Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ խոսք, ազատ մամուլ

Մարտ 06,2002 00:00

Ազատ խոսք, ազատ մամուլ Ազատ մամուլը Երրորդ Հանրապետության անառարկելի ձեռքբերումն է եւ ուղեկիցը։ Յուրաքանչյուրիս խոսքի ազատության եւ իրազեկության Սահմանադրական իրավունքը մեծապես ապահովվում է ազատ մամուլի միջոցով։ Փոխանակ ապահովելու տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից, փոխանակ նպաստելու, որ որակյալ ինտերնետային ու մոբիլ կապը մատչելի դառնա յուրաքանչյուրի համար, փոխանակ նպաստելու ազատ մամուլի զարգացմանը՝ իշխող վարչախումբը ծրագրավորված գրոհ է սկսել ազատ մամուլի դեմ՝ այն ամբողջությամբ կառավարելի դարձնելու ու իշխանությանը սպասարկու դարձնելու համար։ Զանգվածային լրատվության մասին նոր օրենքի տխրահռչակ նախագիծը շրջանառելուն զուգահեռ, շարունակում է օգտագործվել քրեական հետապնդումն ազատ մամուլի, ազատ լրագրողին ահաբեկելու համար։ «Հայկական ժամանակ» օրաթերթը, նրա գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հավատարիմ իրենց կոչմանը, հավաստի տեղեկություններ են հաղորդել հասարակությանը քաղաքացիական ավիացիայի մասին, լրագրական հետաքննությամբ բացահայտել ստեղծված անմխիթար վիճակը, փորձել պարզել պետությանն ու հազարավոր ուղեւորներին հասցված զգալի նյութական ու բարոյական վնասների պատճառներն ու մեղավորներին։ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը, պետական համակարգի բոլոր պաշտոնյաները, ովքեր մեղավոր են ստեղծված վիճակի համար, պիտի խստագույնս պատասխանատվության կանչվեն։ Դատախազական մարմինները սրանով պիտի զբաղվեն։ Սրա փոխարեն դատախազությունը նորից քաղաքական պատվեր է կատարում։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցված քրեական հետապնդումը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործություն է, որի համար, իրավական երկրում գլխավոր դատախազը հրաժարական է տալիս։ Մենք հետամուտ ենք լինելու, որ պետական պաշտոնը ազատ մամուլի, խոսքի ազատության եւ հասարակության իրազեկության սահմանափակման նպատակով օգտագործող պաշտոնատար անձինք պատասխանատվության ենթարկվեն։ Ա. ԲԼԵՅԱՆ «Նոր ուղի» կուսակցության նախագահ Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԴԿ նախագահ Մ. ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆ «Հայոց Տուն» կուսակցության նախագահ Պ. ՄԱՔԵՅԱՆ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Ի. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Բ.ԱՐԱՐՔՑՅԱՆ «Արմատ» կենտրոնի խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել