ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԸ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական Ս. Աբրահամյանին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը 05.11.01 թ. հանձնարարել է լրագրողներին «շուտափույթ» պարզել եւ զեկուցել, թե ինչպես են դեգեներատները հայտնվում կառավարման համակարգում»։ Այս փաստի առիթով Դուք հարուցել եք քրեական վարույթ եւ Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ։ Սրանով Դուք խոչընդոտում եք հասարակությանը հուզող հարցի պատասխանը գտնելուն ուղղված լրագրական հետաքննության անցկացմանը։ Մեզ, մեր ընթերցողներին նաեւ հետաքրքրում է, թե մեզ անհայտ ճանապարհով պետական համակարգում հայտնված դեգեներատները, ապաշնորհներն ու կաշառակերները ինչպես կարողացան Հայկական ավիացիան հասցնել այսօրվա թշվառ վիճակին, զգալի նյութական ու բարոյական վնաս հասցնելով ՀՀ հազարավոր քաղաքացիներին եւ պետությանը։ Քանի որ հանրապետությունում բոլորը իրազեկության անօտարելի իրավունք ունեն (տես ՀՀ Սահմանադրություն), պահանջում եմ ինձ եւս ներգրավել որպես մեղադրյալ, քանի որ ես նույնպես ցանկանում եմ տեղեկանալ՝ ինչպես են դեգեներատները հայտնվում կառավարման համակարգում։ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ 4.03.2002 թ. ՀՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ «Արժանապատվություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ ԳԵՎՈՐԳ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ «Առավոտի» ընթերցող ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ Ազատ լրագրող «Առավոտը» պատրաստակամ է տպագրել այս տեքստը ամեն օր՝ ավելացնելով ՀՀ այն քաղաքացիների անուն-ազգանունները, ովքեր համաձայն են դրա բովանդակության հետ։