Ռոնալդոն կարող է հրաժեշտ տալ «Ինտերին» Իտալիայի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի նախագահ Մասիմո Մորատտին երբեք չի թաքցրել Ռոնալդոյի հանդեպ ունեցած իր հիացմունքը, նույնիսկ նրան իր որդին է համարել։ Սակայն ժամանակը հոսում է եւ համաձայն ակումբին մոտ կանգնած աղբյուրների տեղեկատվության, հեռու չէ այն օրը, երբ բրազիլացին, հնարավոր է, հարկադրված հրաժեշտ տա թիմին։ Մորատտին եւ հատկապես թիմի մարզիչ Էկտոր Կուպերը դժգոհ են աստղի վարքագծից։ Մինչ «Ինտերը» սկուդետտոյի համար ծանր պայքար է մղում, Ռոնալդոն կրկին հայտարարել է, թե իրեն հերթական վնասվածքից հետո վերականգնողական կուրս է հարկավոր անցնել։ Եվ, որ շատ է «նեղացրել» ակումբի ղեկավարներին, խոսքերը հնչել են Ռոնալդոյի հայրենիքում՝ Բրազիլիայում, որտեղ Ռոնալդոն ակտիվ մասնակցություն է ունենում այս երկրում շքեղությամբ անցկացվող ամենամյա հրաշագեղ դիմակահանդեսին։ Ողջ-առողջ Ռոնալդոյի եւ դիմակահանդեսների մեկ այլ մեծ սիրահար Էդմունդոյի պատկերով նկարները հեղեղել են աշխարհը։ «Ինտերին» մոտ կանգնած նույն աղբյուրի տեղեկությունների համաձայն, բրազիլացին իր պարտականությունների կատարման նկատմամբ այդպիսի վերաբերմունք ցույց տալու համար միանգամայն հնարավոր է, որ ամռանը վաճառվի մեկ այլ ակումբի։ Բայց Ռոնալդոյին իրենց շարքերում տեսնել ցանկացողների թիվը քիչ չէ։ Չէ՞ որ ֆուտբոլիստը երկու անգամ ճանաչվել է աշխարհում թիվ մեկը։ Խոսքն առաջին հերթին Իսպանիայի «Ռեալի» եւ «Բարսելոնի» մասին է։ Ընդ որում, վերջինի, որտեղ Ռոնալդոն հասավ համաշխարհային համբավի, հնարավորություններն ավելի բարձր են գնահատվում։ Բրազիլացու նկատմամբ շահագրգիռ հետաքրքրասիրությունը չեն թաքցնում «Ռոմայի» ներկայացուցիչները, որոնք զբաղված են «տարիքն առած» Բատիստուտային փոխարինելու համար գերհարձակվող փնտրելու հոգսերով։