Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ, ՊԱՐԶԱՊԵՍ՝ ՄԻ ՄԵԾ «ԹԱՄԱՇԱ»

Մարտ 05,2002 00:00

ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ, ՊԱՐԶԱՊԵՍ՝ ՄԻ ՄԵԾ «ԹԱՄԱՇԱ» «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահ է, որ այսօր միայն մեկ հարցի շուրջ ձեւավորված ընդդիմություն կա, որը պայքարում է իբր թե համակարգային փոփոխությունների համար, բայց ըստ էության արգելք դնելով համակարգային փոփոխությունների ընթացքի վրա, միավորվել է ոչ թե դրանց շուրջ, այլ՝ ընդդեմ հանրապետության նախագահի։ Անշուշտ, պրն Սահակյանը նկատի ունի վեցյակի Սահմանադրական նախաձեռնությունը, որն ինքը «ինքնանպատակ» է համարում, մանավանդ նրանց բնութագրերում ակնհայտ է, որ «յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծում»։ Ինչո՞ւ վեցյակի վերցրած կուրսը այլ կերպ չի ընկալվում, ինչո՞ւ է Գալուստ Սահակյանին այդչափ վրդովեցնում, որ մի շարք քաղաքական ուժեր կարող են համախմբվել նաեւ ընդդեմ նախագահի (եթե ընդունենք, որ հանուն դրա են համախմբվել իրականում) եւ ինչո՞ւ չի կարելի նորմալ համարել, որ քաղաքական ուժերը կարող են դժգոհ լինել կամ համաձայն չլինել նախագահի վարած քաղաքականությանը եւ համախմբվել թեկուզ հենց այդ պատճառով։ Գալուստ Սահակյանն ինքն էլ չժխտեց, որ առանց առողջ ընդդիմադիր դաշտի զարգացման պրոցեսներ չեն լինում, բայց եւ ասաց. «դեմ անձին, թե՝ դեմ ռեժիմին։ Նրանք պարզապես անձնավորել են իրենց գործընթացները նախագահի դեմ»։ Չուզելով մինչեւ վերջ «նախագահամետ» երեւալ, պրն Սահակյանն ասաց, որ իրենք որեւէ «—մետ» չեն, իրենք իշխանությունն են. «մետ» կարող են ասել նրանց, որոնք իշխանություն չեն։ Եվ քանի որ հանրապետականը իշխանություն է, ուրեմն նեղանում է, երբ իրեն կոչում են նախագահամետ, կամ էլ այնքան տափակացած՝ «պետականամետ»։ Հանրապետականը հայտարարում է, թե իշխանություն է եւ անցյալում էլ մի շարք բաներ է արել, որոնց մասին այսօր էլ բարձրաձայն չի խուսափում խոսել, օրինակ, որ 98-ին եւ դրանից հետո էլ պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, նաեւ այն, որ ՀՀԿ-ի կառավարությունն անմիջականորեն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ։ Թեպետ այս ամենից ՀՀԿ-ն չի հրաժարվում, բայց եւ միանշանակ չի հայտարարում՝ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ շարունակելու է պաշտպանել Ռ. Քոչարյանի թեկնածությունը։ Թե ինչո՞ւ կուսակցությունն առայժմ նման հայտարարություն չի անում, երկու պատճառ կա. նախ՝ Ռոբերտ Քոչարյանը դեռ թեկնածությունը չի առաջադրել (ինչպես եւ որեւէ մեկը) եւ հետո՝ ի՞նչ է ստանալու ՀՀԿ-ն նման հայտարարության համար։ Եվ քանի դեռ Քոչարյանի կողմից կոնկրետ խոստում չի տրվել, կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե հարցը որոշելու է համագումարը։ Մինչ համագումարը նման որոշման կանդրադառնա, հասարակությունը քննարկում է նաեւ երթուղային տաքսիների «գծեր» եւ տոնավաճառներ ունեցող պատգամավորների հարցերը։ Այդ շարքում հիշատակվում է նաեւ Գալուստ Սահակյանի անունը։ Շաբաթ օրը «Ազդակ» ակումբի անդամներից մեկին պրն Սահակյանը «չորեց», երբ իրեն եւ մյուսներին մեղադրեցին «գիծ» ունենալու համար։ Խմբակցության ղեկավարը մեզ հետ զրույցում կրկնեց իր միտքն այն մասին, որ «շատ լավ կլինի, եթե շատ մարդիկ շատ մեծ հնարավորություններ ունենան, այդ թվում նաեւ ես։ Կարելի է ե՛ւ «գծեր» ունենալ, ե՛ւ գործարաններ։ Դրանից միայն տնտեսությունը զարգացում կապրի»։ Ա՛յ քեզ բան, ուրեմն՝ զարգացած տնտեսություն ունենալու համար հարկավոր է, որ Գալուստ Սահակյանը կամ մեկ-երկու այլ պատգամավորներ «գծեր» ունենան։ Իսկ մի քանի միամիտների թվում էր, թե դա պարզապես կքայքայի տնտեսությունը։ Այդ դեպքում ո՞ւր մնաց երկրի Գլխավոր օրենքը, որն արգելում է պատգամավորներին՝ օրենսդիր գործունեությունից բացի այլ բանով զբաղվել (բացի մանկավարժությունից)։ Գուցե «գիծ» պահելը ոմանք մանկավարժությո՞ւն են համարում։ Գալուստ Սահակյանը մեր ուղղությունից հարցն անընդհատ շեղում էր. «ընդհանուր առմամբ ձեռնարկատիրությունը, ձեռներեցությունը պիտի խրախուսվի։ Ինչքան Հայաստանում նման մարդիկ շատ լինեն, էնքան պետությունը ուժեղ կլինի»։ Նա չի կարծում նաեւ, թե «գիծ» պահելը «համատարած երեւույթ է պատգամավորների շրջանում»։ Մեր հարցին՝ օրինակ, քանի՞ պատգամավոր սեփական «գիծ» ունի, պրն Սահակյանը պատասխանեց. «Պատշաճ չէ նման հարցեր տալ եւ նույնիսկ պատշաճ չէ, որ նստես-հաշվես, թե ով ինչ ունի։ Յուրաքանչյուր պատգամավոր հայտարարագրել է իր ունեցվածքը, եւ շատ շուտով կհրապարակվի»։ Արմանք-զարմանք բաներ մեզանում վաղուց չեն կատարվում։ Կառավարության շքեղ առանձնատներ ունեցող ներկայացուցիչներին, մեծ ու միջին պաշտոնյաներին վարչապետը հավատում է, երբ նրան զեկուցում են, թե ինչպես են զոքանչի թոշակը կոպեկ-կոպեկ հավաքելով առանձնատուն կառուցել։ Նախագահը համարում է, որ բոլոր նախկին տրեստի կառավարիչներն են տներ կառուցում, խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարն էլ վստահ է, որ «գիծ» պահելը տնտեսության զարգացման կարեւոր պայման է։ Երկիր չի, պարզապես՝ մի մեծ «թամաշա»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել