Բենզալցակայանների, օբյեկտների հայրենիքս Փաստորեն, Երեւանի փողոցներով անցնելիս, քաղաքապետը եւ ճարտարապետը նկատել են, որ բենզալցակայանների խիստ քչություն կա… Ի՞նչ անել… Չկա՝ կլինի՛… Մի քանի կենտրոնական մայրուղիներ կապույտ կտորներով ծածկված են, շինարարներ են աշխատում, ծառեր են կտրվում կամ տեղափոխվում, մայթեր են լայնացվում կամ ընդհակառակը՝ նեղացվում… Թամանյանը, հաստատ, նման «վառ» գաղափարներ ո՛չ իր նախագծերում, ո՛չ աշխատություններում, ո՛չ էլ հուշերում չի հիշատակել։ Բենզալցակայանների մասսայականացման եւ բազմացման կապակցությամբ արդարանալու հարցում Թամանյանին օգնության չեն կարող կանչել։ Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից փորձեցինք ճշտել Երեւանում եղած բենզալցակայանների ընդհանուր թիվը։ Վարչության պետ պրն Կոտոլիկյանը ասաց, որ իրենց վարչությունում նման տվյալներ չկան, սակայն ասաց, թե Երեւանի ներկայիս քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի օրոք բենզակայանների տեղադրման քանի որոշում է կայացվել։ Ըստ այդ տվյալների, բենզակայանների հատկացման երեք որոշում է կայացվել եւ երկու հողակտոր էլ (բենզակայանի համար) տրվել է մրցույթով։ Մեր այն զարմանքին, թե Երեւանը օր օրի ծաղկում է բենզակայանների առատությամբ, պրն Կոտոլիկյանը պատասխանեց, որ դրանց մեծ մասը կառուցվում է նախորդ տարիների որոշումների հիման վրա, քանի որ հատկացումից եւ թույլտվությունից հետո մոտ մեկ տարի եւ ավելի է պահանջվում նախագծի հատկացման եւ այլ աշխատանքների համար։ Իհարկե, կասկածի չենք ենթարկում պրն Կոտոլիկյանի մեկնաբանությունը եւ տեղեկատվությունը, սակայն իրականությունն այլ ենթադրությունների տեղիք է տալիս։ Ահա պատկերը։ Ս. Ս.