Վանաձորի դատավարությունը շարունակվում է Շարունակվեց N զորամասում կրտսեր սերժանտ Մկրտիչ Պողոսյանի ինքնասպանության կապակցությամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Արարատ Մխոյանը, որը մինչեւ կալանավորվելը աշխատել էր զորամասի ղեկավարման մարտկոցի հրամանատար, իրեն ուղղված մեղադրանքում անուղղակիորեն մեղավոր չէր ճանաչում։ Այն, որ զինվորներից պարբերաբար գումարներ եւ շինանյութ է պահանջել, նա պատճառաբանեց զորամասում շինարարական աշխատանքներ կատարելու, տանիքը նորոգելու հանգամանքով։ «Ղեկավարությունը գիտե՞ր, որ այդտեղ շինարարություն է գնում, գիտե՞ր, թե ինչի հաշվին էր դա կատարվում»,- հարցրեց փաստաբան Կարինե Գասպարյանը։ «Իհարկե՝ գիտեր։ Ես նրանց բացատրել էի»։ Նշենք, որ նախորդ դատական նիստում էլ զորամասի հրամանատար Խաչատուր Խաչատրյանը (որպես վկա) հավաստեց, որ ինքը տեղյակ է եղել այդ աշխատանքների եւ գումարներ հավաքելու մասին։ Ամբաստանյալ-հրամանատարը չէր ընդունում իր մեղավորությունը զինվորներին արձակուրդ տալու համար գումարներ պահանջելու հարցում եւ այն ներկայացրեց այսպես. «Մենք պետք է հասկանանք, որ մեր պետությունն այս վիճակի մեջ է։ Առաջարկել եմ, որ ով հնարավորություն ունի՝ օգնի ինչով կարող է։ Մի հատ ա բերել, երկու հատ ա բերել, ասել եմ շնորհակալություն»։ Նշեց, որ արձակուրդ գնալուց առաջ զինվորներին խնդրել էր, որ հանկարծ ծնողներից ստիպողաբար գումար չպահանջեն։ Նաեւ տեղեկացրեց, որ շինարարական վերանորոգումները զինվորների միջոցով կատարելուց հետո նրանց, որպես շնորհակալություն եւ ի հիշատակ, սեղանի ժամացույց է նվիրել։ Մկրտիչ Պողոսյանի մարմնական վնասվածքների կապակցությամբ էլ ամբաստանյալ Մխոյանը տեղեկացրեց, որ ինքը 100%-ով չի հավատացել, որ Մ. Պողոսյանը վայր է ընկել (ինչպես հայտնել էր իրեն տուժողը)։ Այդ պատճառով անձնակազմին շարել է եւ հարցաքննել։ Նրանցից 2-ն էին վկայել, որ ընկել է։ «Ինչո՞ւ անտարբերություն դրսեւորեցիք, երբ Մ. Պողոսյանը դիմեց ձեզ՝ իրեն աստիճանազրկելու խնդրանքով»,- հարցրեց մեղադրող Արման Մազմանյանը։ Ամբաստանյալը պատասխանեց. «Ասացի հիմա զբաղված եմ, երբ որ պրոբլեմ կունենաս, կգաս՝ կօգնեմ»։ Այդ պատասխանն ակնհայտորեն չբավարարեց մեղադրողին, քանի որ հետեւեց. «Բա ձեզ չհետաքրքրե՞ց, թե այդ մարդն ինչո՞ւ է ուզում դուրս գալ սերժանտությունից»։ Ամբաստանյալ Էմիլ Հակոբյանի (շարքային) նկատմամբ իր վերաբերմունքը, որը նախաքննական մարմինը գնահատել էր «հովանավորչական», Մխոյանը պատճառաբանեց Հակոբյանի աշխատանքային բարեխղճությամբ, իր կողմից ըստ արժանվույն գնահատելու դրսեւորում… Հրամանատարը մեղադրվում էր նաեւ սերժանտների նկատմամբ ստորադաս համարվող շարքայինների կողմից պարբերաբար ստորացվելու մեջ էլ (նրա թողտվությամբ)։ Գ. Հ.