Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՐՊԵՍԶԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ «ՉՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵՆ»

Մարտ 06,2002 00:00

ՈՐՊԵՍԶԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ «ՉՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵՆ» Հայաստանյան բաց բաժնետիրական ընկերությունում փոքր բաժնետերերին ֆիրմաներից դուրս մղելու, նրանց սեփականության իրավունքը ոտնահարելու միտում է նկատվում։ Նկատողը ՀՀ արժեթղթերի հանձնաժողովն է, որը նման ոտնձգությունները կանխելու փորձ արդեն ունի։ Մի կողմից ընկերություններն են, որտեղ նվազագույն ներդրումներով հարյուրավոր բաժնետերեր են առաջացել ժամանակին եւ որոնք ցանկանում են կրճատել վերջինների թիվը, մյուս կողմից՝ փոքր բաժնետեր-սեփականատերերն են, որոնք իրենց իրավունքներին անտեղյակության, որոշիչ ձայն չունենալու պատճառով զրկված են ընկերության կառավարման հնարավորությունից։ Այսպես ասած, խոշորները մանրերին դուրս են մղում տարբեր եղանակներով։ Դրանցից մեկը կոնսոլիդացիան (բաժնետոմսերի համախմբում) է։ Սրա արդյունքում, օրինակ, «Կոտայք» գարեջրի գործարան ԲԲԸ-ի մի շարք բաժնետերեր, քիչ էր մնում, զրկվեին իրենց բաժնետոմսերից, ինչը կանխեց արժեթղթերի հանձնաժողովը՝ իր կարգադրությամբ։ Ըստ «Կոտայքի» բաժնետոմսերի համախմբման մասին կարգի, շուրջ 1000 բաժնետոմսեր պետք է համախմբվեին մեկում։ Արժեթղթերի հանձնաժողովի անդամ Արծվի Մինասյանի մեկնաբանությամբ, բաժնետերերից շատերը չնչին բաժնետոմսեր ունեին, որոնց սեփականության իրավունքը պետք է դադարեցվեր, եթե բաժնետերերը չմիավորվեին։ Արժեթղթերի հանձնաժողովը ընկերության այս որոշումը գնահատել է իբրեւ ոտնձգություն անձի սեփականության իրավունքի նկատմամբ։ Մինչդեռ անձին սեփականությունից զրկելու համար դատարանի վճիռ է պետք։ Ուստի ընկերության այս քայլը, Արծվի Մինասյանի խոսքերից դատելով, հակասում է ոչ միայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքին, ոչ միայն քաղաքացիական օրենսգրքին, այլ նաեւ Աստվածաշնչին, որտեղ նույնպես ամրագրված է սեփականության իրավունքը։ Աստվածաշնչի Ա. Մինասյանական մեկնաբանությամբ, «Աստված մարդուն ստեղծեց 7-րդ օրը եւ ասաց՝ քոնն է այս աշխարհը, վայելիր»։ «Առավոտն» արդեն գրել է, որ հանձնաժողովը լսումներ է կազմակերպել եւ պաշտպանել փոքր բաժնետերերի իրավունքները։ Լսումների ընթացքում նշվել է, որ Աբովյանի գարեջրի գործարանի արտասահմանյան խոշոր բաժնետիրոջ պահանջն է եղել կոնսոլիդացիան, որի արդյունքում ԲԲԸ-ն կդադարեր հաշվետու թողարկող լինել, այսինքն իրավունք կունենար ոչ հրապարակային գործունեություն ծավալել։ Ուստիեւ որոշել էր միակողմանի դադարեցնել այն անձանց սեփականության իրավունքը, որոնք հրաժարվում էին համախմբել բաժնետոմսերը։ Գործը հասել էր դատարան։ Վճռաբեկ դատարանում կողմերը՝ Արժեթղթերի հանձնաժողովն ու «Կոտայքը» համաձայնության են եկել, ըստ որի վերջինս պատրաստ է այդ բաժնետոմսերը հետ գնել շուկայականից էլ բարձր գներով։ Համաձայնության այս որոշումը պրն Մինասյանի գնահատմամբ, մի շարք դրական հետեւանքներ կարող է ունենալ ոլորտում։ Ըստ նրա, շատ ընկերություններում՝ «Թուղթարտ», «Քիմռեակտիվ» ԲԲԸ-ներում (մյուսների անունները չնշեց, որովհետեւ նրանց նկատմամբ վարչական վարույթ է իրականացվում), էլ է առկա բաժնետոմսերի համախմբման խնդիրը, եւ սպասում էին, այսպես ասած, նախադեպի։ Այժմ արդեն այս եւ մյուս ընկերությունները հետ կկանգնեն «փոքրերին» դուրս մղելու իրենց մտադրությունից։ Ինչեւէ, ըստ համաձայնության որոշման, ԲԲԸ-ն հրաժարվում է իր ընդունած կարգից, իսկ Արժեթղթերի հանձնաժողովը չի առարկում այն գործարքներին, որոնք կայացել են բաժնետերերի կամքի ազատ դրսեւորմամբ, վերահաշվարկ պետք է կատարվի եւ ընկերության բաժնետիրոջը հատուցվի բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքից եւ 2850 դրամ առավելագույնի, եւ ձեռքբերման արժեքի դրական տարբերությունը։ Արծվի Մինասյանը հայտնեց. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բաժնետերերի վերակազմակերպումը դադարեցվի։ Իրականում տեղի է ունենում ոչ թե իրավաբանական անձի վերակազմակերպում, այլ բաժնետերերի, սեփականատերերի վերակազմակերպում, ինչը անթույլատրելի երեւույթ է»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել