Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուզում են ներգաղթել՝ չեն կարողանում

Մարտ 02,2002 00:00

Ուզում են ներգաղթել՝ չեն կարողանում Վանաձորցիներից մեկը ցանկանում է վերադառնալ Հայաստան, բայց չի կարողանում, քանի որ դեռեւս կրում է ԽՍՀՄ անձնագիր, որով, սակայն, գործարքներ չեն կատարվում եւ, հետեւաբար, ինքնաթիռի տոմս այդ անձնագրով հնարավոր չէ ձեռք բերել։ Այն հարցին, թե ինչպե՞ս է կարողացել ԽՍՀՄ անձնագիր ունեցող քաղաքացին անցնել ՀՀ սահմանից այն կողմ, խնդրառուն պարզաբանեց, թե այն ժամանակ անձնագրերի հետ կապված արգելքներ չեն եղել։ Նաեւ խոստովանեց, թե «թաքուն են մնում։ Գրանցում չունեն»։ Իսկ այն հարցմանը, թե ինչպե՞ս են կարողացել տեւական ժամանակ «թաքուն մնալ» ՌԴ իրավապահներից (որոնք, ինչպես հայտնի է որոշ դեպքերից, ՌԴ-ում մշտական գրանցում չունեցող քաղաքացիներին հայտնաբերելու դեպքում կամ տուգանում են, կամ՝ նույն անձին պարբերաբար տուգանելուց հետո, ի վերջո, ետ են ուղարկում), մեր զրուցակիցը որոշակի չկարողացավ պատասխանել։ Թերեւս, նման վիճակում գտնվող քաղաքացիներին հայտնաբերելուց հետո տվյալ պարագայում ետ ուղակելը կլիներ չարիքի փոքրագույնը. չէ՞ որ ճանապարհածախսը կլիներ իրավապահների կամ պետության հաշվին, եթե, իհարկե, վերջիններիս հետ համապատասխան «կատարողական թերթ» չուղարկվեր՝ ՌԴ-ի կողմից տեղափոխման ճանապարհածախսը ՀՀ-ում բռնագանձելու եւ ՌԴ-ի օգտին փոխանցելու վերաբերյալ, անկախ այն հանգամանքից, թե որքանո՞վ է այդ քաղաքացին մեղավոր՝ այդ ողբերգա-զավեշտական վիճակում գտնվելու համար։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ ՌԴ իրավապահներից առավել շատ թաքնվելու պատճառներ ունեն նման վիճակում գտնվող Հայաստանի քաղաքացիները, որոնց մաշկի գույնն անգամ կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի իրենց մշտապես զգան «կովկասյան ազգության պատկանող դեմքի» կարգավիճակում՝ դրանից բխող զանազան անցանկալի հետեւանքներով։ «Բա հիմի ո՞նց անենք»,- դիմեց վերոհիշյալ վանաձորցին՝ իր հետ զրուցող 2 լրագրողներին։ Պատահաբար, զրույցի պահին «որտեղից որտեղ էդ կողմերով անց էր կենում» մի երիտասարդ իրավաբան, որին էլ տեղնուտեղը «կալմեջ» արեցին լրագրողները։ Իրավաբանն էլ հարցն ուշադիր լսելուց հետո մխիթարական այլ պատասխան չկարողացավ տալ, քան… լրագրողներին խորհուրդ տվեց հոդված գրել՝ հարցը բարձրացնել։ Անսալով իր հարցի պատասխանը իրավաբանորեն չպարզած քաղաքացու խնդրանքը («Վերեւներում բալքի իրավաբանից կամ պաշտոնավորից-բանից կարդան՝ մի խորհուրդ տան։ Էս մեր պետությունը ի՞նչ ա մտածում, ինչի՞ չի օգնում, որ իրա քաղաքացին գա Հայաստան»), սույնով ներկայացրինք վերջինիս գանգատը՝ համապատասխան որեւէ մարմնից «մի մտածված պատասխան» ստանալու ակնկալիքով. ինչպե՞ս վերադառնան այդ վիճակում հայտնված քաղաքացիները Հայաստան, ի՞նչ կարգի պետական միջնորդություն է անհրաժեշտ դրա համար, ո՞ւմ պետք է դիմեն՝ իրենց իրավունքների պաշտպանության հարցով։ …Փաստորեն, ԽՍՀՄ անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կարող են հայտնվել մի կարգավիճակում, երբ, ինչպես ասում են, չգիտեն՝ «կարգվե՞ն, թե՞ կույս մնան»։ Ի դեպ, ժողովրդական այդ ասացվածքը ընդհանրապես Ռուսաստանում գտնվող ՀՀ շատ քաղաքացիների պարագայում (անկախ նրանց անձնագրի հին կամ նոր լինելուց) կարելի է նաեւ ուղիղ իմաստով հասկանալ։ Չէ՞ որ եթե ՀՀ քաղաքացին «կարգվի» ՌԴ քաղաքացու(հու) հետ, ապա նրա ոչ միայն անձնագրային, գրանցման, այլեւ շատ ու շատ հարցեր առավել հեշտությամբ կկարգավորվեն։ Պատահական չէ, որ այդ հանգամանքը նկատի ունենալով Հայաստանում երբեմն կեղծ ամուսնալուծություններ են լինում, որպեսզի ամուսնալուծված անձը հնարավորություն ստանա ՌԴ քաղաքացու(հու) հետ ամուսնություն ձեւակերպելու եւ, այդպիսով, մշտական գրանցման իրավունք ձեռք բերելու։ Որոշ դեպքերում էլ այդ ամուսնությունները «կեղծից» վեր են ածվում իսկականի, որի արդյունքում ՀՀ-ում մնացած ընտանիքը վերջնականապես քայքայվում է։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել