներին, թե «այս խնդիրը կա, ինքներդ նայեք, ինքներդ բերեք շինարարներին, ինքներդ հաշվարկներ կատարեք», բարերարները համաձայնում են։ Մի պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ տնօրեններին բարերարները չեն վստահում։ Պետությունից չնչին գումարներ ստացող դպրոցների տնօրեններին ու մանկավարժներին (վերջիններս, ի դեպ, դեռ հունվարի աշխատավարձը չեն ստացել) գումարներ հավաքելու համար մեղադրելը գուցե դեմագոգիա կլինի։ Օնիկ Վաթյանն էլ երեկ հնարավորինս արդարացրեց ծնողներից գումարներ հավաքելը, ասելով, որ եթե արգելի՝ դպրոցները կտանի կործանման։ Բայց նրա կարծիքով, ամեն ինչ պետք է արվի օրինական, կամավորության սկզբունքով եւ հոգաբարձուների խորհրդի միջոցով։ Սակայն ծնողների հաշվին դպրոց եւ մանկավարժ պահելը երբեմն այնպիսի արատավոր դրսեւորումներ է ստանում, որ դժվար է ինչ-որ բանով արդարացնել։ Օ. Վաթյանը եւս ընդունում է՝ «կարելի է շատ սուր քննադատել, ահավոր բաներ ասել այն ուսուցիչների, տնօրենների հասցեին, որոնք ստվերային գործողությունների են դիմում», նաեւ համաձայնեց, որ «այո՛, ունենք անհաջող, կաշառակեր ուսուցիչներ», սակայն այդպիսիք, ըստ նրա, հազվադեպ են։ Պրն Վաթյանը խնդրեց ԶԼՄ-ներին, որ ուսուցիչների անունից (վերջիններիս համաձայնությունը ունե՞ր, թե՞ ոչ, հայտնի չէ) դիմեն բնակչությանը եւ ասեն, որ «ուսուցիչները խնդրում են, աղաչում են, որ, առանց ավելորդությունների, չվարկաբեկեն իրենց, իրենց տված այդ մի նվերը կամ դրամահավաքման միջոցով որեւէ ծառայություն անհամեմատ ավելի… հեղինակությա՛ն խնդիր է։ Միեւնույն է, այդ նվերով ուսուցչի սոցիալական վիճակը միանգամից չի փոխվելու»։ Սա ասաց ի պատասխան լրագրողի դիտարկման, որ տոն օրերին դրամահավաքն ակտիվանում է։ «Ի սեր Աստծո, մեզ պետք չե՛ն այդ նվերները»,- հավաստիացրեց Օ. Վաթյանը, բայց հետո էլ, ծնողներին խնդրելով ձեռնպահ մնալ նման դրամահավաքներից, ասաց. «Մենք դրա կարիքը ոչ թե չունենք, ունե՛նք, բայց կան մարդկային, բարոյական չափորոշիչներ, որ այդ սահմանը չի կարելի անցնել»։ Վարչության պետը նաեւ սպառնաց այն ուսուցիչներին, ովքեր «կդրդեն այդ քայլին», այսինքն կստիպեն իրենց համար նվեր առնել, ապա «համոզված եղեք, կստանան իրենց արժանի պատիժը»։ «Առավոտը» տեղեկացրել էր, որ ըստ կրթության վարչության տեսչության նախկին պետ Հովհաննես Սարոյանի, տեսչության ստուգումներով բազմաթիվ դպրոցներում խախտումներ են արձանագրվել, սակայն այս առթիվ զեկուցագրերին ընթացք չի տրվել։ Այս առնչությամբ մեր հարցին՝ Օ. Վաթյանը հովանավորո՞ւմ է որոշ տնօրենների, ընթացք չտալով նրանց դեմ բողոքներին, բացասական պատասխան ստացանք։ Պրն Վաթյանը նաեւ կտրականապես հերքեց մամուլում եղած պնդումը, որ պատգամավորների եւ այլ հայտնի դեմքերի կանայք, քույրերը կամ այլ բարեկամներն են դպրոցի տնօրեն աշխատում. «Եթե հանկարծ լիներ, չի՞ կարելի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց՝ չկան»։ Միայն լրագրողներիս հիշեցումից հետո Օ. Վաթյանը համաձայնեց, որ մի փոխնախարարի կին, այնուամենայնիվ, կա։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել