Նամակագրության թույլտվության դեպք չի եղել Երեկ Գրողների միության դահլիճում ամփոփվեցին մի ուշագրավ մոնիթորինգի արդյունքները, որը վերաբերում էր Հայաստանի քննչական մեկուսարաններում պահվող կալանավորների՝ արտաքին աշխարհի հետ շփման իրավունքին։ Ծրագիրն իրականացվել էր «Քաղաքացիական հասարակության զարգացման միության» եւ «Ազատազրկվածների եւ դատապարտյալների իրավունքների պաշտպանության» կազմակերպության կողմից։ Աջակցել էին ԵԱՀԿ գրասենյակն ու Լեհաստանի մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան հիմնադրամը։ Փաստաբան Նարինե Ռշտունին ներկայացնելով մոնիթորինգի արդյունքները, հայտնեց, որ կատարվել են այցելություններ Հայաստանի թվով 6 քննչական մեկուսարաններ, զրուցել են դատավորների, քննիչների, կալանավորների հարազատների հետ։ Ըստ Ն. Ռշտունու, օրենքով նախատեսված է, որ ձերբակալման մասին ձերբակալվողի հարազատները պետք է տեղյակ լինեն 12 ժամվա ընթացքում։ Հարցման արդյունքներից պարզվել էր, որ կալանավորների 40%-ն ընդհանրապես տեսակցության թույլտվության համար չի դիմել եւ «նախքան դատավճռի կայացումը տեսակցություն ստանալու 99 փորձից միայն 14-ն է պսակվել հաջողությամբ»։ Ադմինիստրացիայի պատճառաբանությամբ (60%)՝ մերժումները «հիմնավորվել են» օրենքով։ Քննիչների 82%-ն այն կարծիքին է եղել, որ տեսակցության համաձայնությունը տրվում է հազվադեպ։ 22 քննիչից 4-ն է կողմ եղել տեսակցությունների թույլտվությանը։ Մի արտակարգ արդյունք է ստացվել՝ կապված կալանավորվածների, դատապարտյալների նամակագրության հետ։ Պարզվել էր, որ Հայաստանի ոչ մի քննչական մեկուսարանում չի եղել նամակագրության պաշտոնական թույլտվության դեպք։ Քննիչների 82%-ի եւ դատավորների 95%-ի կարծիքով՝ նամակագրության թույլտվության խնդրանքով դիմում են խիստ հազվադեպ, ինչը շատ տարօրինակ է մեզ համար, որ ունենք շփումներ կալանավորների եւ նրանց հարազատների հետ։ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը, ինչպես տեղեկացրեց ԱՆ կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանը, փետրվարի 6-ին ԱԺ-ն ընդունել է։ Նա ասաց նաեւ, որ օրենքի հիմքում «նախաքննության շահն է դրված, որպեսզի նախաքննական գաղտնիքներ չհրապարակվեն»։ Ի դեպ, երեկվա ամփոփմանը մասնակցում էր նաեւ ՆԳՆ ներկայացուցիչ (պրն Պետրոսյան), որն իր «մտահոգությունը» հայտնեց այսպես. «Չփորձենք ծայրահեղացնել ազատությունները»։ Նա հայտնեց, որ 70% ՆԳՆ քննչական մարմինների կողմից է նախաքննությունն իրականացվում։ Եվ որ բացառիկ դեպքեր են տեղի ունեցել օրինախախտումների առումով… «Առավոտի» այն հարցին, թե որոնք էին բացառիկ դեպքերը, երբ քննիչները դուրս են եկել իրենց իրավասությունների շրջանակներից, պրն Պետրոսյանը նշեց միայն մեկը, երբ քննիչը չի ծանոթացրել փորձագետի եզրակացությանը… Փաստաբան Ռուբեն Ռշտունին իր հերթին նշեց. «Մարդահամարով հաշվածներս՝ մենք, կարիք ունենք իրավական վերադաստիարակման»։ Նկարագրելով փաստաբանների սոցիալական վիճակը՝ նկատեց, որ գոյություն ունեն «գրպանային փաստաբաններ, որոնք քննիչի կամքը կատարելով… տեսնելով բազմաթիվ խախտումներ, ձեն չեն հանում»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ