Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով կանուխ զարթնում»՝ համատիրություն է ստեղծում

Մարտ 02,2002 00:00

«Ով կանուխ զարթնում»՝ համատիրություն է ստեղծում «Սրանց վուր տա՜մ՝ մեկելներո՞ւն ինչ ասիմ» «Առավոտի» 14.07.2001թ. «Հրաման տանք, որ դատարան դիմե՞ք» հոդվածում նշել էինք, որ Վանաձորի «Բազում» թաղամասի թիվ 2 ՓԲԸ-ի (նույն ինքը՝ ԲՇՏ) 18 աշխատողներ դիմել են Լոռու մարզի 1-ին ատյանի դատարան՝ հիմնարկի լուծարման հետ կապված իրենց աշխատանքային ճակատագիրը ճշտելու եւ աշխատավարձերի՝ նախկինից եկող պարտքերի մարման պահանջով։ Ինչպես տեղեկացանք Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանին կից փաստաբանական ծառայությունից, այդ աշխատակիցների բողոքն առայսօր հայցադիմումի տեսք չի ստացել, քանի որ դրա հետ կապված իրավական վիճելի հարցերը դեռեւս հստակեցված չեն։ Այս տարվա հունվարին էլ դատարան դիմեցին թիվ 12 «Առափնյա» «թաղամասային հիմնարկության» (անվանափոխված ԲՇՏ) թվով 6 աշխատակիցներ, որոնց բողոքին եւս անդրադարձել ենք նախորդ հոդվածում, նշելով, որ վերջիններիս աշխատանքից ազատման հրաման առձեռն չէր տրվում, որպեսզի դատարան դիմելու հնարավորություն չլինի։ Հիշյալ աշխատակիցների հայցադիմումի մեջ նշվում է, որ «թաղամասային հիմնարկության» իրավանախորդ ՓԲԸ-ն ձեւավորվել է 1997թ. մայիսին՝ համայնքի ավագանու, քաղաքապետարանի որոշումներով (իսկ մինչ այդ գործել է դուստր ձեռնարկության, ավելի վաղ էլ՝ ԲՇՏ-ի կարգավիճակով)։ 2000թ. օգոստոսին ՓԲԸ-ն լուծարվել է՝ վերակազմավորվելով «թաղամասային հիմնարկության», որն էլ գոյատեւել է մինչեւ 2001թ. հունվար՝ կրկին լուծարվելու հետեւանքով։ «Չնայած բազմաթիվ բողոքներին, մինչեւ այժմ, ավելի քան 16 ամիս անց հիմնարկության աշխատակիցները չեն ստացել աշխատավարձը, արձակման նպաստները, չի կատարվել վերջնահաշվարկ»,- իրենց գրավոր բողոքն են հայտնում աշխատակիցները, որոնցից մի քանիսի նկատմամբ հիմնարկության պարտքերը գալիս են նույնիսկ 1999թ. օգոստոսից։ Գումարն ամբողջությամբ կազմում է 508 հազար դրամ։ Նշենք, որ հիշյալ աշխատակիցները դատարան դիմեցին այն բանից հետո, երբ քաղաքապետարանից մի «գլխառադ» պատասխան ստացան. «ՓԲԸ ունեցած դրամական միջոցները եւ գույքը անբավարար են պարտատերերի պահանջները կատարելու համար» եւ «1-ին իսկ հնարավորության դեպքում ոչ միայն Ձեր կողմից նշված 5 աշխատակիցների, այլեւ նախկին թիվ 12 «Առափնյա» ՓԲԸ մյուս աշխատակիցների աշխատավարձերը կվճարվեն»։ Փաստորեն, այդ գրությամբ (ուղղված հիշյալ հիմնարկության նախկին տնօրենին) խոստովանում են, որ բացի այդ 6 աշխատակիցներից, նույն հիմնարկությունում էլի կան պահանջատերեր։ Ըստ երեւույթին, քաղաքապետարանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, թե «Սրանց վուր տամ՝ բա մեկելներո՞ւն ինչ ասիմ»։ Նշենք, որ 2001թ. Վանաձորի քաղաքապետարանում մուտք եղած 3052 դիմումից 61-ը վերաբերել են աշխատավարձերի պահանջին։ Զարմանալի է, որ այս պայմաններում քաղաքապետարանը միջոցներ գտնում է, ըստ նպատակահարմարության, զանազան բարեգործությունների եւ նույնիսկ տոնախմբությունների անցկացման համար։ Հարց է ծագում՝ բարեգործություն ի՞նչ միջոցներով։ Դժվար չէ պատկերացնել, որ ԲՇՏ-ՓԲԸ- թաղամասային հիմնարկություն լուծարումների անվերջ շարանը (զուգահեռ՝ վերջին 2-3 տարիներին սնկի պես աճող համատիրություններով) կհանգեցնի նրան, որ քաղաքային հաջորդ իշխանություններն էլ ներկա իշխանություններից հսկայական պարտքեր կժառանգեն։ Ընդհանրապես գաղտնիք չէ, որ հիմնարկների լուծարումը շատ դեպքերում միջոց է անցանկալի աշխատողներից ազատվելու համար, ինչը նպաստում է մարդու իրավունքների խախտումներին։ Իսկ ԲՇՏ- ների պարագայում դա նպաստում է նաեւ բնակֆոնդի քայքայմանը եւ լրացուցիչ ծախսերի տեղիք է տալիս, մանավանդ որ, Վանաձորում ԲՇՏ-ների լուծարման հետ զուգահեռ «անկապ» աճում է համատիրությունների թիվը, իսկ դրանց աճի պայմաններում էլ, բնականաբար, աճում է վարձահավաքների բանակը, այն դեպքում, երբ բնակչության քանակը պակասում է արտագաղթի, մահացությունների աճի եւ ծնելիության նվազման պատճառով։ Այն տպավորությունն է ստեղծվում, թե համատիրությունների ղեկավարները էներգահամակարգի «արենդատորի» կարգավիճակում են, քանի որ ամեն մի «ինքնաստեղծ» (երբեմն՝ ապօրինի ձեւերով ու միջոցներով ստեղծվող) համատիրություն սպասարկում է որոշ դեպքերում 10-15 շենքերի, այն դեպքում, երբ դեռեւս 1996թ. Վանաձորում ընդամենը 10 ԲՇՏ է եղել՝ նույնքան թաղամասերի սպասարկող, իսկ ներկայումս ԲՇՏ-ՓԲԸ-«թաղամասային հիմնարկությունների» թիվը կարծես թե 13 է (վերջին տվյալներով), համատիրությունների թիվն էլ պետք է որ 20-30-ի հասած լինի։ Ժողովրդական լեզվով ասած՝ «Ով կանուխ զարթնում»՝ համատիրություն է ստեղծում, անկախ այն հանգամանքից, թե ղեկավարելու հմտություն ունի՞, թե՞ ոչ, ինչի կապակցությամբ բնակչության շրջանում առկա դժգոհությունների մի մասին, բարեբախտաբար, չէր զլացել «մի թեթեւ» անդրադառնալ նաեւ Վանաձորի պաշտոնական մամուլը։ Փաստորեն, մինչ պետական համակարգում օպտիմալացում է գնում, որպեսզի բյուջեի ծախսերը կրճատվեն, համայնքային ձեռնարկություններում, ընդհակառակը, ավելորդ աշխատատեղեր են ստեղծվում՝ համայնքի բյուջեի հաշվին, իսկ համայնքի բյուջեն էլ, ինչպես հայտնի է, մասնակիորեն սնվում է պետբյուջեից։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել