Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ ՏՎԵՑԻՆ

Մարտ 02,2002 00:00

ՋՈՒՐԸ ՏՎԵՑԻՆ «Առավոտի» հեռախոսակռիվներից հետո Հարավ-արեւմտյան Ա-2 թաղամասի 10/1, 10/2, 10/3 շենքերի բնակիչները փետրվարի 12-28-ը զրկված էին խմելու ջրից։ Բարձրահարկ շենքերի բնակիչները օրեր շարունակ դույլերով ջուր էին կրում եւ, ահուդողով դրանք տեղավորելով առանց այդ էլ գերծանրաբեռնված եւ սարսափելի տեսք ունեցող վերելակում, մի կերպ յոլա գնում։ Մարդկանց բողոքներին առաջին պահին կարծես թե արձագանքեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ջրմուղ-կողույու պետ Կ. Չարֆալակյանը։ Պոմպը տարան վերանորոգելու, բայց… ետ չբերեցին։ Օրեր շարունակ բնակիչների բողոքները մնում էին անպատասխան, հետո էլ պատասխանն այսպիսին էր՝ ջրի վարձը վճարեք՝ պոմպը կնորոգենք։ Պարզապես զավեշտ է, որ ջրերի երկիր Հայաստանում մարդիկ ջրի խնդիր ունեն։ Կարծես հացի խնդիրը բավական չէր։ Օրվա մեջ ընդամենը մեկ ժամ, տեղ- տեղ՝ 30 րոպե ջուր ունեցող բնակիչներից պահանջվում է ամբողջ օրվա համար ջրի վարձ վճարել։ Մարդիկ էլ չեն վճարում, կամ՝ վճարում են մասամբ։ Ստացվում է, որ եթե շենքի պոմպը փչացավ, կամ մեկ այլ վթար տեղի ունեցավ, բնակիչները դատապարտված են անջուր մնալու։ Ջրմուղ-կոյուղու միջին կամ փոքր պաշտոնյաներին մեղադրել կարելի է, սակայն հաճախ վերջիններս իրենց կամքով չեն գործում, այլ՝ վերադասի, իսկ վերադասը իր հերթին իտալացիների գերին է։ Ջուրն էլ, եթե հիշում եք, մերը չէ, ինչպես կոնյակը, օդանավակայանը, հեռախոսակապը… Բնակիչները անջուր մնալուց ցամաքած՝ դիմեցին «Առավոտի» խմբագրություն, թե՝ շուտ արեք մի բաժակ ջուր հասցրեք։ Գլխավոր ինժեներ Հենզել Խաչատրյանը մեր ահազանգին «կոնստրուկտիվ» արձագանքեց՝ խմբագրություն ուղարկելով բնակիչների չվճարած վարձաչափերի ցուցակը։ Պրն Խաչատրյանը շարունակելով իր ինժեներական մտքի փայլատակումները, պոմպը ետ ուղարկեց շենքի բակ։ Երեւի դրանով ուզեց ասել՝ բողոքո՞ւմ եք, ուրեմն կմնաք առանց ջրի։ Բնակիչները բոլորովին հուսահատվեցին։ Նրանք միշտ էլ պատրաստ էին ինչ-որ գումար հավաքել պոմպի վերանորոգման համար, բայց ինժեները հարցի այլ լուծում էր գտել՝ աչքից հեռու, սրտից հեռու։ Թերթի բազմաթիվ հեռախոսազանգերին գլխավոր ինժեները այլեւս չպատասխանեց։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նույն օրը պրն Խաչատրյանը կառավարությանն առընթեր Ջրային ռեսուրսների օգտագործման տնտեսության պետ Գագիկ Մարտիրոսյանի հետ շրջում էր «օբյեկտներում»։ Երկուսին էլ հնարավոր չեղավ այդ օրը գտնել։ Ուզում էինք խորհուրդ տալ, որպես տեսարժան վայր այցի գնալ Հարավ-արեւմտյան թաղամասի վերոհիշյալ շենքերի բակ (նաեւ՝ Երեւանի բազմաթիվ այլ շենքերի) եւ սրտի թրթիռով դիտել, թե ինչպես են մայրաքաղաքի բնակիչները ջուր կրում։ Սակայն վատի կողքին երբեմն պատահաբար (կամ՝ օրինաչափորեն) հայտնվում է նաեւ լավը։ Անհամեստություն չհամարենք, բայց ենթադրում ենք, որ բազմաթիվ հեռախոսազանգերը եւ սպառնալիքը, թե կգրենք, իրենց գործն արեցին. հինգշաբթի (փետրվարի 28-ին) պոմպը փոխվեց, մարդիկ ջուր ստացան եւ գոհ ու շնորհակալ էին։ Ականատեսների վկայությամբ՝ ջրմուղ-կոյուղու ծառայության պետը (Կ. Չարֆալակյան) բավականին ջանք է թափել մարդկանց օգնելու համար։ Ե. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել