Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅՈՒՄ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐՆ ԵՆ «ԸՆԴՈՒՆԵԼԻ»

Մարտ 02,2002 00:00

ԿՈՌՈՒՊՑԻԱՅՈՒՄ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐՆ ԵՆ «ԸՆԴՈՒՆԵԼԻ» Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանը մինչ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի (որը համարժեք է ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալի պաշտոնին) պաշտոնին անցնելը աշխատել է ՆԳ քննչական բաժանմունքի պետ, ԱՆ զագսերի վարչության պետ։ 1996-ից Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ է։ Այս պաշտոնին նշանակման սկզբնական օրից, մամուլը արձանագրեց երկու միտում. հակվածությունը դեպի ուժային մեթոդների կիրառումը (հարկադիր կատարումն իրականացնելիս) եւ նորաստեղծ համակարգը ոստիկանական կադրերով համալրելը։ Բազմիցս է գրվել հարկադիր կատարող մարմնի խախտումների, գործարքների, օրինազանցումների մասին։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Անատոլի Ավագյանը եւ այդ համակարգի աշխատակազմն այժմ ավելի են հմտացել իրենց գործում եւ հրաժարվել են ուժային մեթոդներից։ Հիմա մեթոդներն այլ են։ Եվ այս համակարգի թերությունները հիմնականում կապված են ոչ թե օրենքի բացթողումների, այլ աշխատակիցներից ու ղեկավարների գործելաոճից։ Հաճախ հարկադիր կատարողը գործարքի մեջ է մտնում կողմերից մեկի հետ, վճիռներ կան, որոնք տարիներով քնեցվում են, չնայած իրենց իսկ մասին օրենքը սահմանել է որոշակի ժամկետներ։ Դատարանի վճռով գույքի վրա արգելանք դնելիս կամ բռնագանձելիս (թանկարժեք իրեր, կանխիկ դրամ եւ այլն) հարկադիր կատարողը կարող է եւ դա չտեսնելու տալ՝ «շնորհակալության» դիմաց։ Բազմաթիվ են բողոքները հատկապես աճուրդների կազմակերպման դեպքերում։ Օրինակ, հարկադիր կատարողը կարող է աճուրդի դրված գույքի գինը արհեստականորեն անընդհատ իջեցնել, կամ՝ «սարքել», իբր աճուրդի մասնակիցներ չեն եկել, կամ՝ եկել են մեկ-երկուսը, ընդ որում հարկադիր կատարողը նախօրոք գիտեր, թե դրանք ովքեր են եւ չեն համաձայնի առաջարկված գնի հետ ու գինը կընկնի… Արդյունքում, հանկարծ, 10.000 դոլար եւ ավելի արժողության անշարժ գույքը կարող են իրենց ցանկալի մարդուն վաճառել կեսի կես գնով։ Գույքի առուծախի հմուտ վարպետներն ամեն ձեւերի կարող են դիմել։ Եվ այդ առուծախն անում են պետության անունից։ Դատական ակտերի հարկադիր կատարման մարմնում մեծ քանակությամբ գույք է հավաքվում՝ շարժական եւ անշարժ, թանկարժեք մետաղներ, շենքեր-շինություններ եւ այլն, որոնք հարկադիր կատարողները ծախում են՝ իրենց նպատակահարմար ձեւերով։ Ինչ խոսք, օրենքով սահմանված կարգ կա, սակայն հարկադիր կատարողը ներքին կարգով կարող է պայմանավորվածություններ ձեռք բերել՝ որքան իջեցնել վաճառքի դրված գույքի գինը կամ ոչ ոք գին չբարձրացնի, նոր գին չառաջարկի, չցուցակագրել բռնագանձման ենթակա որոշ իրեր, թաքցնել, եթե պարտապանն ինչ-որ բան առաջարկի իրենց։ Ըստ օրենքի՝ բռնագանձումը, հարկադիր կատարումը պետք է իրականացվի փորձագետի միջոցով, որը մեզանում չի արվում։ Ամեն ինչ կախված է հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի եւ նրա աշխատակիցների կամքից։ Եվ հարկադիր կատարողն ինքն էլ է երբեմն աճուրդի դրված գույքը ձեռք բերում՝ գինը գցելով եւ որեւէ բարեկամի կամ ծանոթի միջոցով։ Այլ կերպ ասած՝ դատարանի վճիռը ձեռքներին՝ վարվում են, ինչպես իրենց է ձեռնտու եւ կատարողական վարույթի սկզբից մինչեւ վերջ կարող են նման քայլերի դիմել։ Եվ ամենազավեշտալին՝ պետության անունից ու օրենքի աչքից հեռու։ Առաջին լուսանկարում պատկերված է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Անատոլի Ավագյանի Պտղնիի տուն-ամառանոցը՝ բլրի վրա։ Ա. Ավագյանն այս տարածքը ձեռք է բերել 1980-90թթ. ընթացքում եւ մինչ նոր ժամանակները՝ կամաց-կամաց կառուցապատեց-ավարտեց։ Բլրի ներքեւում, ճանապարհին է գտնվում «Օազիս» հյուրատուն-ռեստորանային հսկա համալիրը, որը մեր տեղեկություններով՝ սկզբում ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանինն էր, որը հետագայում գնեց Անատոլի Ավագյանը։ Մեկ այլ աղբյուրի հավաստմամբ, Անատոլի Ավագյանը «Օազիսի» մեծ բաժնեմասի տերն է։ Եվ այսքանով չեն ավարտվում ո՛չ պատմությունը, ո՛չ սեփական «գրավյալ» տարածքները։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել