Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռնելը թանկ արժե

Մարտ 06,2002 00:00

Մեռնելը թանկ արժե Մեր ավանդույթներից շատերը օտար ծագում ունեն, այդ թվում եւ հուղարկավորության հետ կապված արարողությունները, համոզված է Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրը։ Կնունք, պսակ, թաղում արարողությունները մարդկանց կյանքում նշվող պարտադիր հանդիսություններից ամենակարեւորներն են։ Վերջին տասը տարվա ընթացքում տեղի ունեցած հասարակության շեշտակի բաժանումը հարուստների եւ աղքատների, սոցիալական վիճակի վատթարացումը հանգեցրին այն բանին, որ «սովորական» մարդկանց կենցաղից դուրս մղվեցին շատ արարողություններ, իսկ մնացածներն էլ կորցրին իրենց համն ու հոտը։ Մարդիկ ինչ-ինչ բաներ էլի դեռ շարունակում են անել կարծես ինքնաբերաբար, կամ մի կերպ՝ տուրք տալով հասարակական կարծիքին եւ ընդունված սովորույթներին։ Հատկապես բարդ են հուղարկավորության հետ կապված հարցերը, որոնք ծագում են յուրաքանչյուրի առջեւ՝ անկախ մեր կամքից եւ ավելի հաճախ՝ անսպասելի։ Ամենատարրական միջոցներից զուրկ մարդիկ էլ անգամ ստիպված են հայթայթելու որոշակի գումար՝ հոգեհաց տալու եւ մնացած «անհրաժեշտությունները» պատշաճորեն կատարելու համար։ Քաղաքներում թերեւս վիճակը համեմատաբար մխիթարական է։ Գյուղական վայրերում այդ ամենը հաճախ վերածվում է պարզապես զավեշտի։ Բացի այն, որ կան «պարտադիր» համարվող զանազան սովորույթներ, վայրեր կան, որ հանգուցյալին պահում են մոտ 1 շաբաթ եւ ավելի, եւ այդ ամբողջ ժամանակ մերձավորները պիտի բարձրաձայն ու աղեկտուր սգան հարազատի մահը, ու եթե հանկարծ սենյակում մի պահ լռություն է տիրում, շրջապատողները սկսում են անհանգիստ շարժվել։ Ընդ որում, պիտի կարողանան հնարավորինս շատ խղճահարություն առաջացնել։ Այդ ամենը վերջանում է հոգեհացով, որն էլ ուղղակի վերածվում է համագյուղական ճաշկերույթի։ Ջավախքում նույնիսկ հայտնագործել են բիզնեսի նոր տեսակ։ Մահազդը տրվում է տեղական հեռուստատեսությամբ, որն էլ պատճառ է դառնում հեռու-մոտիկ ծանոթների ներկայության։ «Չենք անում՝ ամոթ է, անում ենք՝ կրակն ենք ընկնում, նույնիսկ մեկ-երկու գյուղ են հավաքվում հոգեհացին»։ Բողոքում էին ջավախքցիները։ Այդ նույն «ամոթն» է, որ ստիպում է մարդկանց պարտք անել, հավաքել բոլոր հնարավոր միջոցները՝ ամեն ինչը տեղը տեղին կազմակերպելու համար։ Նույն այդ «ամոթն» է պատճառը, որ չնայած քաջ գիտակցելով, թե ինչքան ավելորդ է այդ ամենը, որը ոչ իրենց է պետք, ոչ առավել եւս հանգուցյալին, դարձյալ շարունակում են նույնն անել։ Բոլոր հարցերում Եվրոպային նմանվելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցները թերեւս ընդօրինակեին նրանց համեստությունն ու զուսպ մոտեցումը այս հարցին։ Ջավախքում մարդիկ խնդրում էին. «Անհնար է այսպես, օգնե՛ք մեզ», միգուցե չգիտակցելով, որ նախեւառաջ իրենք պետք է իրենց օգնեն, անելով առաջին քայլը։ Այս հարցում, անշուշտ, եկեղեցու միջամտությունը անհրաժեշտ է եւ որոշ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին։ «Ասել, որ մարդիկ շքեղ թաղում կազմակերպելով տուրք են տալիս ավանդույթին՝ սխալ է, ավելի շատ դա չիմացության արդյունք է եւ, հետեւաբար, շեղում մեր ազգային ավանդական արժեքներից,- ասաց նա,- 1700- ամյա քրիստոնյա ժողովուրդը կատարում է քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեցող ծեսեր եւ դա համարում է իրենը»։ Հետաքրքրական է, որ հայ հին իրականության մեջ անգամ լիովին ապահովված մարդիկ այս հարցում միշտ համեստ են եղել։ Հոգեւոր առաջնորդը նշեց նաեւ, որ մերը չեն ե՛ւ այն շքեղ «տոնախմբությունները», որ կոչվում է հոգեճաշ, ե՛ւ անճաշակ շիրմաքարերն ու ցանկապատերը, որոնք հսկայական միջոցներ են պահանջում։ «Հայկական հին ավանդական գերեզմանատները բոլորովին այլ տեսք ունեին, մի քանի հարյուր տարի առաջ այսպիսի բաներ չկային»։ Սյունյաց թեմի առաջնորդը գտնում է, որ այս խորթ երեւույթները ներմուծվել են եւ ավելի մուսուլմանական մշակույթի դրսեւորումներ են պարունակում։ Կար ժամանակ, որ սրբորեն էին պահպանվում ազգային արժեքները։ Նրա կարծիքով, սովետական շրջանում ի հայտ եկան նոր մոտեցումներ, որոնք աստիճանաբար դարձան սովորույթներ։ Հոգեւոր առաջնորդը հայտնեց, որ այժմ կատարվում են լուրջ ուսումնասիրություններ Հայաստանի բոլոր բնակավայրերում եւ շուտով դրանք արդեն հստակեցված կմատուցվեն ժողովրդին թե՛ կենդանի խոսքի միջոցով, թե՛ լրատվամիջոցների օգնությամբ։ Մնում է ժողովուրդն ինքը քաջություն ունենա հրաժարվելու սովորույթի ուժից։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել