Մե՛կ հատիկՎազգենը Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանն այլես Հայաստան չէ, Հայաստանը հայրենիք չէ. Հայաստանը դարձել է հանցանքի վայր, ոճրագործության վայր, դարձրել ենք Վազգենի սպանության վայր։ Իսկ հանցանքի վայրից փախնելով փախչում են կամ մնում են Ռասկոլնիկովի նման՝ հեղափոխականի պես հերոսաբար փիլիսոփայելով։ Իսկ ոճրագործության վայրում հաց չի աճում սովորաբար, եւ ձյունը ծառզարդարին է տեղալու բնականաբար։ Չմոռանանք։ Մենք, որ խանգարված էինք դեռ առաջին հազարամյակում, երրորդ հազարամյակ մտանք մեկ անգամ էլ խանգարված՝ որդեսպանի արյունոտ ձեռքերով սրբելով իբր թե, մեր արցունքը։ Արդեն երրորդ տարին է, որ կասեցրել ենք դեպի վաղվա օրը մեր ընթացքը եւ շվարած, խանգարված, շեղված ժպտում ենք անհուսության մեջ խորասուզված։ Արդեն երրորդ տարին է, մեր բան ու գործը թողած, ամեն օր սպանում ենք, սպանում ենք, սպանում ենք Վազգենին եւ չենք կարողանում։ Չի մեռնում այդ մարդը, մնում է իր տեղում նստած։ Արդեն երրորդ տարին է, մեր բան ու գործը թողած, կոծկում ենք, թրքավարի կոծկում ենք, թրքորեն խեղաթյուրում ենք, թրքաբար չենք խոստովանում Բացահայտը՝ տարսոնցի Պողոսի խոսքը՝ «Վայ մեղավորին արդարների ժողովում», կարդալով շրջոնք. «Վայ արդարին մեղավորների ժողովում»։ Տխմար ասպետի պես թքում ենք քամու դեմ, ահաբեկվածի նման քարացել ենք՝ հոգնածության ու կարկամել՝ զզվանքի մեջ։ Չկա Վազգենը, իսկ անգաղափար, արժեթափ, չժողովված ժողովուրդը կա, բայց ոնց որ չկա. ողջ է, բայց համարյա ողջ չէ։ Եթե կա եւ եթե ողջ է, ապա՝ Վազգենից ոչ առավել, կա՝ Վազգենի կորուստը սարսափահար չկշռելու համար, ողջ է, որպեսզի շուտով, շա՜տ շուտով ծնկները չծեծի անսփոփ եւ գլխին չտա անմխիթար՝ ուշացած «հեյվախ» կանչելու. «Ավաղ փառացս անցավորաց»։ Այսպես ու այսքանով ոնց որ թե կա Թորգոմյան տունը՝ թաց փայտ նետելով իր խաշիլի կաթսայի տակ եւ կուտ գնացած հացը դնելով հարսանիքի սեղանին։ Պատմության մեջ լինում են ժամանակներ, երբ սխալվում է ամբողջ ժողովուրդը, բացի մեկից, մեն մի հատիկ հերոսից։ Կարամազովյան շրջանի Ռուսաստանն ապրում էր շեղված, սանձազերծ, արտառոց, պղծված կյանքով։ Միայն Փոքր Կարամազովը՝ Ալյոշան, ընթանում էր անխոտոր՝ սրբելով մանկան արցունքը։ Այդպիսի ժամանակների համար են ասում. «Մեկը հազարին արժե, հազարը մեկին չարժե»։ Իսկ մենք միշտ էլ այդպիսի ժամանակներում ենք ապրում, միշտ էլ Մեկերի ժողովուրդ ենք եղել՝ Մեկի շուրջը կազմակերպված, Մեկի հետեւից գնացող։ Մեր օրերի մեկերից Մեկ հատիկը Վազգենն էր, որին վայել էր մահը գտնել Ավարայրի դաշտում, իսկ մենք չկարողացանք նրա համար ոչ միայն լեգենդային, ոչ միայն հերոսական, այլեւ կարգին, մարդավարի մահ ապահովել։ Արդեն երրորդ տարին է… Այս անգամ՝ այսքանը… ՍԱՍՈՒՆԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ