Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մարտ 02,2002 00:00

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ժամանակակից մարդու կյանքը անհնար է պատկերացնել առանց բազմապիսի դեղորայքային միջոցների։ Վերջին հարյուրամյակի ընթացքում համադրված պատրաստուկները հնարավորություն են տալիս դարմանել նախկինում անբուժելի համարվող շատ հիվանդություններ, զգալիորեն երկարացնել խրոնիկական հիվանդների կյանքը։ Սակայն հիվանդությունների դեմ տարած այդ խոշոր հաղթանակը մթագնում է դեղորայքի կողմնակի ազդեցության հետ կապված ախտաբանական երեւույթներով։ Այդ երեւույթների մի կարեւոր զանգված ներկայացված է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի թերապեւտ-ինտերնիստների ասոցիացիայի նախագահ Վ. Մ. Հարությունյանի, բժշկական գիտությունների թեկնածու Գ. Ա. Գրիգորյանի եւ բժիշկ-թերապեւտ Ա. Լ. Մանուլյանի «Ներքին օրգանների դեղորայքային ծագման ախտահարումները» վերջերս լույս տեսած ռուսերեն մենագրության մեջ։ Հեղինակները ի մի են բերել խնդրո առարկայի վերաբերյալ եղած տվյալներ, դրանք լրացրել սեփական հարուստ կլինիկական փորձից քաղած փաստերով, հայտնաբերել եւ տեսականորեն վերլուծել որոշակի օրինաչափություններ։ Միաժամանակ մշակվել են ներքին օրգանների դեղորայքային ախտահարման դասակարգման հարցերը։ Նշված խանգարումները գրքի մեջ կարեւորվում են ներքին հիվանդությունների ախտանիշների հետ տարբերակելու, դրանք արագորեն ամոքելու եւ կանխարգելելու տեսանկյուններից։ Կարեւոր են նաեւ դեղաբույսերի կողմնակի ազդեցության մասին բերված փաստերը, ինչը հատկապես արժեքավոր է ներկայումս բուսաբուժության լայն եւ անվերահսկելի տարածվածության պայմաններում։ Հ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Բժշկական գիտությունների դոկտոր, Մ. Հերացու անվան ԵրՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել