Լրահոս
Օրվա լրահոսը

Լինե՞լ, թե՞ չլինել

Մարտ 05,2002 00:00

Լինե՞լ, թե՞ չլինել «Մեր ժողովրդի այս հատվածը այս փոքր հողակտորի վրա պետք է գոյատեւի»,- եզրակացրեց ՀՀ գյուղակադեմիայի պրոֆեսոր Կորյուն Գրիգորյանը, արձանագրելով, որ «մեր ցավն ու խնդիրը պետք է լինի ներկա իրավիճակից դուրս գալը»։ Ընտրությունների շեմին, վերոնշյալ խնդիրներին հետամուտ, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կազմակերպել է սեմինարների շարք, որտեղ մեր «ցավի ու խնդիրների» ստվերում նախատեսվում է վերլուծել երկրի գյուղատնտեսության, գյուղական բնակչության արդի վիճակը, խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներ անել։ Շարքի առաջին սեմինարը տեղի ունեցավ շաբաթ օրը՝ ԳԱԱ-ում, որտեղ կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հույս հայտնեց, որ մտքերի փոխանակությունն արդյունավետ կլինի։ Առաջին սեմինարին ներկա էին առավելապես գիտնականներ, որոնք հարցը վերլուծեցին տարբեր տեսանկյուններից, չմոռանալով մեջ ընդ մեջ նկարագրել հայ գյուղի եւ գյուղացու «ծանր, թշվառ, աղքատ, անելանելի վիճակը»։ Նշվեց նաեւ, որ գիտությունը «սովետական ժամանակների պես» օտարվել է արտադրությունից. «Երեւանում նստած, ամենատարբեր ծրագրերի շրջանակներում գիտնականները աշխատություններ են գրում, վերականգնման եւ զարգացման առաջարկներ են հիմնավորում՝ գյուղացին էլ իր գյուղում ծառ ու բաղ է կտրում, բանջարեղեն ցանում»։ Սակայն մասնագետները համոզված են, որ խելացի ագրոպարենային քաղաքականության դեպքում երկիրը կարող է հուսալի աճ ունենալ։ Ի դեպ, 334 հազ. գյուղացիական տնտեսությունները շատ մասնագետներ «բլեֆ» են համարում։ Իր ելույթում ՀՀ գյուղակադեմիայի պրոֆեսոր Կորյուն Գրիգորյանը մի քանի ուշագրավ թվեր հրապարակեց. ՀՀ կառավարության սահմանած 2400 կիլոկալորիա օրական սպառման նորմայի դիմաց, փաստացի սպառման մակարդակը կազմում է 1400-1800 կիլոկալորիա, այն էլ հիմնականում հացահատիկակարտոֆիլային ուղղություն ունի։ Ի դեպ, այդ նորման զարգացած երկրներում շատ ավելի բարձր է, ԱՄՆ-ում, օրինակ՝ 3600 կիլոկալորիա։ Ըստ Կ. Գրիգորյանի հաշվարկների, 1 մլն գյուղական բնակչության արտադրած պարենամթերքը իրեն չի բավարարում, միայն կարտոֆիլն է ավելանում։ Այսինքն, շուկաներում վաճառվող գյուղմթերքները գյուղացու բերանից կտրածն է։ Ի դեպ, ետխորհրդային շրջանում կատարված հողի սեփականաշնորհումը մասնագետները բավականին ճիշտ քայլ են համարում, միայն թե «այն կատարվեց հապճեպ եւ անմշակ, որի հետեւանքով գյուղացիական տնտեսությունների ձեւավորման ակցիան ավարտվեց գյուղացուն հողին տալով»։ Նման անկանոն սնվելու պայմաններում, 1995-ին ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալներով վերարտադրողական տարիքի կանանց մոտ թերսնումներ եւ սակավարյունություն է գրանցվել, 0-5 տարեկան երեխաների աճի տեմպերի դանդաղում՝ 13%-ով եւ այլն։ Եթե հաշվի առնենք, որ 1995-ից այս կողմ ազգաբնակչության կենսամակարդակն աճել է միայն կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալներով, ապա պետք է նկատի ունենալ, որ շատ ավելի դաժան իրականության հետ գործ ունենք։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել