Ամբաստանյալ Բեջանովին նախապատրաստել էր Էդիկը «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը երեկ ցանկացավ նախ, որ իր գրավոր ցուցմունքները ընթերցի։ Նա հայտնեց դատարանին, որ հայերեն լավ չգիտի եւ որ այդ ցուցմունքները «գրի է առել» իր բախտակից խցընկերը։ Նա վստահում է Սամվել Հովսեփյանին, քանի որ «ինքն էլ իր նման կռված տղա է»։ Սակայն պարզվեց, որ, այնուամենայնիվ, ամբաստանյալը կարողանում է հաղորդակցվել դատավարության լեզվով եւ թարգմանի կարիք չզգացվեց։ Ամբաստանյալ Դ. Բեջանովը մինչեւ դատաքննական ցուցմունք տալը հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից։ Ի տարբերություն «քաղաքական կարկառուն դեմքերի»՝ ամբաստանյալ Հունանյանների, այս ամբաստանյալի կենսագրությունը համեստ էր։
Ինչպես ինքը ներկայացրեց, 1990թ. «Զորավար Անդրանիկ» միության «Արամ Մանուկյան» ջոկատում մինչեւ 1994թ. մասնակցել է մարտական գործողությունների։ Այնտեղ էլ ձեռք է բերել իր 3 ինքնաձիգները, որոնք տեղափոխել է (կռվող տղայի տրամաբանությանը խորթ…) Նիզամի փողոցում գտնվող մանկապարտեզի շենք, ուր եւ եղել է զենքի թաքստոցը։ Ի դեպ, այս մանկապարտեզում է գտնվել ջոկատի հրամանատար Ավետիս Գրիգորյանի նախընտրական շտաբը։
Ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը պատմեց, որ հոկտեմբերի 27-ից 1 ամիս առաջ իր հարեւան Աշոտ Կնյազյանը (ամբաստանյալ) ասաց, որ «զենք առնող է ճարել, ի՞նչ ես ասում, ասա գինը»։ Աշոտին իր հերթին հարցնում է. «Վստահելի՞ մարդիկ են», ինչին հարեւանը պատասխանում է. «Իմ ընկերներն են» (ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի մտքով չէր անցնի հետագայում, որ իր միջոցով Հունանյաններին ծանոթացած Բեջանովին նույն Հունանյանները զգուշացնում են. «Աշոտին ոչինչ մի ասա», այսինքն չեն վստահում)։ Գործարքը կայանում է։ 200 դոլար գումարով եւ 3 շիշ ֆրանսիական օծանելիքով 3 ինքնաձիգները դուրս են բերվում մանկապարտեզ-թաքստոցից, տրվում Աշոտին։ Ամբաստանյալ Դ. Բեջանովը հայտնեց նաեւ, որ կար 4-րդ զենք էլ, որը ուսումնական քանդված ավտոմատ էր…
Ամբաստանյալը երեկ ներկայացրեց, որ ինչպես է ընդգրկվել խմբում։ Սակայն նրա միամիտ շարադրանքը լսելիս այնպես էր թվում, թե Դ. Բեջանովը մինչեւ վերջ չի իմացել, թե ո՞ւր եւ ինչո՞ւ է գնում։ Թեեւ, ինչպես ներկայացրեց, հոկտեմբերի 26-ին, երբ ինքը Հունանյանների պատշգամբում զրուցել է ամբաստանյալ Կարեն Հունանյանի հետ, վերջինս ասել էր. «Այն զենքերը, որ Աշոտը քո մոտից բերել ա, ստեղ են պետք գալու։ Ավելացրեց, որ ունեն լուրջ մշակված եւ ծրագրավորված պլան ազգին փրկելու համար»։
Կարդացեք նաև
Դ. Բեջանովը հայտնեց, որ այդ օրն իրեն Կարենն ասել է, որ պիտի վարչապետին ստիպեն հրաժարական տալու։ Որպես պարգեւ էլ… խոստացել էր. «Ասաց, որ դու էլ նշանակվելու ես ազգային գվարդիայի 1-ին վաշտի հրամանատար եւ գործ ես ունենալու անմիջապես ինձ հետ»։ Նկարագրելով հոկտեմբերի 27-ի առավոտը, երբ ինքը խմբում ընդգրկում է իր մարտական ընկեր Համլետ Ստեփանյանին, ամբաստանյալը շարունակեց այն, ինչ կարծես կիսատ էր թողել ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը։
Եթե հիշում եք, վերջինս ԱԺ ոստիկանի հետ թեթեւակի «վեճ» էր ունեցել եւ Դերոյի միջամտությունից հետո էր հայտնվել ԱԺ տարածքում։ Ի՞նչ միջամտություն էր… ԱԺ էին բարձրացել Հունանյանները եւ քեռին։ Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը հսկում էր մուտքի մոտ, իր «24»-ի մեջ նստած։ «Բացել եմ դուռը, նստել եւ հարցրել. ի՞նչ եմ անելու։ Էդիկն ասաց, որ ինչ որ երեկ խոսացել ենք, կարող է լինի։ Ավելացրեց, որ հիմա Նաիրին ելույթ կունենա ռադիոյով, որից հետո դու կտեսնես. ինչ որ կանեմ, դու ինձ կօգնես։ Այդ պահին ավտոյի մոտ ռադիոյում խշշոցներ լսվեցին, ձայնը կտրվեց, միացավ եւ կրակոցներ լսվեցին։ Էդոն ասաց. չհասկացա։ Ավտոյից իջավ, մոտեցավ հերթապահ միլիցիոներին, որ գտնվում էր պահակակետում»։
Դերենիկ Բեջանովի տպավորությամբ միլիցիոները «ուզում էր Էդոյին դուրս հանել»։ Նա ցուցմունքի ժամանակ հայտնեց, որ գնում է դեպի ՌԱՖ-ը, վերցնում ավտոմատը եւ F-1 տեսակի նռնակը (ուսումնականը մարտական դարձրած)։ Եթե հիշում եք, ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը դատաքննության ժամանակ այս դրվագը ներկայացնելիս ասաց, որ ինքը ոստիկանին հայտնել էր, որ ներսում կրակոցներ են եւ ռադիոյով լսվեց։ Ոստիկանը հավանաբար իր ռեակցիան (ինքնապաշտպանական) դրսեւորել էր… Էդիկին ԱԺ պարիսպներից դուրս հանելով։
Երեկ ամբաստանյալ Դ. Բեջանովը այդ դրվագը նկարագրեց այսպես. «Միլիցիան տեսնելով ինձ՝ ներս թողեց»։ Նա չմանրամասնեց. տեսնելով իրե՞ն, ավտոմա՞տը… բայց չէ՞ որ ոստիկանն ավելի ապահով էր, երբ Էդիկի ետեւից դուռը փակել էր։ Ուրեմն ինչո՞ւ մարդաշատ փողոցի՝ Բաղրամյանի վրա փակված դարպասը… բացվեց։
«Միլիցիային ասացի. դուռը բաց արա,- շարունակեց ամբաստանյալ Դ. Բեջանովը,- միլիցիան դուռը բացեց։ Մտա տարածք եւ Էդոյին հարցրի. նե՞րս ենք գնալու։ Ոչինչ չպատասխանեց եւ շարժվեց դեպի շենք։ Ես էլ գնացի Էդիկի ետեւից…»։ Ի դեպ, այս ամբաստանյալը համենայնդեպս միակն էր այն 3-ից, որոնք գոնե ԱԺ ներքին շարժը ներկայացնելիս, այն չեն ներկայացնում դատարկ։ «Մենք բարձրացանք 2-րդ հարկ։ Միջանցքում աղջիկներ էին՝ կաբինետների դռները բաց»։ Քաջատեղյակի տպավորությամբ Դ. Բեջանովը ներկայացրեց, թե ինչպես են թեքվել դահլիճ՝ օդ կրակելով, ապա ինչպես է վերահսկել նախագահությանը կից փոքր միջանցքը։
Մի դրվագ էլ էր ուշագրավ. նա ներկայացրեց, թե ինչպես է Էդիկ Գրիգորյանը իրեն անսարք վիճակում հանձնել իր մոտ գտնվող ՏՏ ատրճանակը. «Զենքը վերանորոգել եմ եւ մինչեւ հանձնվելը պահել եմ ինձ մոտ»։ Թե ե՞րբ էր վերանորոգել, ո՞ր պահին՝ չասաց։ Ամբաստանյալն ավարտեց իր դատաքննական ցուցմունքը։ Նրան հարցեր պիտի տային դահլիճ բերված մյուս 4-ը, սակայն նրանք հարցեր չտվին։ Գուցե պատճառն այն էր, որ ամբաստանյալ Դ. Բեջանովը հասկացրեց, որ հրաժարվելու է հարցերին պատասխանելո՞ւց։ Մարտի 6-ին դատարան կբերվեն Հունանյան եղբայրները։ Տեսնենք նրանք հարցեր կունենա՞ն։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ