Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԿԶԲԻ ՀԱՄԱՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Մարտ 02,2002 00:00

ՍԿԶԲԻ ՀԱՄԱՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Դոպինգը դարձել է համաշխարհային սպորտի փորձաքար «Ժամանակակից հակադոպինգային լաբորատորիա ստեղծելու եւ նորագույն սարքավորումներ գնելու համար Ռուսաստանի ՕԿ-ն եւ ՌԴ սպորտպետկոմը որոշել են հատկացնել $3 մլն,- հայտարարել է ՌՕԿ-ի հակադոպինգային տեսչության ղեկավար, պրոֆեսոր Նիկոլայ Դուրմանովը։- Սակայն այդ միջոցները բավարար չեն այդ ուղղությամբ լիարժեք աշխատելու համար»,- ավելացրել է նա ու շարունակել, որ լրացուցիչ ծախսեր էլի պահանջվելու են։ Դուրմանովի գնահատմամբ՝ Սոլթ Լեյքի օլիմպիական խաղերում ռուսաստանցի մարզիկների հանդեպ «արյունարբու գործողություններ» կիրառել հնարավոր էր միայն դոպինգի դեմ պայքարում ժամանակակից գիտական ու տեխնոլոգիական բազա ունենալու պայմաններում։ Ռուսաստանի ՕԿ-ն եւ Սպորտպետկոմը ավերված նյութատեխնիկական բազա են ժառանգություն ստացել։ «Մենք գիտենք, թե 5 հազար դեղամիջոցներից մեր մարզիկները որոնք են օգտագործում հաջողության հասնելու համար, այն էլ օլիմպիադայի մակարդակի մցումներում։ Դրանցից արգելված է ընդամենը 350-ը, մյուսներն օգտագործել թույլատրվում է։ Դրա համար էլ Սոլթ Լեյքում դահուկորդների եւ բիաթլոնիստների մեջ այդքան բարձր է «ասթմայով հիվանդ» մարզիկների տոկոսը»։ Ռուսաստանի հեղինակավոր մասնագետները, ողջունելով նորագույն դոպինգային լաբորատորիա ստեղծելու համար այդքան մեծ գումար հատկացնելու որոշումը, այդուհանդերձ, ընդգծում են, որ դա էլի չի բավարարի անհրաժեշտ սարքավորումներ հայթայթելու համար. «Մենք առայժմ ի վիճակի չենք ոտք գցել ամերիկացիների հետ, որոնց սարքավորումները մարդու օրգանիզմում հայտնաբերում են այն խթանիչների «հետքերը», որոնք մարզիկն օգտագործել է շատ վաղուց»,- վստահեցնում են Ռուսաստանի՝ դոպինգի դեմ պայքարող բժիշկները։ Եթե Ռուսաստանի պես երկիրը խոստովանում է, որ այսօր ի վիճակի չէ պատշաճ մակարդակով կազմակերպել դոպինգի դեմ պայքարը, այդ դեպքում ի՞նչ ասի Հայաստանը՝ իր կիսաքանդ տնտեսությունով ու դրա հետեւանք հանդիսացող, հավանաբար, նախնադարյան դոպինգ «որսացող» սարքավորումներով։ Հասկանալի է, այն ժամանակակից պահանջները բավարարող սարքերով փոխարինելու մասին մտածելն անգամ շռայլություն է։ Գուցե հնարավոր է բացը որոշ չափով լցնել որակյալ ու բանիմաց մասնագետների՞ օգնությամբ։ Բայց պարզվում է, որ դեռ խորհրդային տարիներից այս մասին մտածող չի եղել։ Եվ այսօր մեր հավաքական թիմերի հետ աշխատում են կամ նախկին ֆելդշերներ ու մերսողներ, կամ բժշկական ընդհանուր գիտելիքներ ունեցող մարդիկ։ Իսկ դա եւ մարզական բժշկությունը՝ որպես խիստ նեղ ու յուրահատուկ մասնագիտություն, միմյանցից սար ու ձորի հեռավորության վրա են գտնվում։ Ճիշտ է, վերջին շրջանում խնդիրը կարգավորելու նպատակով քայլեր արվում են։ Մասնավորապես, Հայաստանում հակադոպինգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը, որն այս ոլորտի թերեւս միակ մասնագետն է, առաջին իսկ հնարավորության դեպքում գործուղվում է գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների, որ հրավիրվում են հիմնականում Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հովանու ներքո ու նախաձեռնությամբ, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի բազայի վրա բացվել է նոր ֆակուլտետ՝ կինեզոլոգիայի, որն ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս տարվանից պետք է զբաղվի արդեն մարզական բժշկության ոլորտի համար կադրեր պատրաստելով։ Օրակարգի քննարկման հարց է երիտասարդ կադրերի մի խումբ արտերկիր, այդ թվում՝ նաեւ Ռուսաստան, ուսման գործուղելու գաղափարը, սակայն այստեղ էլ դժվար է գտնել հինգ-վեց հոգու, որոնք ունենան մարզական բժշկից պահանջվող գիտելիքների պարտադիր նվազագույն բազա։ Էլ չենք խոսում դրա համար անհրաժեշտ ծախսերի մասին, թեեւ մարզաշխարհի իրավասուները պատրաստ են գնալ այդ «զոհողությանը»։ Ստեղծված իրավիճակից հնարավորինս արագ դուրս գալու ուղիներ որոնվում են, սակայն մինչեւ խնդիրը կարգավորվի՝ գուցե տարիներ պահանջվեն։ Իսկ մինչ այդ, Աստված չանի, որ մեր մարզիկները էլի դոպինգային սկանդալների մեջ հայտնվեն։ Ուրեմն պարտադիր է, որպեսզի մարզաձեւերի մեր ֆեդերացիաներն ու հավաքականների մարզիչները ստանձնեն պատասխանատվությունը եւ խստագույնս վերահսկեն, որպեսզի մարզիկ-մարզուհիները, հատկապես նրանք, ովքեր հավակնում են հավաքական թիմերին անդամագրվել, լինեն մաքուր։ Մենք այդպիսի բաները շատ ծանր ենք տանում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել