Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք մատուցվեց

Մարտ 06,2002 00:00

Հարգանքի տուրք մատուցվեց Եռաբլուրը երեկ մարդաշատ էր: Վազգենի ծննդյան օրն էր: Մինչեւ կեսօր նրա շիրմին արդեն այցելել էին երկրի բարձրագույն իշխանությունները՝ նախագահ, կառավարություն: Արդեն երկրորդ թե երրորդ անգամն է, որ վերջիններս ու, թերեւս, նաեւ՝ Վ.Սարգսյանի հարազատներն ու զինակիցները երկուստեք խուսափում են հանդիպելուց: Արդեն ավելի քան մեկ տարի փոխադարձ ու լուռ համաձայնությամբ Եռաբլուր այցելության ժամերը խստորեն սահմանազատված են պաշտոնական արարողակարգի ու անպաշտոն այցելության: Բնական է, որ երկու դեպքում էլ մթնոլորտն անհամեմատ այլ է լինում: Բայց, բոլոր դեպքերում, Եռաբլուր այցելողներին դիմավորողը ռազմական ոստիկանապետ Վովա Գասպարյանն է: Սա, թերեւս, արդեն ավանդույթ է: Երեկ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանի նախաձեռնությամբ դպրոցի սաները Եռաբլուրում փոքրիկ միջոցառում էին կազմակերպել՝ հավաստելով, թե մատաղ սերունդը Վ.Սարգսյանի գործի շարունակողն է լինելու եւ հավատարիմ է հզոր հայրենիք կառուցելու նրա երազանքին: Ինչպես եւ սպասվում էր, հարազատներից զատ զոհված վարչապետին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ոչ միայն «Հանրապետություն» կուսակցության անդամները, Վ.Սարգսյանի ներկա ու երբեմնի զինակիցները, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվելը, զինդատախազ Գ.Ջհանգիրյանը, այլեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. ՀԺԿ-ն՝ ի դեմս Ստեփան Դեմիրճյանի, «Ազգային միաբանությունը»՝ Արտաշես Գեղամյանի, ԱԺՄ-ն՝ Վազգեն Մանուկյանի, «Սոցիալիստական Հայաստան» միավորման, նաեւ Հանրապետական կուսակցության քաղխորհուրդների անդամներ: Իհարկե, ի տարբերություն 2000-ի մարտի 5-ին, այս անգամ երկրապահները նպատակ չունեին Սպարապետի ծննդյան օրը «27»-ի գործը բացահայտված տեսնել: «Ես կուզենայի, որ Վազգեն Սարգսյանն այսօր կենդանի լիներ, ու նրա ծննդյան օրն ուրախությամբ նշեինք եւ ոչ թե այցելեինք Եռաբլուր՝ մեր ձեռքով սպանված վարչապետին: Կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ ոճրագործության կազմակերպիչները, այնուամենայնիվ, կներկայանան ժողովրդին: Դա միայն ժամանակի խնդիր է»,- ասաց ՀԺԿ անդամ, ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը: Անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք Վ.Սարգսյանի հիշատակը հարգելու միակ չափանիշը Եռաբլուր այցելե՞լն է, պատգամավորը հարցադրման ենթատեքստը՝ իշխանությունների երեսպաշտության բազում օրինակները, նկատի ունենալով ասաց. «Դա մարդկային առանձին որակ է: Կան մարդիկ, ովքեր ցանկացած պարագայում հաջողացնում են հայտնվել իշխանության ճամբարում, նախագահի կողքին»: Անկեղծ ասած, մինչեւ Եռաբլուր այցելելը մտադիր էինք զրուցել իշխանական ու ընդդիմադիր ճամբարներում հայտնված գործիչների հետ ու հարցնել, թե իրենց համար ի՞նչ խորհուրդ ունի այդ օրը, թե հանգիստ խղճո՞վ են եկել հարգելու Վ.Սարգսյանի հիշատակը՝ իրենց գործերով հավաստե՞լ են այդ հարգանքը, ինչո՞ւ Սպարապետի թիմն նրա բացակայությամբ այդպես մասնատվեց, ե՞րբ է երեւալու «27»-ի գործի ամբողջական բացահայտման ծայրը, իրենք անցյալ երկու տարվա ընթացքում ի՞նչ են արել, որ երկրում ահաբեկչության մթնոլորտն արմատախիլ լինի: Բայց Եռաբլուրում պարզվեց, որ այդ հարցերը միայն կարող են հռետորական լինել, քանի որ դրանց պատասխաններն ինքներս գիտենք, իսկ իշխանություններն ու ընդդիմությունը դրան յուրովի եւ շատ անգամ են պատասխանել: Իսկ Եռաբլուրից հետո մարդկանց բազմությունը շարժվեց Սպարապետի ծննդավայր՝ Արարատ գյուղ, որտեղ Սուրբ Հակոբ եկեղեցու բակում մեծ հանդիսավորությամբ բացվեց արարատցի քանդակագործ Արմեն Ադամյանի հեղինակած Վ.Սարգսյանի հուշաքարը: Այն տեղադրվել է, ինչպես պարզեցինք, Արարատի գյուղական համայնքի միջոցներով: Արարատյան հայրապետական թեմի Արարատյան տարածաշրջանի հոգեւոր հովիվ, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պատարագ մատուցեց: Նախկին վարչապետ Վ.Սարգսյանի ծննդյան տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, որին, ի դեպ, իշխանություններն անմասն էին, շարունակվեց ու ավարտվեց Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում՝ «Արծվաբույն» խորագիրը կրող ներկայացմամբ: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել