ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ Հայկական, վրացական եւ ադրբեջանական գործոնները Կովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումներում: «Ռեգիոնը» ներկայացնում է հայացքներ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից: Հայացք` Հայաստանից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, չճանաչված մի շարք պետությունների անկախության առաջին իսկ տարիներից ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ձգտում էին Հարավային Կովկասը դիտարկել որպես աշխարհաքաղաքական մի միասնական տարածաշրջան: Քաղաքական գործընթացների եւ ընդհանրապես ողջ տարածաշրջանի կառավարելիությունն ապահովելու համար այստեղ անվտանգության խնդիրները պետք է լուծվեին համակարգված կերպով, որոշակի ստանդարտների շրջանակներում: Հետագայում Եվրոպական համագործակցությունը, որի առաջատար պետությունները ձգտում էին որոշարկել Հարավային Կովկասում իրենց հենարան պետություններին ու ազդեցության գոտիները, նույնպես փորձում էին կիրառել կառավարման եւ անվտանգության խնդրի լուծման ունիվերսալ մեթոդներ: Թուրքիան եւ Իրանը չունեին անհրաժեշտ քաղաքական ռեսուրսները, համապատասխան քաղաքական մենթալիտետը, ինչպես նաեւ շահագրգիռ չէին Հարավային Կովկասում վարելու ունիվերսալացման քաղաքականություն: Տարածաշրջան, որի ժողովուրդների եւ պետությունների հետ ունեին հին եւ դժվար հաղթահարելի խնդիրներ: Սակայն եւ Արեւմտյան տերությունները, եւ Ռուսաստանը, եւ տարածաշրջանի հարավային հարեւանները շահագրգռված էին Հարավային Կովկասի, որպես աշխարհաքաղաքական միասնական տարածքի, պահպանման մեջ, քանի որ հասկանում էին` այս ոչ մեծ, բայց կարեւոր տարածաշրջանի «քաղաքական» պառակտումը կստեղծի լուրջ խնդիրներ իրենց համար: Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը ձգտում էին ինտեգրվել քաղաքական, տնտեսական եւ ռազմական կազմակերպություններին, քանի որ դա նպաստում էր նրանց ինքնիշխանության ամրապնդմանը: Սակայն, եթե Վրաստանը եւ Ադրբեջանը շահագրգռված էին ունիվերսալացման մոտեցումներով (դրանք նախատեսում էին «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունքը), ապա Հայաստանը, որի որպես ժամանակակից պետության ծագումը կապված է Հայրենիքի միավորման գաղափարի հետ, փորձում էր հաստատել պատմական եւ քաղաքական իրավիճակից բխող մոտեցումներ: Դրա հետ մեկտեղ Հայաստանը կարողացավ բավական հաջող կերպով ինտեգրվել միջազգային կառույցներին: Ավելին, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, որոնք հիմնականում ընտրել էին արեւմտյան քաղաքական ուղղվածությունը, Հայաստանը վարում էր իր խաղը. ակտիվորեն մասնակցելով քաղաքական եւ աշխարհաքաղաքական ծրագրերին` բացի Արեւմուտքին մերձենալուց կարողացավ հաստատել բավական սերտ կապեր Իրանի, Չինաստանի, արաբական պետությունների հետ: Եվրասիական Կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին մասնակցությունը եւ Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական միությունը նպաստում են ոչ միայն Հայաստանի անվտանգությանը, այլեւ ողջ Հարավային Կովկասի կայունությանը: Հաշվի առնելով, որ 1,6 մլն-ից ավելի հայեր ԱՄՆ օրինապահ եւ լոյալ քաղաքացիներ են եւ, որ ամերիկյան հայ համայնքի գործունեությունից մեծապես կախված է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական բարգավաճումը, հայկական ցանկացած կառավարություն ձգտելու է հաստատել գործընկերային հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Սակայն սա առայժմ խնդրահարույց բան է հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերությունների պատճառով: Ոչ Ռուսաստանին, ոչ արեւմտյան հանրությանը չհաջողվեց Հարավային Կովկասը բերել «միատարր» վիճակի, ինչը բացարձակապես հնարավոր էլ չէր անել: Չկարողացավ դա անել նաեւ ԱՄՆ-ն, որը «հիասթափվել է» ԵԱՀԿ եւ Եվրոպական համագործակցության քաղաքականությունից եւ փորձում է դառնալ հարավային Կովկասում տեղի ունեցող առանց բացառության բոլոր քաղաքական գործընթացների «լոկոմոտիվը»: Ջ. Բուշի վարչակազմը քաղաքական նոր ոճ առաջարկեց նախեւառաջ տարածաշրջանների հետ հարաբերություններում: Բ. Քլինթոնի վարչակազմը փորձում էր ձեւավորել խաղաղ գոյակցությունն ապահովող տարածաշրջանային հարաբերությունների համակարգեր: Այժմ Հանրապետական կուսակցության աջ թեւի եւ Ջ. Բուշի թիմի ռեալիստները շահագրգռված են ոչ թե կոնֆլիկտների քաղաքական-գաղափարախոսական մեկնաբանություններով, այլ ԱՄՆ աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար պահանջվող ռեալ անվտանգության ապահովմամբ: Սա ցայտուն կերպով երեւաց պաղեստինյան խնդրի օրինակից եւ ղարաբաղյան կարգավորման փորձերի այն փուլի ձախողումից, որ պայմանականորեն կարելի է անվանել «Քի Վեսթ»: Ամերիկացիներն ունեին հնարավորություն եւ բավական ժամանակ ղարաբաղյան խնդիրը վերլուծելու համար եւ համոզված են, որ այն խոչընդոտ չէ, ռեալ վտանգ չի ստեղծում էներգո-հաղորդակցական ծրագրերի իրականացման համար: ԼՂՀ քաղաքական ղեկավարությունն ունի մշտական հարաբերություններ ամերիկյան, ռուսաստանյան, իրանական եւ եվրոպական քաղաքական գործիչների հետ, իսկ ԱՄՆ-ն ԼՂՀ-ին տրամադրում է ամենամյա կառավարական օգնություն: Հարավային Կովկասն ակտիվորեն ներքաշվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ ռազմա-քաղաքական ալյանսների ձեւավորման գործընթացների մեջ, ինչը տեսանելի ապագայում դառնալու է այս տարածաշրջանի գլխավոր բնորոշիչը: Առայժմ հակասություններն ու առճակատումը տարածաշրջանում եւ աշխարհում այնքան մեծ են, որ ալյանսների (ընդ որում անհավանական ալյանսների) ստեղծման գործընթացները կանգնեցնել չի հաջողվի: «Փոքր» եւ «միջին» պետությունները բոլորից շատ են շահագրգռված նման «խմբավորումներով»: Եթե առաջ անկառավարելիությունը չսաստկացնելու նպատակով ԱՄՆ-ն փորձում էր թույլ չտալ ալյանսների ձեւավորումը «Մեծ Մերձավոր Արեւելքի» տարածաշրջանում, ապա այսօր դրական է գնահատում իր տարբեր շեղումներով (Հորդանան, Վրաստան, Ադրբեջան) «Իսրայել-Թուրքիա» առանցքային ալյանսի ստեղծումը: ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների Իրաքի դեմ սպասվող գործողությունը կարող է հանգեցնել բավական անսպասելի հետեւանքների. Իրաքի նոր ռեժիմը կնպաստի Հունաստանի հետ համագործակցող Իրան-Իրաք-Սիրիա ալյանսի ձեւավորմանը: Կասկած չկա, որ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում կպահպանվի: Դեպի Կենտրոնական Ասիա աշխարհաքաղաքական թռիչքը կրկնելու Թուրքիայի «պատրաստակամությունը» դարձյալ արդյունք չի տա, ինչի հետեւանքով կվերանայվեն ԱՄՆ քաղաքականության որոշ ուղղությունները: Չնայած Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ծրագրերը գլոբալ են թվում, իրականում այս երկրի քաղաքականությունը կրում է իրադարձային բնույթ: Հարկ է նշել, որ 1999 թվականից սկսած եւ ընդհուպ մինչեւ «սեպտեմբերի 11»-ը ԱՄՆ-ը մտադրվել էր հեռանալ Կենտրոնական Ասիայից, իջեցնել տարածաշրջանի անվտանգության համար իր պատասխանատվության մակարդակը: ԱՄՆ-ն պատրաստ էր նման որոշում կայացնել նաեւ Հարավային Կովկասի առումով: Աշխարհում տիրող էներգետիկ եւ քաղաքական իրավիճակը, ԱՄՆ-ում տարբեր քաղաքական խմբավորումների միջեւ ընթացող պայքարը հանգեցրին առաջնահերթությունները վերագնահատելուն եւ արտաքին քաղաքականությունը վերանայելուն: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն մտադիր չէ ներգրավվել տարածաշրջանային «հավելյալ» խնդիրների մեջ եւ ձեռք բերել նոր թշնամիներ: Հակառակը, ԱՄՆ-ն, օրինակ, ձգտում է նորմալացնել հարաբերությունները Իրանի հետ, եւ այդ դեպքում տարածաշրջանային ռազմավարական «հանգույցում» ակնհայտորեն կնվազի Թուրքիայի դերը: ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները մեծապես կախված են այն բանից՝ կստանա՞ն արդյոք ռուս-ամերիկյան հարաբերությունները նոր բովանդակություն: ԱՄՆ նավթային եւ ներդրումային ընկերությունները, մասամբ նաեւ` զինվորականները եւ ռազմաարդյունաբերական համալիրը հետաքրքրված են ռուս-ամերիկյան համագործակցության վերանայմամբ: Դրանով շահագրգռված են նաեւ այնպիսի պետությունները, ինչպիսին, օրինակ, Մեծ Բրիտանիան է: Սա չափազանց կարեւոր է, եթե հաշվի առնենք , որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը (հատկապես ԱՄՆ Հարավում իշխանության քաղաքական կենտրոնը) համարվում է Մեծ Բրիտանիայի կոնսերվատիվ վերնախավի ավանդական գործընկերը: Հայաստանում կան հասարակական եւ քաղաքական խմբավորումներ, որոնք կարծում են, թե հայ-թուրքական հարաբերությունների շեշտակի նորմալացման արդյունքում կբարելավվի Հայաստանի տնտեսական իրավիճակը եւ տվյալ խմբավորումները քաղաքական հաջողություններ կունենան: Սակայն Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումով ակնհայտորեն շահագրգռված չէ. հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունները որպես իր անվտանգությունը սասանող փաստարկ ներկայացնելը կարեւոր է ամերիկյան օգնություն ստանալու համար: Աստիճանաբար տրանսֆորմացվելով՝ հայկական քաղաքական գործոնը դարձել է տարածաշրջանային կարեւոր բաղկացուցիչը: «Մեծ Մերձավոր Արեւելքում» հասունանում է երկարատեւ առճակատման մի փուլ, որի մեջ ընդգրկված են բոլոր աշխարհաքաղաքական «բեւեռները»: Հայաստանը խնդիր ունի ապացուցելու տարածաշրջանային սուբյեկտ լինելու իր իրավունքը, բայց արդեն ոչ թե Հարավային Կովկասի շրջանակներում, այլ ավելի մեծ տարածքներում: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ Տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ, «Ռեգիոն» կենտրոն Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցության www.hetq.am/russian/region էջում: