Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶԱԿԻ ԱՌԻԹ Է ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Մարտ 05,2002 00:00

ԵԶԱԿԻ ԱՌԻԹ Է ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Այսօր Արարատ քաղաքում, «Արաքս» ֆուտբոլային ակումբի մարզահամալիրի խաղադաշտում Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր հանրապետությունում կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարերից մեկը։ Եզրափակիչ փուլի (այն անցկացվելու է ապրիլի 25-ից մայիսի 11-ը՝ Դանիայում) 15 ուղեգրերի համար պայքարի մեջ են ներգրավվել ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների 50 հավաքականներ։ 51-րդը՝ Դանիան, որպես մրցաշարի եզրափակիչի կազմակերպիչ, ազատված է ընտրական փուլին մասնակցելու պարտականությունից։ Վերոնշյալ 50 հավաքականները բաժանված են 15 խմբերի, որոնցում, ըստ կանոնակարգի, առաջին տեղեր զբաղեցնողներն արժանանում են եզրափակիչ փուլում հանդես գալու եւ այդ տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկելու պատվին։ Հասկանալի է, այդ ժամանակ նրանց է միանալու նաեւ Դանիայի պատանիների ընտրանին։ Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ 10 խմբերում արդեն ավարտվել են մրցաշարերը եւ հայտնի դարձել եզրափակիչի մասնակիցները։ Դրանք են. Չեխիան, Բելառուսը, Հունգարիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Վրաստանը, Լեհաստանը, Շվեյցարիան, Գերմանիան եւ Ֆինլանդիան։ Մնացած 5 խմբերում հաջողակները պետք է որոշվեն մինչեւ մարտի 10-ը, քանի որ դրա հաջորդ իսկ օրը ՈՒԵՖԱ-ն կատարելու է եզրափակիչի վիճակահանությունը։ Մեր հանրապետության պատանեկան հավաքականն ընդգրկված է 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մալթան եւ Մոլդովան։ Այսօր մեկնարկային խաղում մեր տղաներն ուժերը չափելու են Մալթայի թիմի հետ։ Մարտի 7-ին կհանդիպեն Մալթան եւ Մոլդովան, իսկ երկու օր անց՝ Հայաստանն ու Մոլդովան։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս մրցաշարում գլխավոր մարզիչ Գեւորգ Քամալյանի ղեկավարած թիմից։ Թե Հայաստանի ֆուտբոլի ղեկավարները, թե մասնագետներն ու մարզիչները եւ թե ֆուտբոլասերները հայ պատանիներից սպասում են միայն հաղթանակներ։ Եվ այդ սպասումներն անհիմն չեն։ Նախ, գուցե թե առաջին անգամ վիճակահանությունը Հայաստանի հանդեպ բարեհաճ է գտնվել՝ նրան մրցակից ընտրելով այնպիսի թիմերի, որոնք ֆուտբոլային աշխարհում եղանակ ստեղծողներ չեն եւ մոտավորապես գտնվում են մերոնց հետ նույն մակարդակի վրա, եթե չասենք, որոշ չափանիշներով զիջում են, ապա հաջողության հասնելու գործում վճռորոշ դեր կարող է խաղալ սեփական հարկի գործոնը։ Այնպես որ, բոլորս էլ հույսով ու հավատով ենք լցված, որ մեր պատանեկան հավաքականը կդառնա առաջին ծիծեռնակը, որը Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հայաստանը ներկայացնելու իրավունք կնվաճի։ Առիթը եզակի է, իսկ պահը կարող է պատմական լինել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել