Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ ԲՈՂՈՔԵԼՈՒ

Մարտ 06,2002 00:00

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ ԲՈՂՈՔԵԼՈՒ Եթե նույնիսկ սպանեն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից «անզգույշ սպանություն» կատարելու վերաբերյալ, ըստ մեր ունեցած-չունեցած Քրդատօրի, կարող է վերաքննիչ դատարանում բողոքարկել միայն մեղադրող կողմը՝ դատախազությունը։ Ակնհայտ է, որ դատախազությունն այդ բանը չի անի, քանի որ ե՛ւ նախաքննության ընթացքում (հիշենք, թե ինչպես էր գլխավոր դատախազ Ա. Թամազյանը «փեշը գցում» նախագահի թիկնապահի վրա, երբ հայտարարում էր՝ եթե սպանելու մտադրություն ունեցած լիներ, ատրճանակը մոտն էր, կհաներ ու կսպաներ), եւ թե դատաքննության ընթացքում (հիշենք, թե ինչպես պետական մեղադրող Էդ. Սարիկյանն առանց աչքը թարթելու մերժեց միջնորդությունը Ստեֆան Նյուտոնի ցուցմունքները իբրեւ վկայություն դիտելու վերաբերյալ) դատախազությունը՝ տուժողի իրավահաջորդին պաշտպանելու իր բուն խնդիրը թողած՝ պաշտպանում էր ամբաստանյալի շահերը։ «Պապլավոկում», սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը նախագահի թիկնապահների կողմից սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանը, ըստ Քրդատօրի, դատարանի վճիռը կարող է բողոքարկել 15 օրվա ընթացքում։ Այդ ժամկետը լրանում է մարտի 8-ին, ժամը 24.00-ին։ Պրն Պողոսյանը մտադիր է դատավճիռը բողոքարկել ամենաբարձր ատյաններում։ Նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը մեզ հետ զրույցում ակնհայտ ընդգծված շեշտելով հիշեցրեց, որ Քրդատավարության օրենսգրքում աբսուրդները շատ են։ Խոսքը տուժողի կողմից վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու իրավունքի մասին է։ Փաստորեն, տուժողը, նրա իրավահաջորդը, օրինական ներկայացուցիչը իրավունք ունեն վերաքննիչ բողոք ներկայացնել միայն այն դեպքում, երբ քրգործը հարուցվել է իրենց գանգատի հիման վրա։ Այսինքն, եթե տուժողին պատճառվել է թեթեւ, առողջությունը չքայքայող մարմնական վնասվածք, եթե տեղի է ունեցել զրպարտություն, վիրավորանք կամ ծեծ։ Իսկ եթե մարդը մահացել է, եւ գործը հարուցվել է ըստ կատարված փաստի եւ ոչ թե մահացածի հարազատի գանգատի հիման վրա, բողոքի մասին խոսելն ավելո՞րդ է։ Այս իրավիճակում, հերթական անգամ ծիծաղելիից էլ տխուր վիճակի մեջ է հայտնվում մի կողմից՝ գործը քննող դատավորը, որը հայտարարեց, թե «դատավճիռը վերաքննության կարգով, դատավարության մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել 15 օրում ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան», մյուս կողմից՝ հասարակությունը, որն ակնկալում է առավել օբյեկտիվ վերաքննություն։ Սակայն փակուղի, որպես այդպիսին, պետք է որ չլիներ, քանի որ ըստ մեր ունեցած տեղեկության, նման բողոք կարող է ներկայացնել հատուկ արտոնագիր ունեցող եւ ՀՀ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը։ Պողոս Պողոսյանի իրավահաջորդի՝ Անդրանիկ Պողոսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը հենց այդպիսի փաստաբան է։ Ի զարմանս մեզ եւ նաեւ «կասկածները փարատելու համար», փաստաբան Ռուբեն Սահակյանը մեզ տեղեկացրեց. «404 հոդվածի առաջին մասի 2-րդ կետում ասվում է. վճռաբեկ դատարան բողոք բերելու իրավունք ունեն հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերաբերյալ»։ Իսկ մեզ հետաքրքրող գործով դատավճիռը օրինական ուժի մեջ դեռ մտած չէ։ Փաստաբան Ռուբեն Սահակյանն, անշուշտ, մինչ այս գիտեր Քրօրենսգրքի վերոհիշյալ հոդվածների մասին։ Ինչո՞ւ ժամանակին գործն այնպես չհարուցվեց, որ տուժողի իրավահաջորդը օրինական հնարավորություն ունենար վերաքննիչ բողոք ներկայացնել։ Մեր այս հարցին պատասխանելիս պրն Սահակյանը կրկին մի շարք հոդվածներ մեջբերեց, որոնց միջոցով փորձեց ապացուցել, որ հանցագործության բնույթն է հնարավորություն տալիս կամ զրկում վերաքննիչ դիմելու հնարավորությունից։ Այսօր Քրդատավարական օրենսգրքի հնարավորությունները պարզապես աբսուրդի թատրոն են ստեղծել։ Ըստ այդմ, նույնիսկ «Հոկտեմբերի 27»-ի քրգործով հնարավոր չի լինի վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել, եթե մի պահ պատկերացնենք էլ ավելի աբսուրդային իրավիճակ. դատարանը Նաիրի Հունանյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնի։ Փաստորեն, այդ դեպքում տուժողներից ոչ ոք իրավունք չի ունենա բողոք տանել վերաքննիչ դատարան։ Քրեադատավարական նոր օրենսգրքի անհրաժեշտությունն ակնհայտ է, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կոնկրետ Աղամալ Հարությունյանի գործում առավել մեծ դերակատարություն է ունեցել ոչ թե օրենքի անկատարությունը, այլ՝ այդ անկատարությունը ի վնաս տուժողի ծառայեցնելը։ Անդրանիկ Պողոսյանը, իհարկե, վերաքննիչ դատարան կներկայացնի բողոքը, եւ վերաքննիչը, իհարկե, կմերժի այդ բողոքը։ Սակայն սա հարցի լուծում չի լինելու։ Բոլոր նրանք, ովքեր մեղադրում են հասարակությանը, մասամբ են իրավացի։ Նույն հասարակության մեջ, անշուշտ, կան նաեւ զուտ մարդկային շահերով արդարության ձգտողներ, ովքեր հետամուտ են լինելու ճշմարտության բացահայտմանը, որքան էլ դժվարին լինի գործընթացը, թեկուզ միայն այն պատճառով, որ վաղը իրենցից (մեզնից) որեւէ մեկը չմահանա «քաշքշուկի» հետեւանքով կամ «անզգույշ սպանություն» չգործի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Այն մասին, թե վերաքննիչ դատարան ուղարկվելիք բողոքի մեջ ինչ հարցերի վրա են ուշադրություն դարձրել տուժողի իրավահաջորդը եւ նրա փաստաբանը՝ «Առավոտի» վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել