«Հմտությունների» աղմուկն ուրիշ է «Առավոտի» նախորդ համարներից մեկում տպագրված հոդվածը՝ գրված «Կյանքի հմտություններ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանի հետ ունեցած հեռախոսային զրույցի հիման վրա, ինչպես պարզվեց, թյուրըմբռնումների տեղիք էր տվել։ «Կյանքի հմտություններ» ծրագրի ղեկավարների ու ծրագրի ավարտված լինելու վերաբերյալ որոշ հարցեր էլ մնացել էին անորոշ։ Ուստի ամեն ինչ պարզաբանելու ու հստակեցնելու նպատակով հանդիպեցինք աշխատանքային խմբի երկու անդամների (Գոհար Վարդանյանի, Նունե Թորոսյանի) ու նրա ղեկավարի հետ։ Ն. Թորոսյանը հաստատեց, որ իրենց աշխատանքային խումբն «ինչ-որ պահերի» իսկապես ունեցել է «որոշ ադմինիստրատիվ դժվարություններ», որոնք, սակայն, արված գործի վերջնական արդյունքի վրա բացասաբար չեն ազդել։ Նա նաեւ նկատեց, որ երբեմն «Կյանքի հմտությունները» շփոթվում է սեռական դաստիարակության հետ։ Մինչդեռ այս առարկայի նպատակը «հայրենասեր, ազգային ու համամարդկային արժեքներ կրող, ինքնաճանաչման, ինքնադրսեւորման, ինքնակառավարման եւ հարափոփոխ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ ունեցող անձանց դաստիարակումն է, որոնք պիտի տիրապետեն առողջ ապրելակերպի տարրական կանոններին»։ Իսկ աշխատանքային խմբի ղեկավար Լ. Ալեքսանյանը հիշեցրեց, որ «ներկայումս էլ ծրագիրն ընթանում է ե՛ւ փորձնական, ե՛ւ հաջորդ փուլի 90 դպրոցներում, ինչպես նաեւ 2001-ին ընտրված 50 դպրոցներում»։ Ու այն շարունակվելու է այնքան ժամանակ, «մինչեւ որ ընդգրկվեն հանրապետության բոլոր 1400 դպրոցները»։ Ըստ նրա՝ «ուղղակի մտավախություն կա, որ այս տարի հնարավոր է նոր դպրոցներ չավելանան՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Որովհետեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի կարող ֆինանսավորում տրամադրել, իսկ ԿԳ նախարարությունը եւս այդ միջոցները չունի։ «Կյանքի հմտություններ» առարկան թանկ հաճույք է»։ Փաստորեն, պարզեցինք, որ աշխատանքային խումբն աշխատել է, բոլոր նյութերը պատրաստվել են, բոլոր աշխատակիցները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձերը։ Սակայն խմբի անդամների կարծիքով, «դեռ կան թերի մնացած աշխատանքներ», որոնք վերաբերում են «Կյանքի հմտությունների» 3-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերի փորձարկման ընթացքին, «հստակեցված չէ նաեւ աշխատանքային խմբի կարգավիճակը»։ Ի դեպ, «Կյանքի հմտություններ» աշխատանքային խումբը շատ է կարեւորում ծրագիրը՝ համարելով այն անչափ պիտանի կյանքին ադապտացվելու համար։ Առարկան, որ ուսուցանվում է 1-7-րդ դասարաններում, բաժանվում է 4 մեծ գլուխների՝ «Իմ մասին», «Հարաբերություններ», «Հասարակություն» եւ «Շրջակա միջավայր»։ Այս թեմատիկան պահպանվում է բոլոր դասարաններում՝ յուրաքանչյուր տարի ձեռք բերելով նոր մակարդակ, խորանալով ու բարդանալով՝ կախված աշակերտների տարիքային առանձնահատկություններից։ Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել 1-10-րդ դասարանների համար, սակայն ինչ-ինչ պատճառներով (դասաժամերի քանակի, բարձր դասարաններում այլ առարկաներն առավել կարեւորելու) այն ներկայումս անցնում են 1-7-րդ դասարաններում։ Սակայն «Կյանքի հմտություններ» աշխատանքային խմբի անդամները համոզված են, որ առարկան առավել անհրաժեշտ է հատկապես բարձր դասարանցիներին, որովհետեւ ցածր դասարաններում, դիցուք՝ սպիդի պրոֆիլակտիկայի մասին հնարավոր չէ հարկ եղած խորությամբ խոսել։ Իսկ առարկայի պատճառով աղմկոտ դասարանների առկայությունը դպրոցներում խմբի անդամներն այս կերպ են մեկնաբանում. «Եթե երեխաները քննարկում ու խաղ են անում, ինչպե՞ս կարելի է դա անել լռության մեջ»։ Նրանց կարծիքով, նման աղմուկը չի կարող երեխաների վարքի անկման պատճառ դառնալ, քանի որ առարկան երեխաների մեջ պատասխանատվության զգացում է դաստիարակում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ