Հանճարն անսպառ է Ծովածավալ է Ավետիք Իսահակյանի ստեղծագործական աշխարհը, իսկ անձնական կյանքը՝ շքեղ լեգենդ։ Իր ամեն մի ստեղծագործության, օրագրության, նամակի, ծոցատետրային գրառման եւ արխիվային վավերագրերի մեջ նա աստվածային արարումով ցանել էր այնպիսի բազում գանձեր, որոնք այսօր մենք պեղում ենք, հավաքում, փորձում իմաստավորել, ընդհանրացնել, հանձնել ընթերցողին, սակայն չի հաջողվում լիարժեք կատարել», այս մասին էր իր ելույթում պատմում Հրաչյա Աճառյան համալսարանի ռեկտոր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ավագ Խաչատրյանը՝ Ավետիք Իսահակյանի «Աֆորիզմներ» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Իսահակյանագիտությունը արգասովոր ճանապարհ է անցել եւ վերջերս բանաստեղծի ծննդյանն 125-ամյակի օրերին հրապարակվեցին Ավագ Խաչատրյանի «Ավետիք Իսահակյանի պոեզիան», Ավիկ Իսահակյանի «Ավետիք Իսահակյանի գիտական կենսագրությունը» եւ Վիգեն Իսահակյանի «Հայրս» հուշապատումը։ Ավետիք Իսահակյանի «Աֆորիզմներ» գրքի բնագիրը կազմել, խմբագրել եւ վերջաբանը գրել է Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը։ Գիրքը հովանավորել եւ հրատարակել է Հր. Աճառյան համալսարանը։ Գրքի 500 էջերում սփռված են Հայաստանի եւ հայ ժողովրդի, հայկական հարցի, արվեստի եւ գրականության, խոհական, փիլիսոփայական, ինքնաբնութագրական, սիրո եւ կնոջ մասին Ավետիք Իսահակյանի թեւավոր մտքերն ու մտածումները։ Գրքում ներկայացված է Ավագ Խաչատրյանի «Ավետիք Իսահակյանի բանաստեղծական աշխարհը» առաջաբանը եւ Ավիկ Իսահակյանի «Արարչագործ աստղի առկայծումները» վերջաբանը։ Աֆորիզմների մեծ մասը առաջին անգամ է հրապարակվում։ Գիրքը նկարազարդված է Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններով եւ, ինչպես նշեց Ա. Խաչատրյանը, դա եղել է իրենց մտահղացումը. երկու խնամիներին, երկու հանճարներին, երկու ընկերներին միասին ներկայացնել հատկապես սփյուռքահայությանը։ Այս աֆորիզմների պահպանման գործում իրենց մեծ դերն են ունեցել իսահակյանագետներ Արամ Իլչիկյանը եւ Աբաս Իսահակյանը։ Ավիկ Իսահակյանը պատմում էր. իր պապի մահից հետո տատը Վարպետի արխիվը միայն նրանց է վստահել։ Նրանք էլ իրենց հերթին են ցանկացել նման գիրք ստեղծել, սակայն ժամանակները թույլ չեն տվել։ Եվ եթե գիրքը լույս տեսներ 15 տարի առաջ, ապա «Հայաստան» եւ «Հայոց հարց» բաժինները չէին լինի։ Ինչպես նշեց Սիլվա Կապուտիկյանը. «Այս գիրքը Ավետիք Իսահակյանի «ձայնագրված լռությունն է» ու նրա նշանակությունը անսահման է։ Թեկուզ այն գրված է տասնամյակներ առաջ, ցավոք, ժամանակակից է։ Այն հարցերը, որոնք հուզել են Իսահակյանին, այժմ տագնապում են նաեւ մեզ»։ Շնորհանդեսին մասնակցում էին մի շարք երգիչ-երգչուհիներ, Իսահակյանի մտորումներն ու աֆորիզմներն էին ասմունքում Ժենյա Ավետիսյանն ու Յուրի Ամիրյանը։ Շուտով Հրաչյա Աճառյան համալսարանը կտպագրի Ավետիք Իսահակյանի եւս երկու գիրք՝ «Ուստա Կարո» վեպի առաջին տարբերակը, որը գրվել է 1910-12թթ. եւ երկրորդ՝ «Սպիտակ գիրքը», որը մի աշխատություն է հայոց ջարդերի, հայոց ազատամարտերի մասին։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ