Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՌՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 02,2002 00:00

«ԳԱՌՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ» Քաղաքակիրթ ժողովուրդների, պետությունների զարգացման գործընթացում եկեղեցիները ունեցել են եւ ունեն մեծ նշանակություն: Կախված պատմական ժամանակահատվածից, նրանց դերը երբեմն նվազել է, երբեմն լիազորություններով գերազանցել պետությանը, երբեմն ունեցել է բացասական երանգ, սակայն միշտ մնացել է էական՝ օգտագործված եւ չօգտագործված հնարավորություններով: Այսօր այնպիսի տպավորություն է, որ եվրոպական եկեղեցին՝ ի դեմս Հռոմի պապի, գիտակցում եւ իրականացնում է XXI դարում եկեղեցու, կրոնի դերի վերաիմաստավորման եւ նոր կերպարի հաստատման գործընթացը: Թե՛ Ասիայում, թե՛ Եվրոպայում եկեղեցին լուրջ հնարավորություններ ունի հանրային գիտակցության, հասարակության բարոյական նորմերի, փոխհարաբերությունների, արժեքների ձեւավորման, հետեւաբար նաեւ հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացների վրա ազդելու համար: Ի տարբերություն մեր տասնամյա պետության, Հայ առաքելական եկեղեցին ունի ավանդույթներ, որոնց ժամանակը չափվում է դարերով: Հայոց պետականության բացակայության ժամանակաշրջանում, երբ Եվրոպայում եկեղեցին ինկվիզիցիայի միջոցով պայքարում էր լուսավորության, գիտության դեմ, մեր եկեղեցին դարձել էր գիտության, արվեստի, ազգի մշակութային վերարտադրության թերեւս միակ լուրջ ինստիտուտը: Այդ դերն անգնահատելի է: Հայաստանի անկախության հռչակումից հետո, բնականաբար, փոխվեցին այն խնդիրները, որոնց դարեր շարունակ հետամուտ էր եկեղեցին: Եկեղեցու լիազորությունների մի մասը (ազգապահպանում, մշակութային քաղաքականություն, ավանդույթների ձեւավորում) իր ուսերին վերցրեց պետությունը: Սակայն նորաստեղծ պետության մեջ լինելով բավականին կայացած եւ ֆինանսական ապահով ինստիտուտ՝ եկեղեցին պահպանեց եւ պահպանում է իր էական նշանակությունը: Այլ հարց է, թե Հայ առաքելական եկեղեցուն որքանով է հաջողվում անկախ պետականության պայմաններում եւ ներկայիս պրոբլեմների լաբիրինթոսում ձեւակերպել եւ լուծել իր խնդիրները: Եկեղեցին յուրօրինակ ինստիտուտ է. չունենալով իշխանական լծակներ եւ քաղաքական գործընթացի վրա ուղղակի ազդեցության հնարավորություն, այն պետության եւ հանրության կողմից ընդունված բնական իրավունքի վերապահմամբ մեծ լիազորություններ ունի՝ ներգործելու հասարակության բարոյական նորմերի, ավանդույթների, փոխհարաբերությունների, հոգեբանական կերպարի ուրվագծման վրա: Տասը տարիների ընթացքում եղան բազմաթիվ մեծ եւ փոքր հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային իրադարձություններ, որոնք իրենց հիմքում բարոյական ընտրության ներկապնակի էին, հանրությունը չունենալով ձեւավորված եւ ունակ հոգեւոր էլիտա՝ ժամանակի հարցադրումներին պատասխանելու կարող, վստահելի ինստիտուտի անհրաժեշտություն ուներ: Մի դերակատարում, որ մեր եկեղեցին պարտավոր էր արժեւորել եւ ունակ էր ստանձնել, եթե իրեն վերագտներ հանրությանը հուզող խնդիրների ծիրում: Սակայն Հայ առաքելական եկեղեցին, բացի իր պրոցեդուրային պարտավորությունները կատարելուց, հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային խորքային գործընթացներին աղերսներ չունեցավ: Հանրային կյանքում մեր եկեղեցին ամենից շատ հիշատակվեց եկեղեցաշինության եւ աղանդների դեմ պայքարի անհրաժեշտության պարագաներում: 1914 թվականին Վահան Տերյանը իր «Հոգեւոր Հայաստան» հոդվածում գրում էր. «Հայ բուրժուան առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելուն, առանց երբեւիցե մտածելու, թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա»: «Շենքային հայրենասիրությունը» այսօր մեր եկեղեցին վերաձեւակերպել է «շենքային հավատի եւ բարոյականության»: Ֆրանսիացի փիլիսոփա Ալբեր Քամյուն պնդում էր, որ կյանքը աբսուրդ է, դժվար է համաձայնել այս թեզի հետ, եթե հավատում ես Աստծուն: Սակայն կոմունիզմի (աթեիզմի) փլուզումից եւ եկեղեցու դերի վերականգնումից անցել է տասը տարի, կառուցվել եւ վերանորոգվել են տասնյակ եկեղեցիներ, բազում եկեղեցական եւ աշխարհիկ միջոցառումներով տոնվել է քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակը, եկեղեցու դերը կարեւորել եւ Հայաստան են ժամանել համաշխարհային եկեղեցիների հովվապետերը, բայց արդյո՞ք մենք առավել ոգեղեն, առավել բարոյական ենք դարձել… Աղանդների պարագայում եկեղեցին մերթընդմերթ մեղադրական շեշտադրումներ է հղում պետությանը՝ պահանջելով օրենքներով եւ այլ վարչական մեթոդներով սահմանափակել վերջիններիս աճող ազդեցությունը: Աղանդը գաղափար է, գաղափարի դեմ մահակով չեն պայքարում (թերեւս` միջնադարում), դա միշտ հղի է հակադարձ էֆեկտի հնարավորությամբ, մանավանդ, երբ պետությունը եւ իշխանությունները հանրության մեջ շատ մեծ վստահություն եւ սեր չեն վայելում: Իսկ գաղափարի դեմ պայքարում են գաղափարով, մի բան, որի համար եկեղեցին բավարար ֆինանսական միջոցներ, քաղաքացիական եւ պետական աջակցություն միշտ կարող է գտնել: Պարզապես եկեղեցին, նրա վերնախավը, բացի էլիտարից, պետք է լինի նաեւ հանրային, փորձի զգալ, ձեւավորել եւ բավարարել ժողովրդի հոգեւոր պահանջները, դուրս գա իր պատերից: Միայն այդ եղանակով այն կարող է պոզիտիվ ազդել ապաբարոյականությանը, կվազիպրագմատիզմի հետ շփոթած օրվա իշխանությունների եւ ընդհանուր առմամբ քաղաքական էլիտայի վրա: Մյուս կողմից, եկեղեցին այն քիչ, ապրիորի ապաքաղաքական կառույցներից է, որ ոչ միայն ներհայաստանյան է, այլեւ կրում է համահայկական բնույթ՝ սփյուռքահայ գաղթօջախների թեմական ընդգրկուն ցանցով: Եվ կաշկանդված չլինելով քաղաքական-կուսակցական հրամայականներով, բավարար գիտակցության եւ կամքի պայմաններում կարող է դրական կոնսենսուսի բերել սփյուռքահայության եւ Հայաստանի քաղաքացիների աշխարհընկալումները, մի բան, որ այդքան չարչրկված «ազգային միասնության» բուն էությունն է, եւ որը, ցավոք, ավանդական կուսակցություններին առայժմ չի հաջողվում: Ավելին, եկեղեցին շատ անգամ կրելով այդ կուսակցությունների ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը, կամա-ակամա նպաստում է Փարիզում, Աթենքում, Լոս Անջելեսում, Բուենոս-Այրեսում ապրող հայերի՝ Հայաստանի վերաբերյալ պատկերացումների, ցանկությունների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց օրվա եւ ապագայի պատկերացումների տարբերությունների խորացմանն ու լուռ բախմանը: Իսկ այժմ եկեղեցին եւ հանրությունը ապրում են զուգահեռ աշխարհներում, որոնք երբեմն հատվում են ավանդական արարողակարգերով: Ակնհայտ է, Հայ առաքելական եկեղեցին անկախ պետականության պայմաններում պետք է անցնի վերաիմաստավորման, վերաարժեւորման, արժանի դերի վերահաստատման դժվարին ճանապարհը, որի առանցքը պետք է լինի հանրային օրգանիզմի առողջացումը, հոգեւոր աժեքների վերահաստատումը, մի բան, որ ստորադասվել է «սոցիալական ծանր վիճակի» թելադրած նիհիլիզմին: ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆՀՔԴՄ «Ալիք» հասարակական-քաղաքական կենտրոն P.S. Այնուամենայնիվ, Հայ առաքելական եկեղեցին եւ հոգեւոր էլիտան՝ մտավորականները, իրարից տարբերվում են: Եթե վերջիններս իրենց մակերեսայնությունը, ժամանակից եւ հանրությունից կտրված լինելը, հարմարվողականությունը, նախաձեռնություններից զուրկ լինելը մի կերպ բացատրում են «փող չլինելու» հանգամանքով, ապա եկեղեցին լռում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել