Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՈՀՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼԸ»

Մարտ 02,2002 00:00

ԳՐՈՀՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼԸ» Փետրվարի 27-ին «ԱրմենՏելի» տեխնիկական գծով տնօրեն Անդրեաս Վորվոլակոսի եւ ընկերության անվտանգության ծառայության աշխատակցի միջեւ ծագած վեճն էլ ավելի էր սրել շենքի ներսում «հայ-հունական» հարաբերությունները։ Անվտանգության աշխատակիցը ծառայողական պարտականությունների համաձայն փորձել էր խոչընդոտել Ա. Վորվոլակոսի մոտ բարձրացող մարդուն, քանի որ նա անցագիր չէր ունեցել։ Ինչի հետեւանքով պրն Վորվոլակոսը խիստ զայրացել էր եւ աշխատակցի խոսքերով. «Անպարկեշտ հայհոյանքներով հայտարարում էր, որ ինձ աշխատանքից ազատում է։ Մինչդեռ ես իմ աշխատանքային պարտականություններն եմ կատարել»։ Կրքերն ավելի էին բորբոքվել, երբ երեկ «ԱրմենՏելի» վարչական շենքի առջեւ թիվ 23 ԱՀԿ-ի (ԸՁհ) մի խումբ աշխատակիցներ բողոքի ցույց էին կազմակերպել։ Պատճառը՝ ընկերությունում ընթացող կրճատումներն էին։ Ցուցարարները պատմում էին, որ կայանը թվայնացվել է, եւ 17 հոգի արդեն կրճատվել են։ Ըստ նրանց, սպասվում են նոր կրճատումներ։ Հավաքված բազմության անհանգստությունները ցրելու էին դուրս եկել ընկերության մի քանի տնօրեններ։ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասը հեգնանքով նկատեց. «Թերթերի էջերում մեր ընկերության խնդիրը միշտ առաջինն է։ Նկատեցինք, որ այս վերջին 3 օրերի ընթացքում ինչ-որ լուրջ բան «ԱրմենՏելի» վերաբերյալ չեն գրել։ Եվ մեծ ուրախությամբ ես նկատում եմ, որ եթե մյուս կողմը ինչ-որ բան չի ստեղծում, մենք մեզնով խնդիր ենք ստեղծում։ Դա նշանակում է, որ ընկերությունը բավականին աշխույժ է աշխատում։ Միջադեպի վերաբերյալ ասեմ, որ ինքս անձամբ կլուծեմ հարցը»։ Ինչ վերաբերում է ընկերության կառույցին առնչվող խնդիրներին, պրն Յորղուլասն ասաց, որ իրենք ընկերության ներսում կքննարկեն եւ քայլեր կձեռնարկեն։ Ըստ նրա, ընկերության վերակազմավորման հարցում ներկա են գտնվելու արհմիության անդամները։ Գլխավոր գործադիր տնօրենը վերջում ավելացրեց. «Պետք է իմանաք, որ մեր հարաբերությունները գերազանց են եւ այդպես էլ մնալու են։ Իսկ այդպիսի ցանկացած փոքր խնդիրներից հետո էլ ավելի են ուժեղանում մեր հարաբերությունները»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել