Օլիմպիական եւ քաղաքական խաղեր Ձմեռային օլիմպիադայի վերջին օրերին հատկապես ակնհայտ դարձավ, որ այդ միջոցառումը ոչ այնքան սպորտային է, որքան քաղաքական։ Դատավորական «սխալներից» եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի ոչ օբյեկտիվ որոշումներից առաջին հերթին տուժեց Ռուսաստանի մարզիկների հավաքականը, ըստ որում ոտնձգությունները այնքան ակնհայտ էին եւ չսքողված, որ դրանց մասին աղաղակեցին ոչ միայն ռուսական, այլեւ, օրինակ, գերմանական ու ֆրանսիական զանգվածային լրատվության միջոցները։ Այդ աստիճան ճնշումներ չեն արձանագրվել անգամ սառը պատերազմի ամենասառը տարիների միջազգային մրցումների ժամանակ։ Անարդար որոշումներից տուժել են նաեւ այլ երկրների մարզիկները, որոնք «խանգարում» էին ամերիկացիներին։ Կարելի է փաստել, որ ԱՄՆ-ն նպատակ էր դրել ցանկացած գնով եւ մեթոդներով հասնել օլիմպիական բարձր արդյունքների, եւ իրականացրեց մտածածը՝ բացահայտ ընդգծված։ Հնարավոր է վիճաբանել միայն այն հարցի շուրջ, թե որո՞նք են նման գործելակերպի պատճառները։ Պարզ է, որ դրանք քաղաքական են, քանզի այն ենթադրությունը, որ խախտումները կատարվել են բիզնեսի եւ կաշառքի մակարդակի վրա, չեն բացատրում դրանց ծավալը եւ համակարգված բնույթը։ Մյուս, շրջանառության մեջ գտնվող բացատրությունը ելնում է նրանից, որ ամերիկյան կառավարությունը փորձեց սպորտային «նվաճումների» միջոցով ամրացնել ամերիկացիների ազգային ոգին, որը հուժկու հարված ստացավ սեպտեմբերի 11-ի դեպքերի ժամանակ։ Իսկ որ դրանից կարող է ոտնահարվել այլ ժողովուրդների ինքնասիրությունը եւ խաթարվել երկարատեւ պատրաստվող մարզիկների ապագան՝ այդքան էլ կարեւոր չէ։ Սակայն թվում է, որ դա հիմնական պատճառը չէ։ Առաջին հերթին, ամերիկացիների մեծամասնությունը, ի տարբերություն եվրոպացիների, ընդհանրապես քիչ է հետաքրքրվում օլիմպիական խաղերով։ Նրանց շատ ավելի են գրավում «ամերիկյան» մարզաձեւերը՝ բեյսբոլը, ռեգբին, բասկետբոլը եւ այլն։ Երկրորդը, եթե ԱՄՆ-ի ղեկավարությունը իրոք ուզենար հանգիստ վստահություն ներշնչել սեփական ժողովրդին, չէր վարի ռազմական հիստերիայի քաղաքականությունը, որը թափանցել է արդեն ամերիկյան կյանքի բոլոր ոլորտները։ Ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն հերթական անգամ ուզում է հիշեցնել աշխարհին, թե ում ձեռքին է կուտակված ուժը, ֆինանսական եւ քաղաքական լծակները (հատկապես նրանց, ովքեր սկսել են դրանում կասկածել սեպտեմբերի 11-ից հետո)։ Սա փորձաքար էր, ինչպես նաեւ տեղեկատվությունը Իրաքի վրա սպասվող հարձակման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեն։ Արձագանքեցին ոչ միայն առանձին երկրներ, այլեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, որը նման հարձակումը աննպատակահարմար համարեց։ Ճիշտ է, ԱՄՆ-ի պաշտոնական կարծիքը արտահայտված չի եղել, բայց քանի որ կա արձագանքը, ուրեմն կար եւ մտադրությունը։ Չի լինում ծուխ՝ առանց կրակի։ Իսկ նոր տեղեկատվությունը այն մասին, որ ԱՄՆ-ն նախապատրաստում է ռազմական ակցիա Վրաստանի տարածքում գտնվող Պանկիական կիրճում՝ միայն ամրապնդում է վերոնշյալ ենթադրությունները։ Նման հակաահաբեկչական ակցիան, իրականանալու դեպքում, կլինի աննախադեպ՝ նորագույն պատմությունում, քանզի կանցկացվի առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու եւ կդառնա առաջին նախադեպը, երբ արտերկրի զինվորականները կգործեն ԱՊՀ տարածքում։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ