Խնայե՛ք ձեր ստամոքսները ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը երեկ, փաստորեն, այս հորդորն ուղղեց 6-յակի իր գործընկերներին։ «Ընդդիմության իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս՝ նյարդային վիճակի մեջ չընկնել։ Ստամոքսի խոց է առաջանում։ Բուժելը հեշտ չէ»,- Սահմանադրական հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ փոփոխություններ անելու նախաձեռնության շուրջ իր ելույթում ասաց Հրանտ Խաչատրյանը։ Նրա ելույթի ժանրը, թերեւս, կարելի էր բնորոշել իբրեւ «լավատեսական ողբերգություն», քանզի մեղմ հումորով խոսում էր բավական տխուր բաների մասին։ «Հարգելի դատարկ խորհրդարան»,- իր ելույթն այս բառերով սկսեց ՍԻՄ նախագահը՝ դիմելով այն հազիվ 20-30 հոգուն, որոնց երեկ եւ գուցե ընդհանրապես հետաքրքրում էր Սահմանադրությունը։ Հիմնականում էլ՝ խորհրդարանական համակարգի ջատագովներն էին դահլիճում ներկա, որոնց Հրանտ Խաչատրյանն ասաց, թե Հայաստանում ապրելը ոչ միայն դժվարացել է, այլ նույնիսկ ձանձրալի է դարձել։ Քանզի նույնիսկ անիմաստ է իրենց առաջարկների վրա թանաք ու թուղթ ծախսել՝ միեւնույն է, չեն անցնելու, չարժե նաեւ ողջամիտ տարբերակները 3 անգամից ավելի կրկնել՝ հասկացողի համար 2 անգամն էլ բավական կլիներ։ Մինչդեռ Շավարշ Քոչարյանն իր ելույթում շարունակում էր կրկնել, թե Սահմանադրական հանձնաժողովն ամեն ինչ արեց, որ նախագահական ու խորհրդարանական տարբերակների համեմատական քննարկում չանցնի, լսումներ չլինեն, եւ այլն։ Գուցե 6-յակի կուսակցությունների ա՞յլ ներկայացուցիչների մոտ Հրանտ Խաչատրյանի հորդորներն ընդունելություն գտան։ Քննարկումներին հետեւում էին ԱԺԿ անդամ Վարդան Պողոսյանը եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, որոնցից եւ հետաքրքրվեցինք, թե չե՞ն ափսոսում իրենց թուղթն ու թանաքը եւ վերջապես՝ չե՞ն զգուշանում ստամոքսի խոց վաստակելուց, զուր տեղը նյարդեր վատնելով Սահմանադրության վրա։ «Բոլորս էլ հասկացանք, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագիծը շատ որոշակի եւ ԱԺ կանոնակարգի շատ կոպիտ խախտումներով էր արվել։ Եվ նախապես էլ գիտեինք, որ դա անցկացվելու է։ Նորմալ դատական համակարգ չկա, որ հնարավոր լիներ պատասխանատվության ենթարկել այս խախտումների համար։ Ուստի, կամայականորեն ինչ ուզեն՝ կարող են անցկացնել՝ խաղալով նրա վրա, որ պատգամավորների գերակշռող մասը ծանոթ չէ ԱԺ կանոնակարգին եւ Սահմանադրությանը,- ասաց առողջապահության նախկին փոխնախարար Արտակ Զեյնալյանը։- Հրանտ Խաչատրյանի ասածը լուրջ հիմքեր ունի։ Նյարդայնությունից կարող ես սթրեսային խոց ձեռք բերել»։ Իսկ Վարդան Պողոսյանի պատասխանը հետեւյալն էր. «Կարծում եմ, թե քննարկումներն անհրաժեշտ են՝ անկախ նրանից, թե ուժերի հարաբերակցությունն այժմ ԱԺ-ում ինչպիսին է։ Ներկայացնելով Սահմանադրության մեր նախագիծը՝ չենք ելել նրանից, որ այժմ քաղաքական փոքրամասնություն ենք եւ միշտ այդպես ենք մնալու, այլ առաջնորդվել ենք այն գաղափարով, որ մեր երկրին անհրաժեշտ է ուրի՛շ կառավարման ձեւ, ուրի՛շ Սահմանադրություն։ Հետեւաբար՝ հարկավոր է այդ ուղղությամբ հետեւողական պայքար մղել։ Եթե այս փուլում հաջողության չհասնենք՝ դա չի նշանակում, որ մենք հանձնվելու ենք»։ Արտակ Զեյնալյանն ի հավելումն կատակեց. «Դրան կարելի է հասնել՝ նույնիսկ ստամոքսի խոց ստանալու գնով»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ