Եվս մի բանկային «ամուսնություն» Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի բանկային համակարգում եւս մի խոշորագույն իրադարձություն տեղի կունենա։ Որոշակի շրջանակներում արդեն լուրեր են պտտվում, որ «Հայագրոբանկը» եւ «Հայէկոնոմ» բանկը եւս միավորվելու են։ Հնարավոր է, որ այս երկյակը համալրվի եւս մեկ բանկով, որի անունն առայժմ չի հրապարակվում։ Անցած տարվա սնանկ ճանաչված 8 բանկերը եւ բանկային համակարգում ներկայումս ընթացող պրոցեսները հաստատում են Կենտրոնական բանկի վարած երկակի ստանդարտների քաղաքականությունը։ Ըստ որոշ մասնագետների, տեղի է ունենում մի գործընթաց, որը Ռուսաստանի համար արդեն օրինաչափություն է դարձել։ Քաղաքական իշխանության փոփոխմամբ փոխվում է նաեւ ֆինանսական աշխարհի սեփականատերերի կազմը։ Բանկերն արհեստականորեն սնանկացվում են, ապա՝ հայտնվում են նոր տերերը։ «Արդշինբանկի» եւ «Ադանայի» այս միավորման դեպքում, ըստ որոշ մասնագետների, նման սխեմա է գործել։ Այլապես, ինչո՞ւ բանկերը միավորվեցին այն ժամանակ, երբ այդ բանկերում քրեական բնույթի դեպքեր տեղի ունեցան։ Թե ինչքանով են ԿԲ-ն կամ իշխանության վերին օղակները դրանում ներքաշված՝ ապագան ցույց կտա։ Մինչդեռ մի բան հստակ է. նման խոշոր գործընթացները մշտապես վերահսկվում են։ «Ադանայի» եւ «Արդշինբանկի» միավորումը ներկայացվում է իբրեւ դրական երեւույթ։ Նախ՝ բանկերի խոշորացումն ինքնանպատակ չէ։ Նման պետական ծրագիր արդեն ընդունված է, եւ գոյություն ունի ժամանակացույց։ Ըստ դրա, ընթացիկ տարվա հունիսի 1-ին բանկերի կանոնադրական կապիտալը պետք է լինի 1,65 մլն դոլար։ Մինչդեռ հայտնվելով բանկային համակարգում, Միխայիլ Բաղդասարովը հայտարարեց, որ մեր երկրին մի քանի խոշոր բանկը բավական է։ Նման հայտարարությունը եւ այս միավորումը աջ քաղաքական շրջանակներում մեկնաբանվում է իբրեւ իշխանական ապարատի կողմից ծրագրավորված քաղաքականություն, քանզի բանկի խոշոր լինելն առողջ լինելու պարտադիր պայման չէ։ Ի վերջո, խոշոր բանկերի սնանկացումն էլ խոշոր հետեւանքներ է թողնում։ Այն, որ բանկերի ընդհանուր կապիտալը 62 մլն դոլարին համարժեք դրամ է կազմում, արդեն խոսում է համակարգի թուլության մասին։ Վերջինս էլ, իր հերթին հետեւանք է թույլ տնտեսական եւ իրավական համակարգերի։ Գոյություն ունեցող օրինաչափությամբ՝ տնտեսության համախառն ներքին արտադրանքը եւ բանկերի կապիտալը պետք է որոշակի համամասնության մեջ լինեն։ Տվյալ դեպքում, դա կազմում է 400 մլն դոլարի կարգի գումար։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ