Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ

Մարտ 02,2002 00:00

ՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի միացումը առաջին հայացքից հմուտ, բայց իրականում, վերլուծությունները ցույց են տալիս, որ ռիսկային քայլ է՝ ծագած խնդիրը լուծելու համար։ Նկատի են առնվում ոչ միայն բազմաթիվ ավանդները, այլեւ պետության միջոցներից տրված 5,5 մլն դոլարի համակարգային վարկը։ Որը, շեշտենք, ոչ թե ներդրում է, այլ վարկ։ Իսկ բանկին նախեւառաջ ներդրում է անհրաժեշտ, հաշվի առնելով երկու բանկերի ֆինանսական վիճակը։ Այդ ֆինանսական վիճակի եւ առանձին մասնագետների հայտնած տեղեկությունների համադրումը վկայում է երկու բանկերի ընդհանուր կապիտալի բացասական մեծության մասին, ինչը առանց լուրջ ներդրման դրական չի դառնա։ Իսկ բացասական կապիտալով՝ բանկը երկար չի կարող գործել։ Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, միացված բանկի ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծությունը կազմում է 2 մլրդ 137 մլն դրամ։ Դարձյալ ըստ պաշտոնապես հրապարակված հաշվեկշիռների, երկու բանկերի շահույթ-վնասի գումարը հավասար է 883 մլն դրամի։ «Առավոտի» լավատեղյակ աղբյուրը հայտնում է, որ «Արդշինբանկը» 1,1 մլրդ դրամի չպահուստավորված ակտիվ ունի։ Բանկային գաղտնիք չհրապարակելու համար այս չպահուստավորված ակտիվի «ծագումը» չենք բացահայտում։ Ընդհանուր կապիտալից շուրջ 100 մլն է մնում, երբ այս վնասները հանում ենք։ Նույն աղբյուրը վկայում է նաեւ, որ «Ադանա» բանկում կան անհուսալի վարկեր։ Ըստ առանձին գնահատականների, այդպիսիք շուրջ 500 մլն դրամի են։ Այսպիսով, կապիտալը դառնում է մինուս 400 մլն դրամ։ Իսկ «Արդշինբանկի» Կենտրոն մասնաճյուղի վնասն արդեն նշվել է, որ որոշ աղբյուրների գնահատմամբ՝ 1,5 մլրդ դրամ է։ Ի դեպ, «Առավոտի» աղբյուրը պարզաբանեց նաեւ այդ վնասի առաջացման մեխանիզմը։ Նրա տվյալներով, Գագիկ Ստեփանյանը կանխիկ գումար չի վերցրել ու անհետացել բանկից։ Ըստ մեր աղբյուրի, բարձր տոկոսադրույքներով մի քանի խոշոր ավանդներ են ներգրավվել, բանկի փաստաթղթերով դրանք ձեւակերպվել են, սակայն մուտք չեն արվել դրամարկղ։ Բանկային համակարգի հետ սերտ առնչություն ունեցող «Առավոտի» մեկ այլ աղբյուրի Գագիկ Ստեփանյանը ժամանակին մի առիթով հայտնել է, որ «Արդշինբանկի» փայատերերի ներդրումների, հետեւաբար՝ նաեւ բանկի կապիտալի չափը խիստ ուռճացված է։ Ինչն իր հերթին լրացուցիչ պարտավորություններ է առաջացրել՝ մեծացնելով վնասի չափը։ Մեր աղբյուրը հայտնում է, որ «Արդշինբանկում» արդեն մի քանի միջադեպ է եղել. մեկ այլ մասնաճյուղում ստուգումների արդյունքում պարզվել է, որ բացակայել է գրավադրված ոսկին, մեկ ուրիշում՝ որ գողություն է տեղի ունեցել։ Իսկ ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ Գ. Ստեփանյանի կալանքի սանկցիան արդեն տվել է դատարանը եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Քաղաքում երեկ տարբեր օղակներում ավելի ու ավելի հավանական էր համարվում այն վարկածը, թե Գագիկ Ստեփանյանը, հեռու իրենից, արդեն կենդանի չէ, եւ որ այս միջադեպը հարմար առիթ է բանկի բոլոր խնդիրները նրա վրա բարդելու համար։ Դառնանք թվերին. ընդհանուր կապիտալը, ըստ նշված գնահատականների, մինուս 2 մլրդ դրամ է, եւ մասնագետները կարծում են, որ միացյալ բանկին ավելի քան 5 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ նորմատիվային դաշտ վերադառնալու համար։ «Առավոտը» տեղեկացրել է, որ բազմաթիվ ավանդատուներ այս մեկ-երկու օրվա ընթացքում հանգիստ, առանց խոչընդոտների, ժամանակից շուտ կարողացել են հետ ստանալ իրենց ավանդները։ Մասնագետները սա հակված են կապել 5,5 մլն դոլարի համակարգային վարկի հետ։ Այսինքն՝ այն ծախսվում է եւ շուտով կսպառվի։ Ցավալի է, որ հայկական բանկերի չափանիշներով գիգանտ «Արդշինբանկում» նման խնդիրներ են առաջացել։ Հուսով ենք, ներդրողներ կգտնվեն, եւ բանկը չի կործանվի՝ իր հետ տանելով թե ավանդատուների, թե մի շարք ֆիրմաների, թե պետության փողերը։ Մյուս բանկերի հետ ֆինանսական հարաբերությունների համատեքստում՝ «Արդշինբանկի» այս վիճակը իր անդրադարձն արդեն թողել է մյուս բանկերի վրա։ Ավանդների ներհոսք է նկատվել մյուս բանկերում։ Ահա այս աժիոտաժային վիճակից էլ օգտվելով HSBC բանկն էլ ավելի խստացրեց իր պահանջները։ Նախ, այս օրերին HSBC-ում ավանդ բացել ցանկացողները դժգոհում են հաճախորդների նկատմամբ վատ վերաբերմունքից։ Իսկ ԱՄՆ դոլարով ավանդային հաշիվներն այս բանկում արդեն սպասարկում են զրո տոկոսադրույքով։ Խոստովանենք, բանկն իր բիզնեսը բխեցնում է համակարգում ստեղծված վիճակից։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել