ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԹՈԹԱՓԵՑԻՆՔ, ԴՐԱԽՏ ԷԼ ՉԸՆԿԱՆՔ Եվրոպական կինոն… հակառակ Հոլիվուդի Խոլ Բերրի «Արծաթե Արջ» մրցանակակիր, լավագույն կին դերասանուհի Ժակ Գեմբլին «Արծաթե Արջ» մրցանակակիր, տղամարդու լավագույն դերի համար Կլաուդիա Կարդինալե «Ոսկե Արջ» մրցանակակիր, կինոյում վաստակի համար Կոստա Գաբրաս ռեժիսոր, «Ոսկե կամերա» մրցանակակիր Զրուցակիցս՝ ՀՀ կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ, միջազգային կինոլրագրության ֆեդերացիայի անդամ Սուսաննա Հարությունյանն է, որը օրերս է վերադարձել Բեռլինի միջազգային 52-րդ կինոփառատոնից։ Հայաստան պետությունը ոչ մի կինոնկար չէր ներկայացրել։ Կինոքննադատի կարծիքով, մեր կինոպատկերներից գոնե 2-ը կարող էր մրցունակ լինել։ Իսկ թե հատկապես որոնք, կարող եք տեղեկանալ ստորեւ ներկայացված զրույցից։ – Բեռլինի միջազգային ամենամյա կինոփառատոնը աշխարհի «Ա» դասի փառատոներից է (ինչպես Կանն ու Վենետիկը)։ Փառատոնն ամփոփում է նախորդ տարվա արդյունքները եւ ներկայացնում նոր տարվա նորույթները։ – Դուք առաջին անգա՞մ էիք մասնակցում Բեռլինի կինոփառատոնին։ – Ասեմ, որ 6-րդ անգամ եմ մասնակցում։ Այն ինձ համար եզակի հնարավորություն է՝ առնչվելու կինոնորություններին եւ կինոընթացքին, որովհետեւ այդ հնարավորությունները, ցավոք, այստեղ մենք՝ կինոքննադատներս, չունենք։ Այն, ինչ Հոլիվուդից դուրս է, մեզանում հնարավոր չէ, որ հասնի, իսկ մենք էլ քիչ հնարավորություն ունենք դրա հետ առնչվելու։ Իսկ հիմնական արժեքները, ինչպես գիտեք, ստեղծվում են որոշակի կինոտարածության մեջ։ Անցյալ տարի ես Բեռլինի փառատոնի կինոլրագրողների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի անդամ էի։ Այդ առումով իմ կապերը փառատոնի հետ լավ են։ Հաճախ ինձ հարց են տալիս, թե ինչո՞ւ կինոքննադատը կմասնակցի փառատոնին, իսկ, ասենք, դերասանը, ռեժիսորը՝ ոչ։ Փառատոներն առաջին հերթին, ճիշտ է, դերասանների, ռեժիսորների համար են։ Բայց մյուս կողմից էլ կինոքննադատը, որպես այդ ինֆորմացիայի կլանող եւ տարածող, ինչ-որ տեղ նաեւ հող նախապատրաստող է։ – Առանձնահատո՞ւկ էր արդյոք այս փառատոնը եւ հատկապես ինչով։ – Առաջին անգամ փառատոնն ունեցավ իր նոր տնօրենը՝ Դիտեր Կոսլիկը։ Ակնհայտ էր, որ նա հակված էր… եվրոպական կինոն, հակառակ… Հոլիվուդի։ Այս տարի ծրագրում կոմերցիոն-հոլիվուդյան կինոպատկերներից գրեթե չներկայացվեցին։ Երկրորդ առանձնահատկությունը նոր մրցանակներն էին. «Լավագույն կինոերաժշտության համար», «Լավագույն դեբյուտի համար»… Մեզ համար ուսանելի պիտի լինի արեւելաեվրոպական կինոմշակույթը, նախ այն առումով, թե ինչպես է հող նախապատրաստվում ներկայացնելու համար։ Փարաջանովի նախկին օպերատորը՝ Յուրի Իլիենկոին, ներկայացրեց Ուկրաինա երկիրը պատմաքաղաքական մի շաղախով։ Այն վերաբերում էր ռուս-ուկրաինական հարաբերություններին։ Արվեստից դուրս, հիվանդոտ ազգային դրսեւորումներով։ Նույնիսկ բացարձակ անճաշակությունը մատուցվեց պատշաճ։ Ներկայացավ երկիրը։ – Դուք տեղեկացրիք, որ մենք որեւէ կինոպատկեր Բեռլին չէինք տարել։ Ինչո՞ւ։ Ո՞րն է պատճառը այդ պատնեշը հաղթահարելու։ – Մենք չենք հասկացել, որ կինոն միայն արտադրանք ստեղծել չէ։ Ժամանակակից կինոն շրջանառություն է, շուկա եւ քաղաքականություն։ Մեզ այնպես է թվում, թե ստեղծեցինք ֆիլմ եւ գործն ավարտված է։ Դա ներելի է ռեժիսորին։ Սակայն… զուգահեռ կառույցները բացարձակ չեն գործում։ Պիտի հասկանանք, որ նախ կինոն պիտի ներկայացվի փառատոնին, ապա՝ շուկա մտնի։ – Դուք ո՞ր հայկական կինոնկարը կտանեիք Բեռլին, եթե ձեզ այդ հնարավորությունը տրված լիներ։ – Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» եւ Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը»։ Ափսոս։ Մենք փառատոների հետ բանակցելու ձեւերը չգիտենք։ Չնայած կինոարտադրություն ունեցող պետություն ենք։ Հաջորդ առանձնահատկությունը այն էր, որ ստեղծվեց հիմնադրամ, աջակցելու այն պետություններին, որոնք ունեն կինոարտադրություն, սակայն չեն կարողանում ֆինանսապես ապահովել այդ։ Մտածել է պետք, թե ինչպես օգտագործենք այդ հնարավորությունը եւս։ – Ընդհանրապես հայտագրումն ինչպիսի՞ն էր, ներկայացուցչական կազմը, ֆիլմերի քանակը… – Հազարներով է չափվում հայտագրումը։ Ավելի քան 20 կինոթատրոններում ցուցադրվում են փառատոնային ծրագրում տեղ գտած ֆիլմերը։ 11 օրվա ընթացքում… 400 ֆիլմ։ Գոնե 50 կինոպատկեր՝ նայել եմ, օրը… 5։ Գործում է խոշոր կինոշուկա եւ փառատոնի ազդեցիկ լինելն էլ պայմանավորված է այն շուկայով, ուր միլիոնների պայմանագրեր են կնքվում։ Կլաուդիա Կարդինալեի, որը ստացավ կինոյում իր վաստակի համար «Ոսկե Արջ» մրցանակը, ներկայությունն ինքնին հուշում է… փառահեղ ներկայացուցչական կազմի մասին։ Արդյունքո՞ւմ, ինչպես հարցնում եք, 1-ին մրցանակը ստացան անգլիացի Գրինգրասը «Արյունալի կիրակիի» համար եւ ճապոնական մուլտկինոնկարը։ «Արծաթե Արջը» ստացավ Անդրեաս Դրեզեն «Գրիլանոց» կինոնկարի համար։ Մյուս «Արծաթե Արջը» լավագույն ռեժիսուրայի համար եւ կինոքննադատների մրցանակը ստացավ Իոսելիանին՝ «Երկուշաբթի առավոտյան» կինոնկարի համար։ Վրաց ռեժիսորը մամուլի ասուլիսին ասաց. «Ժամանակին մենք բոլորս, որ սովետների երկրի քաղաքացիներ էինք, թվում էր, թե երկիրը երբ քանդվի, բոլորս մենակությանը հրաժեշտ կտանք եւ կքայլենք դրախտ։ Քանդվեց։ Պատրանքները հօդս ցնդեցին եւ տեղը թափուր մնաց»։ Մեր հայրենակիցներից՝ կարճամետրաժ կինոնկարի համար («Երեխաներն արեւի տակ», 5 րոպեանոց) 2-րդ մրցանակ «Պանորամա» ծրագրում ստացավ կանադահայ Գարինե Թորոսյանը։ – Հակվածություն կա՞ դեպի կարճամետրաժ կինոնկարը, «կարճախոսության» այդ ժանրը։ – Կան տասնյակ փառատոներ, որ սեւեռված են կարճամետրաժի վրա։ Կան հատուկ շուկաներ, տվյալների բանկ, որի մեջ պիտի ձգտենք մեր տեղն ունենալ։ Պիտի հասկանանք, որ առաջին քայլ անողները դեբյուտային- կարճամետրաժ կինոպատկերներից պիտի սկսեն եւ այն պիտի խրախուսվի պետության, հատուկ հիմնադրամների կողմից։ Առանց այդ շերտի՝ ազգային կինոն չի կարող գոյատեւել։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ Նկարները՝ ԹԻՄՈ ԿՈՒՅՍՄԻՆԻ Հատուկ «Առավոտի» համար