ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ. Ո՞Վ, ԻՆՉՔԱ՞Ն Ըստ ԱՄՆ-ում լույս ընծայվող «Համաշխարհային ալմանախ-2002» տեղեկատուի Պատերազմները չարիք են մարդկության համար։ Ինչպես խուսափել այդ արհավիրքից հարցը ամենուր մտահոգիչ է եւ կարծես առայժմ լիարժեք պատասխան չի գտնում։ Քաղաքագետներից ոմանք հարցի հանգուցալուծումը տեսնում են, ինչքան էլ դա տարօրինակ հնչի… ի հաշիվ առանձին վերցրած յուրաքանչյուր երկրի ռազմական հզորացման։ Որ երկու հզորների բախումը անմիտ գաղափար է, կարծես ապացուցվեց ԽՍՀՄ- ԱՄՆ հակամարտության տարիներին. ոչ կորեական ու վիետնամական պատերազմները, ոչ հունգարական ու չեխական իրադարձությունները գերտերությունների համար իրենց ուժերը փորձելու առիթ չդարձան։ ԱՄՆ-ի իշխանական վերնախավը չարիքի իշխանությունը կործանելու այլ միջոցներ ընտրեց, որոնցից գլխավորը Ջ. Քենեդիի նախագահության տարիներին սկսված գործընթացն էր։ 1945-ին ԱՄՆ բանակը մոտ 14 մլն անձնակազմ ուներ, 1950-ին՝ 1,8 մլն։ Երբ սկսվեցին ռազմական ծախսերի ավելացումները, 1960-ին բանակն ուներ 2,5 մլն թվաքանակ, 1970-ին՝ 3 մլն։ Նույնը ստիպված էր անել ԽՍՀՄ-ը։ Բայց այնքանով, որքանով հյուսիսամերիկացիների հզոր տնտեսությունը ի վիճակի էր դիմանալ ռազմական ծախսերի աննախադեպ աճին, իսկ ԽՍՀՄ մշտապես հոգսաշատ տնտեսությունը՝ ոչ, մի ինչ-որ շրջան անց հանգուցալուծումը իրողություն էր դառնալու։ Անշուշտ, դժվար է այս գործընթացում բծախնդիր հիմնավորումներ ներկայացնել, սակայն դժվար չէ եզրակացնել, որ ԽՍՀՄ փլուզումը պայմանավորվեց նաեւ տնտեսության հիմնական մասի ռազմականացմամբ։ Ջ. Քենեդուն իրոք հաջողվեց համոզել իր երկրի բնակչությանն ու Կոնգրեսին՝ կրճատումների փոխարեն ավելացնել ռազմական ծախսերը, եւ հավանության արժանացած գաղափարը իրականացվեց։ Նախագահի սպանությունն անգամ չխոչընդոտեց այս գործընթացին։ Անշուշտ, ռազմագետների խնդիրն է տալ այն հարցի սպառիչ պատասխանը, թե ինչը հիմք հանդիսացավ, որ ԽՍՀՄ ղեկավարները ցանկություն հայտնեցին 1970- ականներին նստելու ռազմական ծախսերը սանձելու նպատակով վարվող բանակցությունների սեղանին։ Այս շրջանում արդեն խորհրդային մարդկանց մեջ գերակշռող չէր իրենց երկրի գերազանցության հանդեպ հավատը։ Պլանային համակարգի բերած պարտադրանքներն էլ իրենց հերթին խոչընդոտեցին երկրի սպասվող զարգացումը եւ 80-ականներին արդեն սկսվեցին լճացման մասին ակնարկներն ու հիմնավորումները։ Անգամ կրճատումների արդյունքում մնացած 2,5 մլն թվաքանակով բանակ պահելը հեշտ խնդիր չէր ԽՍՀՄ-ի համար, այն դեպքում, երբ երկրի բնակչության թվով էապես չտարբերվող եւ ագրեսոր հռչակվող ԱՄՆ բանակը մոտ 2 մլն անձնակազմ ուներ։ 2000-ին այն կազմել է 1,3 մլն, մեկ զինվորի հաշվով տարեկան ծախսը՝ $200 հազ.։ Ռուսաստանում այն $29 հազ. է։ Քաղաքակիրթ Եվրոպա Ինչպիսին է պատկերը երկրագնդի այս հատվածում։ Թերեւս արժե ծանոթանալ համաշխարհային 2 պատերազմներ սկսած Գերմանիայի բանակի վիճակագրությանը։ 2000-ին երկիրն ուներ 333 հազար թվակազմով բանակ, կամ 250 բնակչից զինվորական ծառայության էր մեկ մարդ։ Ռազմական ծախսերին հատկացվել է 23 մլրդ դոլար, որը կազմում է բյուջեի 2,3%-ը։ Փաստորեն, մեկ զինվորի հաշվով տարեկան ծախսը կազմել է $ 70հազ.։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, Եվրոպայի ամենառազմական երկրներից մեկը թերեւս արվեստների կենտրոն Ֆրանսիան է։ 2000-ին երկիրն ուներ 317 հազար կազմով բանակ, կամ զինծառայության էր յուրաքանչյուր 200-րդ ֆրանսիացին։ 27 մլրդ դոլար ռազմական ծախսերը կազմում էին երկրի բյուջեի 10%-ից մի փոքր ավելին։ Խաղաղության մարմնացում չեն Եվրոպայի հաջորդ խոշոր պետություններ Իտալիան եւ Մեծ Բրիտանիան, ուր բանակ են զորակոչվում համապատասխանաբար 220 եւ 280 բնակիչներից մեկական անձինք. առաջինը ծախսում է բյուջեի 6%-ը, երկրորդը՝ 7%-ը, մեկ զինվորի հաշվով համապատասխանաբար 80 հազ. եւ $160 հազ.։ Գերտերություններից հետո ծանոթանանք բնակչության թվակազմով փոքր երկրների ռազմական ծախսերին։ Դանիացիներն ու շվեդները ծախսում են բյուջեի մոտ 3%-ը, ֆինները՝ 2,6%-ը։ Արեւմտյան Եվրոպայի երկրներից եւ ոչ մեկում բանակ պահելու խնդիր չկա, քանզի ամենուր առկա է բյուջեի ավելցուկը։ Ֆինները մեկ զինվորի հաշվով տարեկան ծախսում են $50 հազ., շվեդները՝ $90 հազ., դանիացիները՝ $100 հազար։ Դե, Եվրոպան Եվրոպա է մնում, կմտածեն ոմանք, մի պահ մոռանալով, որ համաշխարհային 2 պատերազմներն էլ սկսվել ու տեղի են ունեցել հիմնականում այս տարածաշրջանում։ Ինչ իմանաս. գուցե նրանք դաս են քաղել իրենց իսկ պատմությունից ու որոշել են սրերը հավերժ պատյանները դնել։ Ցավոք, այդպես չեն մտածում քաղաքակրթության օրրան համարվող մի այլ տարածաշրջանում։ Մերձավոր Արեւելք. վառոդառատ տարածք Այստեղ ռազմական առումով առաջատարները Իրաքն ու Սիրիան են, բանակների 429 հազ. եւ 316 հազ. թվակազմերով։ Թե մեկում, թե մյուսում զինծառայություն է կրում յուրաքանչյուր 55 բնակչից մեկը, որը, թերեւս, չի նկատվում աշխարհի ոչ մի պետությունում, բացառությամբ նրանց երդվյալ հակառակորդ Իսրայելի։ ՄԱԿ-ի ճնշումներին ենթարկվող Իրաքը խիստ սահմանափակ հնարավորություն ունի բանակի պահպանման խնդրում, իսկ ահա Սիրիան ծախսում է իր ոչ մեծ բյուջեի ամբողջ 27%-ը, մեկ զինվորի հաշվով տարեկան $6 հազ.։ Արդեն հիշատակված Իսրայելում, որի բնակչությունը 6 մլն է, պարտադիր զինծառայություն են անցնում երկրի երկսեռ 35 քաղաքացիներից յուրաքանչյուր մեկը։ Հարեւանների հետ էական տարբերությունն այն է, որ այստեղ մեկ զինվորի հաշվով տարեկան ծախը կազմում է $40 հազ.։ Ահա ինչի հաշվին է փոքրիկ այս երկիրը դիմակայում իր ախոյանների սպառնալիքներին ու հարձակումներին։ Տարածաշրջանում մեկ բնակչի հաշվով ամենաբարձր համախառն ներքին արդյունք ապահովող երկիրը ($18.300) իրեն թույլ է տալիս նման ծախսեր կատարել եւ միաժամանակ սոցիալական բավարար պայմաններ ապահովել իր քաղաքացիների համար։ Իրաքում այս ցուցանիշը հազիվ $2.700 է, Սիրիայում՝ $2500։ Հնդկա-պակիստանյան հակամարտություն Թվում է, միջուկային զենքին տիրապետող այս երկրները պետք է առավելագույնս հեռու մնան պատերազմելու մասին մտածելուց։ Դիտարկելով ռազմական վիճակագրությունը, առաջին պահի կարելի է այս կարծիքին հանգել. Հնդկաստանում բանակ է զորակոչվում յուրաքանչյուր 800-րդ քաղաքացին, Պակիստանում՝ 200-րդը։ Բայց թե՛ մեկում, թե՛ մյուսում ռազմական նախարարություններին է հատկացվում երկրի ոչ հարուստ բյուջեների մոտ 25%-ը։ Մեկ բնակչի հաշվով տարեկան 1800 եւ $2000 համախառն ներքին արդյունք ապահովող Հնդկաստանն ու Պակիստանը մեկ զինվորի հաշվով էապես տարբեր ծախսեր են կատարում. առաջինում այն $12.000 է, երկրորդում՝ $5.400։ Նրանց մոտակա հարեւան Չինաստանում բանակ զորակոչվում է յուրաքանչյուր 400-րդ բնակիչը, որի պահպանման տարեկան ծախսը $6.000 է։ Հարեւաններ. բարյացակամ ու… 2000թ. Թուրքիան եւ Իրանը ունեին 66-ական մլն բնակչություն, համապատասխանաբար 7,7 եւ 7,5 մլրդ դոլար ռազմական ծախս, 610 եւ 513 հազար թվակազմով բանակներ։ Առաջինում բանակ է զորակոչվել 110 բնակչից 1-ը, երկրորդում՝ 130-րդ բնակիչը։ Թուրքական բանակում 1 զինվորի հաշվով ծախսվել է $12 հազ., Իրանում՝ $15 հազ.։ Հայ ընթերցողը կնկատի, որ ՀՀ իրական ՀՆԱ-ն էապես տարբերվում է ներկայացվողից։ Թե ինչ տարբերություններ կան մյուս երկրների վիճակագրություններում, դժվար է ասել։ Այսուհանդերձ, նշված թվերն էլ ինչ-որ հետաքրքրություն ներկայացնում են։ Թե ինչպիսին է ռազմական ոլորտում իրական պատկերը, ֆինանսական ինչ եղանակներով է այն սնուցվում, հարցի այլ կողմն է։ Մեզ լիովին բավարարում է ՀՀ պաշտպանության նախարարության հստակ գնահատականը՝ տարածաշրջանի հայությանը պաշտպանելու համար բավարար։ Այսօր մեզ դա է պետք։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ