ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԵՂԵՌՆԸ ՎԻՃԱՐԿՈՂՆԵ՞Ր Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ մեկը, որը կասկածի տակ կառնի 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ գործված Ցեղասպանության իսկությունը։ Ուստի, անհասկանալի է, թե ի՞նչ նպատակով, ի՞նչը կանխելու համար է «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը «1915-1922 թթ. Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանման իրավական երաշխիքների մասին» օրենքի նախագծի (հիշեցնենք, որ այդ օրենքը կիրառելի կլինի միայն ՀՀ քաղաքացիների համար) հոդված 9-ում նախատեսել, թե Մեծ եղեռնը «ժխտելու, որեւէ ձեւով կասկածի տակ առնելու կամ արդարացնելու ուղղությամբ կատարված գործողությունները ճանաչվում են հանցագործություն եւ պատժվում են օրենքով»։ Օրինագծի հիմնավորման մեջ դրա ընդունման հրատապությունը փաստարկելու համար հեղինակներն այնպես են ներկայացրել, թե կան անձինք, ովքեր իբր խրախուսել են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ կասկածի տակ առնելու ջանքերը։ Եվ նշված են ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի ու Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի անունները։ Իսկ սա բացարձակ սուտ է, քանզի ինչպես Ալեքսանդր Արզումանյանը, այնպես էլ այդ հանձնախմբի այլ հայ անդամներն իրենց հրապարակային բոլոր ելույթներում միշտ նշել են, թե Հայոց ցեղասպանությունն իրենց համար անհերքելի իրողություն է։ ՀՀՇ վարչության նախագահն անգամ ողջունեց այս օրինագիծը։ Թերեւս Հմայակ Հովհաննիսյանին հարկ էր նաեւ այլ կեղծ թիրախներ գտնել, այլ «ազգային դավաճաններ», որոնց դեմ պայքարն էլ անհրաժեշտ էր դարձնում այս օրենքի ընդունումը։ Եվ քանի որ նախապես հայտարարել էր, թե իր նախաձեռնության հանդեպ «չկամության ցանկացած դրսեւորում» հավասարազոր է ազգային դավաճանության՝ ինքնըստինքյան դավաճաններ դարձան նաեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որոնք երկուսն էլ համարձակվել էին նկատել, թե այս օրինագիծը «մեդալի մյուս կողմ» էլ ունի՝ ստացվում է, որ ինքներս մե՞զ ենք համոզում։ Ի պատասխան՝ Հմայակ Հովհաննիսյանը երեկ հայտարարությունների ժամին նրանց շռայլեց իր պերճախոսության մարգարիտներից. «Խորհրդարանում եւ կառավարությունում ղեկավարող քաղաքական ուժի պարագլուխների համար, բացի սեփական աթոռների անձեռնմխելիությունից, ուրիշ արժեք գոյություն չունի, իսկ պետությունն ընդամենը միջոց է հանդիսանում սեփական ջիպերն ու դղյակները պաշտպանելու, Երեւանի կենտրոնում սնկի նման աճող կազինոների, սրճարանների, բորդելների վսեմաշուք առկայությունը երաշխավորելու համար։ Այդպես՝ յուրովի է երբեմնի սուտլիկ դիսիդենտներից ու կռազի շոֆերներից բաղկացած խառնամբոխը պատկերացնում սեփական հոգեկան անդորրը երաշխավորող գործունեությունը, որն իրականում հիշեցնում է մեծ բանաստեղծի կանխագուշակած ոգու սովը։ Այդպես է այսօր իմաստավորվում կառուցելու եւ պաշտպանելու մասին ամպագոռգոռ նախընտրական կարգախոսը»։ ԱԺ նախորդ նիստում ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էր ասել, թե Հմայակի հացը Վազգեն Խաչիկյանի հետ բանավեճն է։ Եվ այս անգամ էլ ԱԺ այդ երիտասարդ պատգամավորն անպատասխան չթողեց Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը, նրան բնորոշելով իբրեւ «նախկին դաշնակցական, նախկին ՀԺԿ-ական, ներկայիս ինչ-որ մի նոր ձեւավորվող քաղաքական ուժի պարագլուխ»։ Վազգեն Խաչիկյանն այս առնչությամբ հիշեց հայտնի պատմությունը մի մարդու մասին, որը տաքսին շտապ քշել է տալիս Թուրքիա, որպեսզի վրեժխնդիր լինի, քանի որ հենց նոր է իմացել հայերին կոտորելու մասին. «Հիմա մարդիկ կան, որ 10 տարի քաղաքականությամբ են զբաղվում եւ նոր են հիշել»։ Ի դեպ, ՀԿԿ խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանը նաեւ ասաց, թե իր համար ակնհայտ չէր, գուցե Հմայակ Հովհաննիսյանը «խոսում էր Խոջալուի՞ ցեղասպանությունից, որի հիշատակն ինքը մի քանի օր առաջ հարգել էր Սանկտ Պետերբուրգում»։ «Ագրոարդյունաբերողների» ղեկավարը տեղից սկսեց գոռալ. «Հայկական ժամանակից» փոխառված փաստարկներով մի՛ խոսեք։ Ձեր սեփակա՛ն փաստարկները ներկայացրեք», եւ դուռը շրխկացնելով հեռացավ։ «Ես, իհարկե, լավ էի հասկացել, թե խոսքը որ ցեղասպանության մասին է։ Բայց դա պատեհ առիթ էր խոսելու նաեւ Սանկտ Պետերբուրգում կատարվածի մասին»,- «Առավոտին» ասաց Վազգեն Խաչիկյանը։ Մեր հարցին, թե իր տեղեկատվության աղբյուրն արդյոք միայն «ՀԺ»-ն է՞ր, թե՞ այլ տեղեկություններ եւս ուներ, պրն Խաչիկյանը պատասխանեց. «Ես ընթերցել եմ նաեւ մամուլի այլ միջոցների հաղորդագրությունները, որտեղ այդ պնդումները եւս կային»: Թերեւս այս ամենից հետո Հմայակ Հովհաննիսյանը ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանով էլ համալրի «ազգային դավաճանների» իր ցանկը, քանզի այդ Խաչիկյանը եւս փաստորեն «չկամություն» դրսեւորեց օրինագծի նկատմամբ՝ մեզ հետ զրույցի ընթացքում նշելով. «Քաղաքականությունը որքան լուրջ է, այնքան էլ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ։ Եվ մտավարժանքներով ու ամպագոռգոռ հայտարարություններով չէ, թե ազգային կուսակցությունները ստանձնո՜ւմ են… Պարզվում է, իրենք էլ ստանձնել են պաշտպանի դերը, քանի որ բոլորը քարկոծո՜ւմ են, չե՜ն ընդունում Ցեղասպանությունը։ Մի նոր՝ Ցեղասպանության պաշտպանների կոմիտե՞ է ստեղծվել, իրենք էլ դրա գաղափարախո՞սն են, եւ միայն «Միասնություն» դաշի՞նքը չի ընդունում։ Չգիտես, թե այս ամենը որտեղի՞ց վերցված գաղափարներ են»։ Մեր դիտարկմանը, որ եթե արդեն ընդունված լիներ Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությունը, ինքը պատասխանատվության կենթարկվեր մասնավորապես Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին հրապարակայնորեն հակադրվելու համար՝ քանի որ գտնում է, թե ճանաչման գործընթացը պաշտոնական մակարդակով հետապնդելն «առայժմ եւ տեսանելի ապագայում լավ բան չի խոստանում Հայաստանի Հանրապետությանը»։ Վազգեն Խաչիկյանը պատասխանեց. «Անկեղծորեն ասած, սկզբունքներն ավելի կարեւոր են, քան քրեական պատասխանատվության ենթարկվելը կամ չենթարկվելը։ Եվ չեմ կարծում, որ մեր խորհրդարանը պիտի առաջնորդվի նման հիվանդ գաղափարներով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ